Armenian      
Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.12.2022
Հոդված 1.   «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին եւ 2.2-րդ մասերով.

«2.1. Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացն իրականացնելու՝ սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված նվազագույն անհրաժեշտ կրեդիտների ապահովման ժամանակահատվածում պահպանվում են բուժաշխատողի՝ պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով սահմանված աշխատատեղը, ինչպես նաեւ  յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար` առնվազն 10 օրվա հիմնական աշխատավարձը, իսկ նշված ժամկետը գերազանցող օրերի համար աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գործատուի եւ բուժաշխատողի փոխադարձ համաձայնությամբ:

Շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտների ապահովման գործընթացին մասնակցելու սկիզբը  արձանագրվում է բուժաշխատողի՝ գործատուին ներկայացրած դիմումի համաձայն, իսկ ավարտը՝ նրա ստացած շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2.2. Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացն իրականացնելու հնգամյա շրջափուլի ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային տարում առնվազն 10 օրվա աշխատավարձի պահպանման իրավունքը տրամադրվում է միայն տվյալ աշխատանքային տարում եւ չիրացվելու դեպքում չի տեղափոխվում հաջորդ աշխատանքային տարիներ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

21.12.2022
Երեւան
ՀՕ-516-Ն