Armenian      
Հողային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.12.2022

Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 61-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 61. Պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողամասերի (այդ թվում` կառուցապատված) մասնավորեցումն ու օտարումն իրականացնող լիազոր մարմինները

1. Պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողամասերի (այդ թվում` կառուցապատված) մասնավորեցումն ու օտարումն իրականացնում են`

1) համայնքների վարչական սահմաններում` համայնքների ղեկավարները, բացառությամբ սույն մասի 2-րդ կետում նշված դեպքերի.

2) իրավաբանական անձանց մասնավորեցման (սեփականաշնորհման), կառուցապատված հողամասերի (այդ թվում` կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքով առանձնացված` չկառուցապատված հողամասերի), ինչպես նաեւ պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) եւ օտարման առաջարկվող պետական հողամասերի դեպքերում` պետական գույքի կառավարման լիազոր մարմինը` «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» եւ «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն օրենսգրքով, մասնավորեցման եւ օտարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 1-ին մասում «հողամասերն» բառը փոխարինել  «հողամասերը, բացառությամբ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերի,» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասը «ղեկավարն է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերի» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

23.12.2022
Երեւան
ՀՕ-519-Ն