ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 37-րդ հոդվածում՝
1) 7-րդ մասի «169.28-րդ հոդվածով» բառերը փոխարինել «169.28-րդ եւ 169.31-րդ հոդվածներով» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.
«7.1 Սույն օրենսգրքի 166.1-ին հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելուց հետո` երեք տարվա ընթացքում:»:
Հոդված 2. Օրենսգրքի 166.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 166.1. Նվերներ ընդունելու կամ հաշվառելու սահմանված կարգը խախտելը
1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից իր պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով թույլատրելի չհամարվող նվերներ ընդունելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով` նվեր ստացված առարկայի բռնագրավմամբ, կամ նվեր ստացված առարկայի բռնագրավման անհնարինության դեպքում` տուգանքի նշանակում նվերի՝ ընդունման պահին գործող արժեքի հնգապատիկի չափով:
2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից իր ընտանիքի անդամների կամ իր հետ փոխկապակցված անձանց կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված նվերների ստացման մասին դիտավորությամբ չհայտնելը կամ սահմանված կարգի խախտմամբ հայտնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով` նվեր ստացված առարկայի բռնագրավմամբ, կամ նվեր ստացված առարկայի բռնագրավման անհնարինության դեպքում` տուգանքի նշանակում նվերի՝ ընդունման պահին գործող արժեքի հնգապատիկի չափով:
3. Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված նվերները չհաշվառելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով` նվեր ստացված առարկայի բռնագրավմամբ, կամ նվեր ստացված առարկայի բռնագրավման անհնարինության դեպքում` տուգանքի նշանակում նվերի՝ ընդունման պահին գործող արժեքի եռապատիկի չափով:
4. Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված նվերները սահմանված ժամկետների կամ կարգի խախտմամբ հաշվառելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ երկուհարյուրհիսնապատիկի չափով` նվեր ստացված առարկայի բռնագրավմամբ, կամ նվեր ստացված առարկայի բռնագրավման անհնարինության դեպքում` տուգանքի նշանակում նվերի՝ ընդունման պահին գործող արժեքի կրկնապատիկի չափով?»:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 169.31-րդ հոդվածով.
«Հոդված 169.31. Շահերի բախման վերաբերյալ կարգավորումները խախտելը
1. Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից շահերի բախման իրավիճակի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն չներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
2. Նախքան շահերի բախման հանգամանքների վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկությունն ստանալը վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից շահերի բախման իրավիճակում գործողություն (անգործություն) կատարելը կամ որոշում ընդունելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
3. Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից շահերի բախման իրավիճակի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած առաջարկությանն առերեւույթ հակասող գործողություն (անգործություն) կատարելը կամ որոշում ընդունելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 223-րդ հոդվածի առաջին պարբերության 1-ին կետում «147,» թվից հետո հանել «166.1,» թիվը:
Հոդված 5. Օրենսգրքի 244.17-րդ հոդվածի 1-ին մասը «Սույն օրենսգրքի» բառերից հետո լրացնել «166.1-ին,» բառով, իսկ «169.28-րդ,» բառից հետո՝ «169.31-րդ,» բառով?
Հոդված 6. Օրենսգրքի 254-րդ հոդվածի առաջին պարբերության 2-րդ կետում «40.12» թվից հետո հանել «, 166.1» թիվը:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
23.12.2022
Երեւան
ՀՕ-542-Ն