ՕՐԵՆՔԸ
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Սնանկության դատարանը վերադարձնում է սնանկության վարույթի շրջանակներում ներկայացված հայցադիմումը, եթե գործը սույն հոդվածի հիմքերով ենթակա չէ քննության սնանկության դատարանում:»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«գ) հարկադրված սնանկության դիմում ներկայացվելու կամ կամավոր սնանկության դիմումը պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացվելու դեպքում առաջարկ` ժամանակավոր կառավարչի թեկնածության կամ համաձայնություն` ընտրությունը դատարանին թողնելու վերաբերյալ:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Կամավոր սնանկության դիմումը ֆիզիկական անձի կողմից ներկայացվելու դեպքում պարտապանը ժամանակավոր կառավարչի թեկնածություն չի առաջարկում, եւ թեկնածուի ընտրությունն ու կառավարչի նշանակումն իրականացվում են սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով սահմանված կարգով:»:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 2.1-ին մասում «պարտապանի» բառը փոխարինել «պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ» բառերով:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13.1-ին հոդվածով.
«Հոդված 13.1. Էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկություններ ձեռք բերելը
1. Դատարանը միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով կարող է գործի քննության համար անհրաժեշտ տեղեկություններ ձեռք բերել այլ մարմիններից եւ անձանցից:
2. Դատարանին անհրաժեշտ տեղեկատվությունն էլեկտրոնային տեղեկատվական համակարգում ինքնաշխատ գեներացվում է հարցմամբ ներկայացված տեղեկությունների հիման վրա: Հարցման պատասխանն ինքնաշխատ պատրաստվում է էլեկտրոնային փաստաթղթի ձեւով, որը հավաստվում է էլեկտրոնային տեղեկատվական համակարգի կողմից: Էլեկտրոնային տեղեկատվական համակարգից հարցման պատասխանի արտատպված օրինակը հավասարեցվում է տեղեկությունը տնօրինող համապատասխան մարմնից դիմումի կամ որոշման հիման վրա ստացված պատասխանին:»:
Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժ.1» կետով.
«ժ.1) միջնորդություն է ներկայացնում դատարան` պարտապանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին` կցելով գույքի հայտնաբերման անհնարինության հիմքերը.»:
Հոդված 6. Օրենքի 74-րդ հոդվածում`
1) 5-րդ մասը «օրինակին» բառից հետո լրացնել «, որից հետո վերջնական հաշվեկշիռը եւ հաշվետվությունը ներկայացնում է դատարան» բառերով.
2) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Դատավորը վերջնական հաշվեկշիռն ստանալուց հետո` 15 օրվա ընթացքում, առանց դատական նիստ հրավիրելու քննում է գործն ավարտելու մասին միջնորդությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ կողմերի միջնորդության հիման վրա գալիս է այն եզրահանգման, որ միջնորդության քննարկումն անհրաժեշտ է իրականացնել դատական նիստում:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Միջնորդությունը դատական նիստում քննարկելու անհրաժեշտության դեպքում դատարանը վերջնական հաշվեկշիռն ստանալուց հետո ոչ ուշ, քան 15, եւ ոչ շուտ, քան 10 օրվա ընթացքում նշանակում է նիստ` այդ մասին առնվազն երեք օր առաջ ծանուցելով կառավարչին եւ պարտատերերին: Եթե պարտատերերի թիվը 10-ից ավելի է, ապա նրանց համար պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում նիստի վայրի եւ ժամանակի մասին հրապարակված հայտարարությունը: Որեւէ պարտատիրոջ չներկայանալն արգելք չէ նիստի անցկացման համար:»:
Հոդված 7. Օրենքի 80-րդ հոդվածում`
1) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Եթե պարտատերը (պարտատերերը) բաշխման ծրագրի օրինակն ստանալուց կամ հայտարարությունը հրապարակվելուց հետո` յոթ օրվա ընթացքում, բաշխման ծրագրի վերաբերյալ գրավոր առարկություն է (են) ներկայացնում դատարան, ապա դատարանն առարկությունն ստանալուց հետո` յոթ օրվա ընթացքում, առանց դատական նիստ հրավիրելու որոշում է կայացնում կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելու, փոփոխելու կամ մերժելու վերաբերյալ:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Եթե դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ պարտատիրոջ կողմից ներկայացված միջնորդության հիման վրա գալիս է այն եզրահանգման, որ առկա է առարկությունը դատական նիստում քննարկելու անհրաժեշտություն, ապա դատարանը յոթ օրվա ընթացքում հրավիրում է դատական նիստ, որի տեղի եւ ժամանակի մասին կառավարչին, պարտապանին եւ պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով: Ամենախոշոր հինգ պարտատերերին ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձեւակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով: Առարկությունների քննարկման արդյունքով դատարանը որոշում է կայացնում կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելու, փոփոխելու կամ մերժելու վերաբերյալ:».
3) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 85-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Պահանջները սահմանված ժամկետներում հարգելի պատճառներով չներկայացրած պարտատերերի պահանջները կարող են ընդգրկվել տվյալ պահանջին համապատասխանող հերթում: Պահանջը սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառների հարգելիությունը եւ պահանջների հիմնավորվածությունը որոշելու համար դատարանն առանց դատական նիստ հրավիրելու կայացնում է որոշում` պահանջն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, որը կարող է բողոքարկվել:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Եթե դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ պարտատիրոջ ներկայացրած միջնորդության հիման վրա գալիս է այն եզրահանգման, որ առկա է պահանջը դատական նիստում քննարկելու անհրաժեշտություն, ապա 15 օրվա ընթացքում հրավիրում է դատական նիստ` այդ մասին առնվազն երեք օր առաջ ծանուցելով կառավարչին, պարտապանին, պարտատերերին: Ծանուցվող անձանց թիվը 10-ից ավելի լինելու դեպքում պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակված հայտարարությունը: Պատճառների հարգելիության եւ պահանջների հիմնավորվածության քննարկման արդյունքով դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:»:
Հոդված 9. Օրենքի 87-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը «օրինակին» բառից հետո լրացնել «, որից հետո վերջնական հաշվետվությունը ներկայացնում է դատարան» բառերով.
2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Դատարանը վերջնական հաշվետվությունն ստանալուց 15 օրվա ընթացքում առանց դատական նիստ հրավիրելու քննում է գործն ավարտելու մասին միջնորդությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ կողմերի միջնորդության հիման վրա գալիս է այն եզրահանգման, որ միջնորդության քննարկումն անհրաժեշտ է իրականացնել դատական նիստում:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Միջնորդությունը դատական նիստում քննարկելու անհրաժեշտության դեպքում դատարանը ոչ ուշ, քան 15, եւ ոչ շուտ, քան 10 օրվա ընթացքում նշանակում է նիստ` այդ մասին առնվազն երեք օր առաջ ծանուցելով կառավարչին եւ պարտատերերին: Եթե պարտատերերի թիվը 10-ից ավելի է, ապա նրանց համար պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում նիստի վայրի եւ ժամանակի մասին հրապարակված հայտարարությունը: Որեւէ պարտատիրոջ չներկայանալն արգելք չէ նիստի անցկացման համար:»:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
27.12.2022
Երեւան
ՀՕ-580-Ն