ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 483-րդ հոդվածում՝
1) 12-րդ մասի «2023 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2023 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով.
2) 15-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«15. Սույն օրենսգրքի 180-րդ եւ 181-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: Մինչ այդ գործում են սույն հոդվածի 16-րդ եւ 17-րդ մասերով սահմանված քննչական ենթակայության կանոնները: Սույն օրենսգրքով հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների ենթակայությանը վերապահված, սակայն մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը հարուցված (նախաձեռնված), ինչպես նաեւ քննվող քրեական գործերով (քրեական վարույթներով) նախաքննությունն իրականացնում են այն մարմինները, որոնք մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը նշված գործերով (վարույթներով) իրականացրել են նախաքննություն, բացառությամբ այն գործերի, որոնք «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքը (սույն մասում այսուհետ՝ Օրենք) ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից Օրենքով սահմանված կարգով հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համաձայնությամբ հանձնվել են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթին: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը նշված գործերը (վարույթները) կարող է այդ մարմինների քննիչների վարույթից վերցնել եւ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համաձայնությամբ հանձնել հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթին: Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո նախաքննություն իրականացրած մարմնի գործունեությունը դադարեցվելու դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը վերը նշված գործերով (վարույթներով) վարույթը շարունակելը հանձնարարում է քննչական կոմիտեին:».
3) 17-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«17. 2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը գործում են քննչական ենթակայության հետեւյալ կանոնները.
1) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, եթե հանցանքները կատարվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի «ա» ենթակետով սահմանված՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, պետական, պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմնի, պետության կամ համայնքի կողմից ստեղծված ոչ առեւտրային կազմակերպության կամ հիմնարկի անունից հանդես գալու լիազորություն ունեցող կամ դրանց անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող, ինչպես նաեւ «բ-զ» ենթակետերում նշված պաշտոնատար անձանց կողմից՝ իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 272-277-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթների, որոնցով նախաքննությունը կատարում են քննչական կոմիտեի քննիչները.
2) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 441-րդ եւ 549-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, բացառությամբ երբ արարքը կատարվել է բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով.
3) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 218-221-րդ, 231-րդ, 232-րդ, 435-439-րդ, 442-445-րդ, 480-482-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով նախաքննությունը կատարում են բացառապես հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները.
4) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 133-րդ, 134-րդ, 136-138-րդ, 142-146-րդ, 149-154-րդ, 308-314-րդ, 316-րդ, 317-րդ, 331-333-րդ, 349-րդ, 350-րդ, 418-429-րդ, 451-րդ, 469-471-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են ազգային անվտանգության ծառայության քննիչները.
5) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 135-րդ, 139-141-րդ, 147-րդ, 148-րդ, 291-293-րդ, 329-րդ, 330-րդ, 340-րդ, 399-րդ, 430-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի կամ ազգային անվտանգության ծառայության քննիչները.
6) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այլ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի քննիչները.
7) նախաքննությունը հակակոռուպցիոն կոմիտեում ծառայություն իրականացնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են ազգային անվտանգության ծառայության քննիչները.
8) նախաքննությունը քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված՝ սույն մասի 1-ին կետով չնախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են ազգային անվտանգության ծառայության քննիչները.
9) նախաքննությունն ազգային անվտանգության ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված՝ սույն մասի 1-ին կետով չնախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի քննիչները.
10) սույն մասի 5-րդ կետով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով նախաքննությունը կատարում է այն մարմինը, որը նախաձեռնել է տվյալ քրեական վարույթը, բացառությամբ այն դեպքի, երբ վերադաս դատախազը տվյալ վարույթը շարունակելը հանձնարարում է նախաքննության մյուս մարմնին՝ համակողմանի եւ անաչառ նախաքննություն ապահովելու նպատակով.
11) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 182-րդ, 238-րդ, 295-րդ, 446-րդ, 473-476-րդ, 483-րդ, 485-րդ, 495-րդ, 503-րդ, 504-րդ, 509-511-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում է նախաքննության այն մարմինը, որի կողմից իրականացվող վարույթի ընթացքում բացահայտվել է տվյալ հանցանքը, բացառությամբ սույն մասի 7-9-րդ կետերում նշված անձանց վերագրվող հանցանքների վերաբերյալ վարույթների.
12) նախաքննության տարբեր մարմինների քննիչներին ենթակա հանցանքների վերաբերյալ վարույթները մեկ վարույթում միացնելու կամ վարույթի ընթացքում այլ քննիչի ենթակա եւ սույն մասի 11-րդ կետով չնախատեսված հանցանքի բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է վերադաս դատախազը՝ համակողմանի եւ անաչառ նախաքննություն ապահովելու նպատակով, բացառությամբ սույն մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված հանցանքների, ինչպես նաեւ սույն մասի 7-9-րդ կետերում նշված անձանց վերագրվող հանցանքների վերաբերյալ վարույթների.
13) բացառիկ դեպքերում գլխավոր դատախազն իրավասու է իր որոշմամբ նախաքննության մեկ մարմնի քննիչի կողմից իրականացվող վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարելու նախաքննության մեկ այլ մարմնի, եթե դա, որպես վերջին միջոց, անհրաժեշտ է պատշաճ, համակողմանի եւ անաչառ նախաքննության կատարումն ապահովելու համար.
14) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին եւ օրենքին համապատասխան ձեւակերպված՝ քրեական վարույթով իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային հարցումները նախաքննության մարմինները կատարում են սույն հոդվածով սահմանված քննչական ենթակայությանը համապատասխան:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
26.12.2022
Երեւան
ՀՕ-566-Ն