ՕՐԵՆՔԸ
«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տարածքային կառավարման մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀՕ-252-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում «իրականացնող մարմնի,» բառերից հետո հանել «տարածքային կառավարման ոլորտը համակարգող փոխվարչապետի,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 4. Տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող մարմինը
1. Տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին)՝
1) մշակում է տարածքային զարգացման ռազմավարությունն ու դրա իրականացմանն ուղղված ծրագրերը.
2) մարզպետների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով համակարգում է մարզպետների ընթացիկ գործունեությունը, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ վերջիններիս աշխատանքները.
3) քննարկում եւ համադրում է տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով եւ այլ միջոցներով նախատեսվող ծրագրերը.
4) պետական կառավարման համակարգի մարմիններից, մարզպետներից եւ տեղական ինքնակառավարման մարմիններից սահմանված կարգով ստանում է Կառավարության տարածքային քաղաքականությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը.
5) իրականացնում է իրավական հսկողություն համայնքի ղեկավարի սեփական եւ պետության պատվիրակված լիազորությունների ու համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ, ինչպես նաեւ գրավոր համաձայնություն է տալիս մասնագիտական հսկողության մարմինների կողմից իրականացվող մասնագիտական եւ իրավական հսկողությանը.
6) Երեւան համայնքում իրականացնում է տարածքային կառավարում, որի առանձնահատկությունները սահմանվում են «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով.
7) իրավական հսկողություն է իրականացնում մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ եւ անհրաժեշտության դեպքում դրանք ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում վարչապետին?
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված ռազմավարությունը հաստատում է Կառավարությունը:»?
Հոդված 3. Օրենքի 4.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4.
Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 5. Մարզպետը եւ նրա ընդհանուր լիազորությունները
1. Կառավարությունը մարզերում իր տարածքային քաղաքականությունն իրագործում է մարզպետների միջոցով:
2. Մարզպետը`
1) սահմանված կարգով լիազորված մարմնի միջոցով Կառավարության եւ վարչապետի քննարկմանն է ներկայացնում նրանց իրավասությանը վերապահված հարցերը.
2) պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումներից, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններից ստանում է տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման գործընթացներին առնչվող տեղեկատվություն եւ նյութեր.
3) լիազորված մարմին է ներկայացնում առաջարկություններ տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման ուղղությամբ.
4) համագործակցում է պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ եւ քննարկման է ներկայացնում նրանց իրավասության շրջանակում մարզին առնչվող հարցերը.
5) սահմանված կարգով նախապատրաստում եւ առաջարկություններ է ներկայացնում Կառավարություն մարզում պետական կառավարման իրականացման համար պետական բյուջեից անհրաժեշտ ամենամյա հատկացումների վերաբերյալ.
6) սահմանված կարգով մասնակցում է պետական բյուջեի նախագծի, ինչպես նաեւ Կառավարության տարածքային քաղաքականության մշակման աշխատանքներին.
7) ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում Կառավարություն իր գործունեության եւ մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին, ընթացիկ հաշվետվություններ է ներկայացնում լիազորված մարմին, ինչպես նաեւ ապահովում է հաշվետվությունների հրապարակայնացումը զանգվածային լրատվության միջոցներով.
8) պարտադիր քննության է առնում պետական կառավարման համակարգի մարմինների կողմից մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների եւ դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները եւ սահմանված ժամկետում այդ մարմիններին տեղեկացնում ձեռնարկված միջոցների մասին.
9) միջոցներ է ձեռնարկում մարզի տարածքում պետական սեփականության պահպանության եւ արդյունավետ օգտագործման ուղղությամբ.
10) սահմանված կարգով տեղեկատվություն է տրամադրում համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնին իր կողմից տվյալ բնագավառում Կառավարության տարածքային քաղաքականության իրագործման վերաբերյալ.
11) իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքները եւ ազատությունները ապահովելու ուղղությամբ.
12) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում մասնակցում է համապատասխան բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման համակարգի մարմնին վերապահված լիազորությունների իրականացմանն ուղղված աշխատանքների կազմակերպմանը՝ վերջինիս դիմելու դեպքում:
3. Մարզպետն ընդունում է որոշումներ:
4. Մարզպետի տեղակալը մարզի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարն (հրամանատարն) է: Մարզպետի տեղակալի կողմից մարզի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարումն իրականացվում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հոդված 6.
Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
27.12.2022
Երեւան
ՀՕ-590-Ն