Armenian      
Տեղական տուրքերի եվ վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.12.2022

Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում նոր շենքերի եւ շինությունների (բացառությամբ Երեւան քաղաքի վարչական սահմաններից դուրս կառուցվող անհատական բնակելի տների, ինչպես նաեւ Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված` սահմանամերձ բնակավայրերի տարածքում  կառուցվող շենքերի եւ շինությունների) շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար.»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում`

ա. 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների եւ ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար`

ա.  հիմնական շենքերի եւ շինությունների համար՝

- Երեւան քաղաքի վարչական սահմաններում կառուցվող` մինչեւ 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների համար` տասնհինգ հազար դրամի եւ կառուցվող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տան կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող` սույն կետի «բ» ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

- Երեւան քաղաքի վարչական սահմաններից դուրս կառուցվող` մինչեւ 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների համար` տասնհինգ հազար դրամ,

- մինչեւ 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական եւ արտադրական նշանակության շենքերի եւ շինությունների համար՝ տասնհինգ հազար դրամ,

բ. սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված եւ Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված` սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի եւ շինությունների (այդ թվում` հասարակական եւ արտադրական նշանակության շենքերի եւ շինությունների) համար՝

- 200-ից  500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների համար՝ երեսուն հազար դրամի եւ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող` սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

- 501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների համար՝ 100 հազար դրամի եւ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող` սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

- 1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների համար` 200 հազար դրամի եւ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող` սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

-  3001 եւ ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների համար` մեկ միլիոն դրամի եւ 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչեւ յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար մեկ միլիոն դրամի հանրագումարի ու սույն կետով սահմանված` շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը:

Սույն կետի համաձայն` շենքերի եւ շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափի հաշվարկման նպատակով հիմք են ընդունվում Կառավարության որոշմամբ սահմանված` շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությանը համապատասխանող հետեւյալ գործակիցները.
 
Գոտի Գոտիականության գործակից
1-4 5.0
5-8 4.0
9-12 3.0
13-16 2.0
17-20 1.0

գ. սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված եւ Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված` սահմանամերձ բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի եւ շինությունների համար՝

- 200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների համար՝ երեսուն հազար դրամ,

- 501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների համար՝ հիսուն հազար դրամ,

- 1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների համար` հիսուն հազար դրամ,

-  3001 եւ  ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների համար` հարյուր հազար դրամ,

դ.  ոչ հիմնական շենքերի եւ շինությունների համար՝

- մինչեւ 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների համար՝ հինգ հազար դրամի եւ սույն կետի «բ» ենթակետով սահմանված` շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը,

- 20 եւ ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների համար՝ 10 հազար դրամի եւ սույն կետի «բ» ենթակետով սահմանված` շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը:»,

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում նոր շենքերի եւ շինությունների (բացառությամբ Երեւան քաղաքի վարչական սահմաններից դուրս կառուցվող անհատական բնակելի տների, ինչպես նաեւ Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված` սահմանամերձ բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի եւ շինությունների) շինարարության թույլտվության ժամկետների  երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում` ոչ ամբողջական) համար (եթե սույն հոդվածի 4.1-ին մասով այլ բան սահմանված չէ)`

ա. Երեւան քաղաքի վարչական սահմաններում կառուցվող` մինչեւ 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում` ոչ ամբողջական) համար` երեսուն հազար դրամի եւ կառուցվող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տան կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող` սույն մասի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

բ. այլ շենքերի եւ շինությունների (այդ թվում` հասարակական եւ արտադրական նշանակության շենքերի եւ շինությունների, ինչպես նաեւ Երեւան քաղաքի վարչական սահմաններում կառուցվող` 300 քառակուսի մետրից ավել ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի տան) շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում` ոչ ամբողջական) համար`

- 200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների կամ 300-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող` Երեւան քաղաքի վարչական սահմաններում կառուցվող անհատական բնակելի տների համար՝ վաթսուն հազար դրամի եւ շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող` սույն մասի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

- 501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների եւ Երեւան քաղաքում կառուցվող անհատական բնակելի տների համար՝ 200 հազար դրամի եւ շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող` սույն մասի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

- 1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների եւ Երեւան քաղաքում կառուցվող անհատական բնակելի տների համար` 400 հազար դրամի եւ շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող` սույն մասի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

- 3001 եւ ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների եւ Երեւան քաղաքում կառուցվող անհատական բնակելի տների համար` երկու միլիոն դրամի եւ 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչեւ յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար երկու միլիոն դրամի հանրագումարի ու սույն մասի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված` շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը:».

2) 3-րդ եւ 4-րդ մասերի «1-3-րդ» բառերը փոխարինել «1-ին, 1.1-ին, 2-րդ եւ 3-րդ» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Անկախ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված գործակիցների կիրառությունից` շինարարության թույլտվության ժամկետները շինարարության թույլտվությամբ սահմանված` շինարարության ժամկետի մինչեւ 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով առաջին անգամ երկարաձգելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետով սահմանված տեղական տուրքի դրույքաչափը հաշվարկվում է 0.5 գործակցի կիրառմամբ: Շինարարության թույլտվության ժամկետների հաջորդ երկարաձգումների դեպքում (անկախ երկարաձգվող ժամկետների տեւողությունից) շինարարության թույլտվության երկարաձգման համար տեղական տուրքը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետով սահմանված դրույքաչափերով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

26.12.2022
Երեւան
ՀՕ-568-Ն