ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1-ին հոդվածի 1-ին մասը «գաղտնի տեղեկություն ստանալու վերաբերյալ դիմումների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ հարկային հսկողության շրջանակում բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ ստանալու վերաբերյալ դիմումների» բառերով:
Հոդված 2.
Օրենսգրքի 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ
7-րդ մասով.
«7. Հարկային մարմինը վարչական դատարան կարող է դիմել նաեւ հարկային հսկողության շրջանակում օրենքով պահպանվող բանկային գաղտնիք համարվող տեղեկություն ստանալու վերաբերյալ գործերով` սույն օրենսգրքի 31.8-րդ գլխին համապատասխան:»:
Հոդված 3. Օրենսգրքի 28-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կողմն իրավունք չունի ներկայացնելու այնպիսի ապացույցներ, որոնք չեն ներկայացվել վարչական վարույթի ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ կողմը չի ներկայացնում բավարար հիմնավորումներ այն մասին, որ օբյեկտիվորեն զրկված է եղել նշված ապացույցները վարչական վարույթի ընթացքում ներկայացնելու հնարավորությունից:».
2) 2-րդ մասը «առարկությունները» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն ապացույցների, որոնց վարչական մարմինը կարող է իրազեկ դառնալ բացառապես հակառակ կողմի միջոցով, եւ որոնք հակառակ կողմը չի ներկայացրել վարչական վարույթի ընթացքում» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 124-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշելիս վիճարկող կողմի` իր համար բարենպաստ հետեւանքներ առաջացնող ապացույցների` վարչական վարույթի ընթացքում չտրամադրման հետեւանքով առաջացած ոչ բարենպաստ հետեւանքների ապացուցման բեռը չի կարող դրվել վարչական մարմնի վրա:»:
Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31.8-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 31.8
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՄԱՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 222.24. Հարկային մարմինների կողմից բանկային գաղտնիք համարվող տեղեկատվություն ստանալու վերաբերյալ գործերը
Հոդված 222.24. Հարկային մարմինների կողմից բանկային գաղտնիք համարվող տեղեկատվություն ստանալու վերաբերյալ գործերը
1. Հարկային հսկողության շրջանակում բանկային գաղտնիք համարվող տեղեկատվություն ստանալու համար հարկային մարմնի դիմումի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված կանոնների պահպանմամբ` հաշվի առնելով սույն գլխի առանձնահատկությունները:
Հոդված 222.25. Դիմումին ներկայացվող պահանջները եւ կցվող փաստաթղթերը
1. Սույն օրենսգրքի 222.24-րդ հոդվածում նշված գործերով դիմումը ձեւակերպվում է գրավոր եւ բովանդակում է՝
1) նշում այն մասին, որ դիմումը ներկայացվում է վարչական դատարան.
2) դիմողի անվանումը եւ հասցեն.
3) դիմումը ներկայացնող պաշտոնատար անձի անունը, պաշտոնը.
4) դիմումի էության հակիրճ նկարագրությունը.
5) այն փաստերը, որոնց վրա հիմնվում է դիմողի պահանջը.
6) դիմողի պահանջը հիմնավորող փաստարկները.
7) դիմողի պահանջը.
8) գրավոր ապացույցների ցանկը, եթե այդպիսիք կցվում են դիմումին.
9) հարցման մեջ նշված անձին նույնականացնող տվյալները.
10) դիմումը ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը:
2. Դիմումն ստորագրում է դիմողի պաշտոնատար անձը կամ վերջինիս լիազորած անձը:
Հոդված 222.26. Դիմումի քննությունը
1. Վարչական դատարանը պարտավոր է դիմումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընդունել վարույթ, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքի 222.25-րդ հոդվածով նախատեսված պահանջների պահպանմամբ:
2. Եթե չեն պահպանվել սույն օրենսգրքի 222.25-րդ հոդվածի պահանջները, ապա վարչական դատարանը եռօրյա ժամկետում պատճառաբանված որոշմամբ դիմումը վերադարձնում է` նշելով այն պահանջը, որը չի պահպանվել: Դիմումում առկա ձեւական սխալները վերացնելու եւ որոշումն ստանալու օրվանից հետո` երկու օրվա ընթացքում, այն վարչական դատարան կրկին ներկայացնելու դեպքում դիմումը վարչական դատարան ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը:
3. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում է միանձնյա` գրավոր ընթացակարգով` դռնփակ դատական նիստում:
4. Սույն գլխով նախատեսված գործերով դիմումը վարչական դատարանը քննում եւ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնում է դիմումը վարույթ ընդունելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում:
Հոդված 222.27. Դատական ակտերը
1. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հետեւյալ դատական ակտերից մեկը.
1) հարկային մարմնին բանկային գաղտնիք համարվող տեղեկությունների տրամադրման պահանջը բավարարելու մասին, եթե առկա չէ այն մերժելու վերաբերյալ սույն մասի 2-րդ կետով նախատեսված հիմքը.
2) գաղտնի տեղեկությունների տրամադրումը լրիվ կամ մասնակի մերժելու մասին, եթե հարկային մարմնի պահանջը չի բավարարում օրենքով սահմանված պահանջները:
2. Սույն գլխով նախատեսված գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտը բովանդակում է սույն օրենսգրքով դատական ակտի բովանդակությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ հայցվող տեղեկատվության տրամադրման ձեւը եւ ժամկետները:
3. Վարչական դատարանի դատական ակտը հրապարակվում է դռնփակ նիստում եւ օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 5 օր հետո:
4. Վարչական դատարանը դատական ակտն ուղարկում է հարկային մարմին եւ այդ մասին ծանուցում այն անձին կամ անձանց, որոնց վերաբերյալ կայացվել է դատական ակտը, բացառությամբ այն դեպքի, երբ հարկային մարմինը դիմումում նշել է անձին կամ անձանց չծանուցելու անհրաժեշտության վերաբերյալ` հայտնելով, որ դա կարող է խոչընդոտել հարկային մարմնի կողմից իր գործառույթների հաջող իրականացումը, եւ երաշխավորելով, որ հարկային մարմինը ծանուցումը բացառող հանգամանքները վերանալուց հետո ողջամիտ ժամկետում կծանուցի դատական ակտն այն անձին կամ անձանց, որոնց վերաբերյալ կայացվել է դատական ակտը:
5. Այն անձը, որի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին կայացվել է որոշում, կարող է բողոքարկել այդ դատական ակտը՝ սույն օրենսգրքի 22-րդ գլխով սահմանված կարգով:
6. Վերաքննիչ դատարանը բողոքն ընդունում է վարույթ եւ գործը քննում է տասնօրյա ժամկետում: Վերաքննիչ դատարանը գործը քննում է միանձնյա` գրավոր ընթացակարգով: Վերաքննիչ դատարանի դատական ակտը հրապարակվում է դռնփակ նիստում եւ կարող է բողոքարկվել սույն օրենսգրքի 23-րդ գլխով սահմանված կարգով:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
29.12.2022
Երեւան
ՀՕ-599-Ն