ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 95.6-րդ հոդվածով.
«Հոդված 95.6. Առանց թույլտվության Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների եւ մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքման աշխատանքների իրականացումը
1. Օտարերկրյա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից առանց Կադաստրի կոմիտեի թույլտվության Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների եւ մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքման աշխատանքների, ներառյալ` օդալուսանկարահանման իրականացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում օտարերկրյա ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով, իսկ օտարերկրյա իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, ինչպես նաեւ իրավախախտման առարկա հանդիսացող տվյալների եւ նյութերի բռնագրավում:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավախախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում օտարերկրյա ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, իսկ օտարերկրյա իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով, ինչպես նաեւ իրավախախտման առարկա հանդիսացող տվյալների եւ նյութերի բռնագրավում:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ իրավաբանական անձանց կողմից առանց Կադաստրի կոմիտեի թույլտվության «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պետական նշանակության գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքների միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների եւ մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքման աշխատանքների, ներառյալ` օդալուսանկարահանման իրականացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, ինչպես նաեւ իրավախախտման առարկա հանդիսացող տվյալների եւ նյութերի բռնագրավում:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված իրավախախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, ինչպես նաեւ իրավախախտման առարկա հանդիսացող տվյալների եւ նյութերի բռնագրավում:»:
Հոդված 2. Օրենսգրքի 244.10-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 244.10. Գեոդեզիայի եւ քարտեզագրման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը
1. Գեոդեզիայի եւ քարտեզագրման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է սույն օրենսգրքի 95.1-ին, 95.2-րդ, 95.4-րդ, 95.5-րդ եւ 95.6-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 310-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«գեոդեզիայի եւ քարտեզագրման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը` սույն օրենսգրքի 95.6-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
08.02.2023
Երեւան
ՀՕ-22-Ն