Armenian      
Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.02.2023

Հոդված 1.  «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում պետական քաղաքականությունն իրականացվում է տարեկան ծրագրերի միջոցով, որոնք հաստատվում են ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից՝ տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաստատումից հետո:»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետում՝

1) «դ.6» ենթակետը «շախմատի պատանեկան օլիմպիադայում» բառերից հետո լրացնել «, Ռազմական սպորտի միջազգային խորհրդի՝ զինվորականների համաշխարհային խաղերում, զինվորականների աշխարհի առաջնություններում, զինվորական ծառայության  հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց համաշխարհային խաղերում եւ զինվորական ծառայության  հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց աշխարհի առաջնություններում» բառերով.

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ.17» ենթակետով.

«դ.17) օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար մարզիկներին, հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչներին, երկրորդ եւ անձնական մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին տրամադրվող սպորտային նպաստի եւ դրա տրամադրման կարգի վերաբերյալ.»:

Հոդված 3.

1. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ քառամսյա ժամկետում:

2. Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար մարզիկներին, հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչներին, երկրորդ եւ անձնական մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին տրամադրվող սպորտային նպաստի չափերն ու դրա տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

23.02.2023
Երեւան
ՀՕ-25-Ն