Armenian      
Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.03.2023

Հոդված 1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» 2017 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-320-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) էլեկտրոնային հսկողություն՝ ռադիոալիքային, կենսաչափական, արբանյակային կամ էլեկտրոնային այլ միջոցներով հսկողություն անձի գտնվելու վայրի, տեղաշարժի եւ վարքագծի նկատմամբ:»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 11-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  նոր նախադասություններով. «Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված սահմանափակումների կիրառմամբ կայացված անհետաձգելի  միջամտության  որոշումների կատարումն ապահովելիս ոստիկանության ծառայողները կարող են օգտագործել էլեկտրոնային հսկողության միջոցներ: Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման եւ ֆինանսավորման, ինչպես նաեւ էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանը վարելու, տվյալներից օգտվելու կարգը սահմանում է  Կառավարությունը:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-ին մասով.

«11.1. Էլեկտրոնային հսկողություն կիրառելիս պետք է նվազագույնի հասցվի անձանց անձնական եւ ընտանեկան կյանքի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցությունը: Էլեկտրոնային հսկողության արդյունքում ստացված տվյալները ոչնչացվում են որոշման կատարման ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն մասով նախատեսված դեպքի: Եթե էլեկտրոնային հսկողության միջոցներով հայտնաբերվում կամ ամրագրվում է իրավախախտում, ապա տվյալները պահվում են մինչեւ իրավախախտման դեպքի քննության կամ ծառայողական քննության ավարտը: Էլեկտրոնային հսկողության համակարգը պետք է ունենա օրենսդրությամբ սահմանված բավարար պաշտպանվածության մակարդակ:»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 9-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումների կիրառմամբ կայացված պաշտպանական որոշումների կատարումը դատարանի որոշմամբ ոստիկանությունը կարող է իրականացնել նաեւ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին մասով.

«9.1. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված էլեկտրոնային հսկողության  արդյունքում ստացված տվյալները ոչնչացվում են որոշմամբ սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն մասով նախատեսված դեպքի: Եթե էլեկտրոնային հսկողության միջոցներով հայտնաբերվում կամ ամրագրվում է իրավախախտում, ապա տվյալները պահվում են մինչեւ իրավախախտման դեպքի քննության կամ ծառայողական քննության ավարտը: Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ պաշտպանական որոշումների կատարման ապահովման նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 7-րդ հոդվածի 11.1-ին մասով նախատեսված կարգավորումները:»:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «կարգին համապատասխան» բառերից հետո լրացնել «, բացառությամբ էլեկտրոնային հսկողության միջոցների» բառերով:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված՝ Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված՝ Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ վեցամսյա ժամկետում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

12.04.2023
Երեւան
ՀՕ-109-Ն