ՕՐԵՆՔԸ
«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-237-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը «սույն օրենքով,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) աղբ՝ կոշտ կենցաղային թափոններ, ներառյալ՝ թափոնները, որոնք գոյանում են համայնքի ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրման հետեւանքով.
2) աղբահանություն՝ գոյացող աղբի, ինչպես նաեւ շինարարական ու խոշոր եզրաչափերի աղբի հավաքում, պահում, փոխադրում եւ տեղադրում աղբավայրում, այդ թվում՝ դրանց տեսակավորում ու փոխադրում աղբի վերաօգտագործման, օգտահանման, վերամշակման եւ վնասազերծման նպատակով.
3) կենսաքայքայվող (օրգանական) աղբ՝ աերոբիկ կամ անաերոբիկ քայքայման ենթարկվող թափոն (օրինակ՝ սննդային թափոն, այգիներում ծառերի էտման, բույսերի ու թփերի սանիտարական մաքրման հետեւանքով առաջացող աղբ եւ այլն).
4) շինարարական աղբ՝ շենք-շինությունների վերակառուցման (ներառյալ՝ քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպես նաեւ տարածքների բարեկարգման գործունեության հետեւանքով առաջացող աղբ.
5) խոշոր եզրաչափերի աղբ՝ մարդու կենսագործունեության հետեւանքով կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի գործունեության ընթացքում առաջացող աղբ, որի չափերը գերազանցում են մեկ խորանարդ մետրը եւ, ֆիզիկական հատկություններից ելնելով (չափ, ծավալ կամ քաշ), անհնար է դրա հավաքումը, պահումը կամ փոխադրումը աղբի համար նախատեսված տեխնիկական միջոցներով.
6) աղբաման՝ աղբի կուտակման համար նախատեսված տարողություն, որի ձեւն ու չափը սահմանում է համապատասխան համայնքի ավագանին.
7) աղբամուղ՝ բազմաբնակարան շենքերում ներկառուցված՝ աղբի հավաքման, ուղղահայաց տեղափոխման եւ ժամանակավոր պահման համար նախատեսված ինժեներական սարքավորումների համալիր.
8) աղբահավաք խուց՝ բազմաբնակարան կամ հասարակական շենքերում աղբի ժամանակավոր պահման համար նախատեսված տարածք.
9) աղբամանների հարթակ՝ 0.75 խորանարդ մետր եւ ավել տարողությամբ աղբամանների տեղակայման համար նախատեսված տարածք, որոնց տեղադիրքը սահմանվում է սանիտարական նորմերին ու յուրաքանչյուր համայնքի աղբահանության սխեմաներին համապատասխան.
10) փոխաբեռնման կայան՝ բնապահպանական եւ տնտեսական արդյունավետությունից ելնելով՝ աղբի ժամանակավոր պահման, սեղմման եւ հնարավոր տեսակավորման համար նախատեսված կայան.
11) աղբի հավաքման կենտրոն՝ հատուկ հատկացված տարածք, որտեղ հավաքվում է տեսակավորված աղբը հետագա օգտահանման, վերաօգտագործման, վերամշակման եւ վնասազերծման նպատակով.
12) աղբավայր՝ բնապահպանական, քաղաքաշինական եւ սանիտարական նորմերին համապատասխան հատուկ ինժեներական կառույցների համակարգ՝ նախատեսված աղբի անվնաս տեղադրման, մեկուսացման եւ չեզոքացման համար.
13) սանիտարական մաքրում՝ համայնքի ընդհանուր օգտագործման տարածքների (փողոցների, այգիների, զբոսայգիների, պուրակների, հրապարակների, խաղահրապարակների, բակերի, մայթերի, վերգետնյա եւ ստորգետնյա անցումների, կամուրջների, սիզամարգերի, լողափերի, շատրվանների, ճամփեզրերի, կողնակների եւ ընդհանուր օգտագործման այլ տարածքների) մաքրումը աղբից, տերեւակույտերից, փոշուց, կենդանիների դիակներից եւ փողոցների երթեւեկելի մասերի ջրում-լվացումը, փողոցների, կամուրջների, անցումների եւ մայթերի՝ ձյունից եւ սառույցից մաքրումը, համայնքի ընդհանուր օգտագործման համար տեղադրված աղբամանների եւ աղբամանների հարթակների սպասարկումը.
14) օպերատոր՝ համայնքին կամ համայնքներին կամ դրանց վարչական տարածքում կամ տարածքի մի մասում աղբահանության եւ (կամ) սանիտարական մաքրման ծառայություններ մատուցող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր.
15) աղբի քանակի նվազեցում՝ աղբի գոյացման վայրում՝ սկզբնաղբյուրում, գոյացող աղբի քանակի նվազեցման նպատակով համալիր միջոցառումների կիրառում.
16) աղբի տեսակավորում՝ վերաօգտագործման, օգտահանման եւ վերամշակման ենթակա աղբի տեսակների տարանջատումն ու առանձին հավաքումը աղբի գոյացման վայրում՝ սկզբնաղբյուրում, կամ աղբի տեսակավորման կայաններում.
17) աղբի օգտահանում՝ աղբի օգտակար օգտագործում այլ ապրանքի (արտադրանքի) արտադրության համար, ներառյալ՝ վերաօգտագործումը, երկրորդային ռեսուրսների ստացումը եւ աղբից օգտակար բաղադրիչների առանձնացումը.
18) աղբի վերաօգտագործում՝ աղբի օգտագործում սկզբնապես նախատեսված կամ այլ նպատակով, առանց էներգիայի վերականգնման.
19) աղբի վերամշակում՝ տեխնոլոգիական գործընթացների արդյունքով աղբի ֆիզիկական, քիմիական եւ կենսաբանական հատկությունների փոփոխություն.
20) աղբի փոխադրում՝ աղբի հավաքում եւ տեղափոխում դրանց կուտակման վայրից դեպի վերաօգտագործման, վերամշակման, օգտահանման, վնասազերծման վայրեր եւ (կամ) աղբավայր.
21) աղբի սեփականատեր՝ աղբ գոյացնող ֆիզիկական, իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, որի տիրապետման, օգտագործման ու տնօրինման ներքո է աղբը.
22) աղբահանության եւ սանիտարական մաքրման կառավարման տեղական պլան՝ յուրաքանչյուր համայնքում գոյացող աղբի հավաքման, տեղափոխման, պահպանման, տեղադրման (հեռացման), վերամշակման ու օգտահանման գործընթացների պլանավորում, իրագործում ու մշտադիտարկում.
23) աղբահանության եւ սանիտարական մաքրման տարածաշրջանային գոտիավորված սխեմա՝ Հայաստանի Հանրապետության տարածքում աղբահանության առավել արդյունավետ գոտիավորում՝ կախված աշխարհագրական տեղադիրքից, գոյացող աղբի քանակից եւ տեսակից:
2. Այն հասկացությունները, որոնք սահմանված չեն սույն օրենքով, ունեն «Թափոնների մասին» օրենքով սահմանված հասկացությունների իմաստը:»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 4. Աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտի պետական քաղաքականության հիմնական սկզբունքները եւ զարգացման ուղղություններն ու նպատակները
1. Աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտի պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են՝
1) մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա աղբի բացասական (վտանգավոր) ներգործության նվազեցումը եւ չեզոքացումը.
2) բնակության համար հարմարավետ եւ էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովումը.
3) տարածքների աղտոտման, աղբակույտերի առաջացման անթույլատրելիությունը եւ տարածքների մաքրումը աղբից.
4) առաջացող աղբի քանակի նվազեցումը.
5) աղբի տեսակավորման, վերաօգտագործման, վերամշակման եւ օգտահանման գործողությունների կիրառումը եւ աղբավայրերում տեղադրվող աղբի ծավալների նվազեցումը.
6) շրջանաձեւ տնտեսության խթանումը.
7) աղբահանության ծառայության վճարովի լինելը.
2. Աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտի պետական քաղաքականության զարգացման ուղղություններն ու նպատակներն են՝
1) աղբահանության եւ սանիտարական մաքրման պարտադիր եւ պարբերաբար իրականացումը.
2) աղբի տեսակավորված համակարգի ներդրումը.
3) հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքման, տեղափոխման եւ անվտանգ հեռացման կամ օգտահանման ու վերամշակման ապահովումը.
4) առաջացող աղբի առավելագույն օգտահանումը.
5) սակավաթափոն եւ անթափոն միջոցառումների եւ տեխնոլոգիաների կիրառումը.
6) աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքների մեքենայացումը.
7) ոլորտում միջհամայնքային համագործակցությունը.
8) համայնքային բյուջեի հաշվին կամ հանրային-մասնավոր համագործակցության շրջանակներում աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքների իրականացումը:»:
Հոդված 4. Օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասում՝
1) 3-րդ կետը «հեռացման» բառից հետո լրացնել «, առաջացող աղբի քանակի նվազեցմանն ուղղված» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.2-րդ եւ 3.3-րդ կետերով.
«3.2) hաստատում է Հայաստանի Հանրապետության աղբահանության եւ սանիտարական մաքրման տարածաշրջանային գոտիավորված սխեմաները.
3.3) հաստատում է գոյություն ունեցող եւ գործող աղբավայրերի շահագործման, բարեկարգման ու փակման նվազագույն նորմերը.»:
Հոդված 5. Օրենքի 4.2-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«4.1) աղբավայրերի ու փոխաբեռնման կայանների նախագծման, կառուցման, շահագործման նորմերի ու կարգերի, աղբի տարբեր տեսակների հավաքման, տեղափոխման, պահման ու հեռացման ընթացակարգերի, աղբի հավաքման եւ փոխադրման համար ներգրավվող կազմակերպությունների համար գործունեության պայմանների, աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտի մեթոդական ուղեցույցների հաստատումը.».
2) 5-րդ կետի «չհսկվող եւ չարտոնագրված» բառերը փոխարինել «բնապահպանական, սանիտարական եւ քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող» բառերով:
Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.3-րդ եւ 4.4-րդ հոդվածներով.
«Հոդված 4.3. Աղբի նկատմամբ սեփականության իրավունքը
1. Աղբը սեփականության օբյեկտ է: Աղբ առաջացնողը ձեռք է բերում աղբի սեփականության իրավունք դրա գոյացման պահից, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. Աղբի նկատմամբ սեփականության իրավունքը պատկանում է ֆիզիկական, իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին, որոնց գործունեությունը հանգեցնում է աղբի առաջացմանը, եւ իրենց սեփականության իրավունքի իրացման ընթացքում պարտավոր են միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայրի եւ հանրային առողջության վնասը կանխելու համար:
3. Աղբի սեփականատերն իրավունք ունի դրա տնօրինման, այդ թվում՝ օտարման եւ հեռացման այլ գործարքի պայմանագրի հիման վրա այլ անձանց փոխանցելու սեփականության իրավունքը, եթե այդ անձինք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աղբահանության ոլորտում գործունեություն իրականացնելու թույլտվություն:
4. Աղբի նկատմամբ սեփականության իրավունքը դադարում է բնապահպանական եւ սանիտարական նորմերին համապատասխան այն սեփականության իրավունքով կամ որեւէ այլ իրավունքով տիրապետման կամ օգտագործման տարածքից հեռացնելու պահից:
5. Հողամասերի սեփականատերերը կամ օգտագործողները, որոնց տարածքում հայտնաբերվել է իրենց չպատկանող աղբ, պարտավոր են հայտնաբերվելուց հետո՝ ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, այդ մասին տեղեկացնել տեղական ինքնակառավարման մարմնին: Տեղական ինքնակառավարման մարմինն էլ իր հերթին պարտավոր է համապատասխան միջոցներ ձեռնարկել տեղեկացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում:
Հոդված 4.4. Աղբահանության եւ սանիտարական մաքրման կառավարման տեղական պլանը
1. Աղբահանության եւ սանիտարական մաքրման կառավարման տեղական պլանը հաստատում է համայնքի ավագանին՝ համայնքի հնգամյա զարգացման ծրագրին, ինչպես նաեւ ամենամյա աշխատանքների պլաններին կից հավելվածով:
2. Աղբահանության եւ սանիտարական մաքրման կառավարման տեղական պլանը բաղկացած է հետեւյալ բաժիններից.
1) առկա իրավիճակի գնահատում.
2) պլանավորում.
3) մշտադիտարկում եւ հաշվետվողականություն:
3. Աղբահանության եւ սանիտարական մաքրման կառավարման տեղական պլանի մեթոդական ուղեցույցը հաստատում է աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը:»:
Հոդված 7. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 5. Աղբահանության վճարը
1. Աղբահանության վճարը սույն օրենքով նախատեսված վճարողների կողմից աղբահանության դիմաց սույն օրենքով սահմանված կարգով եւ սույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու սահմանած չափով համայնքի բյուջե կամ արտաբյուջե գանձվող պարտադիր գանձույթ է:
2. Աղբահանության վճարի կամ դրա տեսակի փոփոխման դեպքում սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք հաջորդ ամսվա 5-ը ներառյալ պարտադիր աղբահանության վճար վճարողներին իրազեկում են աղբահանության փոփոխված վճարի չափի կամ դրա տեսակի մասին: Ընդ որում, իրազեկումն իրականացվում է համայնքի պաշտոնական կայքում հրապարակելով, իսկ ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերի ու շինությունների դեպքում՝ աղբահանության համար վճարողի հաշվառման հասցեին կամ նրա տրամադրած էլեկտրոնային փոստին ծանուցում ուղարկելու միջոցով:
3. Աղբահանության լրացուցիչ ծառայությունների մատուցման անհրաժեշտության դեպքում աղբահանության ծառայություն մատուցող ու ստացող կողմերի միջեւ կնքվում է պայմանագիր՝ սահմանելով դրույքաչափը, աղբահանության ծառայությունների մատուցման կարգն ու ձեւը:»:
Հոդված 8. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը «արգելվում է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 21.1-ին հոդվածով սահմանված դեպքերի» բառերով:
Հոդված 9. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «իրականացնում են» բառերից հետո լրացնել «համապատասխան տեխնիկայի ու սարքավորումների հագեցվածությամբ» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Տեսակավորված աղբի հավաքում եւ փոխադրում կարող են իրականացնել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք, ինչպես նաեւ աղբի սեփականատերը, իրավաբանական, ֆիզիկական անձինք ու անհատ ձեռնարկատերերը՝ համայնքի թույլտվության հիման վրա:»:
Հոդված 10. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Աղբի հավաքումը կատարվում է՝
1) անմիջապես աղբ գոյացնողից եւ տեղափոխվում է անմիջապես աղբատար մեքենա՝ առանց աղբամաններում կուտակելու.
2) աղբամանների միջոցով՝ աղբը հավաքվում կամ պահվում է համայնքի ընդհանուր օգտագործման տարածքներում այդ նպատակով սահմանված կամ նախատեսված հատուկ հարթակների վրա տեղադրված՝ համայնքի կամ օպերատորի տրամադրած տարողություններում՝ սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների եւ նորմերի պահանջների պահպանմամբ.
3) աղբամուղների միջոցով՝ աղբը հավաքվում է աղբահավաք խցերում՝ սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների եւ նորմերի պահանջների պահպանմամբ.
4) փոխաբեռնման կայանների միջոցով, որտեղ ժամանակավոր հավաքվում, սեղմվում եւ ըստ անհրաժեշտության՝ տեսակավորվում է աղբը՝ սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների եւ նորմերի պահանջների պահպանմամբ, այնուհետեւ տեղափոխվում վերամշակման, օգտահանման արտադրամասեր կամ աղբավայր.
5) աղբի հավաքման կենտրոնների միջոցով, որտեղ ժամանակավոր հավաքվում է տեսակավորված աղբը դրա հետագա գործածության նպատակով: Ընդ որում, աղբի հավաքման կենտրոններ տեսակավորված աղբը կարող են տեղափոխել օպերատորը, ինչպես նաեւ ֆիզիկական, իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը իրենց միջոցների հաշվին՝ համայնքի ղեկավարի թույլտվությամբ:».
2) 3-րդ մասի «Ոչ կենցաղային» բառերը փոխարինել «Շինարարական» բառով, «հավաքվում եւ» բառերը՝ «հավաքվում է անմիջապես աղբ գոյացնողից՝ առանց աղբամաններում կուտակելու կամ» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին, 3.2-րդ եւ 4.1-ին մասերով.
«3.1. Օգտահանման եւ վերամշակման ենթակա աղբը (թղթե, ապակե, պլաստիկ եւ կենսաքայքայվող աղբը) հավաքվում է համայնքի, օպերատորի կամ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց տրամադրած առանձնացված աղբամաններում կամ կոնտեյներներում:
3.2. Վտանգավոր թափոնների հավաքման գործընթացներն իրականացվում են «Թափոնների մասին» օրենքով սահմանված կարգով:».
«4.1. Աղբամաններում արգելվում է տեղադրել կամ պահել արտադրական թափոնները, էլեկտրոնային եւ էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնները, սնդիկ պարունակող լամպերը եւ այլ արտադրանք, էլեկտրական կուտակիչները եւ մարտկոցները, անվադողերը, այրվող, շիկացած կամ տաք աղբը, բժշկական թափոնները, խոշոր եզրաչափերի աղբը, ձյունը եւ սառույցը, հեղուկ թափոնները, ինչպես նաեւ այլ վտանգավոր թափոններ, որոնք կարող են վնաս հասցնել աղբահանություն կատարող անձանց կյանքին եւ առողջությանը:»:
Հոդված 11. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ եւ 3-րդ մասերով.
«2. Աղբի փոխադրումն իրականացվում է դրա համար նախատեսված հատուկ մասնագիտացված տեխնիկայի եւ համապատասխան անձնակազմի միջոցով՝ սանիտարահիգիենիկ կանոններին եւ նորմերին, ինչպես նաեւ սանիտարական սխեմային համապատասխան:
3. Շինարարական, խոշոր եզրաչափերի, օգտահանման եւ վերամշակման ենթակա աղբը փոխադրվում է առանձին-առանձին՝ սահմանված նորմերին ու կանոններին համապատասխան:»:
Հոդված 12. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 12. Աղբի տեղադրմանը եւ աղբավայրերի շահագործմանը ներկայացվող պահանջները
1. Աղբը տեղադրվում է բնապահպանական, սանիտարական եւ քաղաքաշինական նորմերին համապատասխանող աղբավայրերում կամ ենթարկվում է վերամշակման:
2. Աղբավայրերում աղբի տեղադրումն իրականացվում է աղբավայրերի շահագործման եւ սանիտարահիգիենիկ կանոնների պահանջների պահպանմամբ:
3. Համայնքային աղբավայրերի դեպքում աղբի տեղադրման համար վճարը սահմանում է համայնքի ավագանին:
4. Արգելվում է աղբի տեղադրումը դրա համար չնախատեսված վայրերում:
5. Արգելվում է պայթուցիկ եւ դյուրավառ նյութերի, բժշկական հաստատություններից ու սպանդանոցներից առաջացած եւ այլ կենսաբանական թափոնների, էլեկտրոնային եւ էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնների, սնդիկ պարունակող լամպերի եւ այլ արտադրանքի, էլեկտրական կուտակիչների եւ մարտկոցների, փոխադրամիջոցների եւ դրանց անվադողերի, ինչպես նաեւ առանց հատուկ տարաների մեջ պահեստավորված հեղուկ թափոնների տեղադրումը աղբավայրերում:
6. Սահմանափակվում է կենսաքայքայվող աղբի տեղադրումը աղբավայրերում:
7. Արգելվում է աղբավայրում աղբի բաց եղանակով այրումը:
8. Աղբավայրերը շահագործող օպերատորները շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության բացահայտման եւ կանխարգելման նպատակով իրականացնում են աղբավայրի հսկողություն, ինչպես նաեւ հակահրդեհային միջոցառումներ աղբի ինքնայրումը կանխելու համար:»:
Հոդված 13. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 13. Աղբահանության եւ սանիտարական մաքրման սխեմաներին ներկայացվող պահանջները
1. Աղբահանության եւ սանիտարական մաքրման սխեման պարունակում է հետեւյալ հիմնական տարրերը. առաջացող աղբի ծավալների հաշվարկը, սանիտարական մաքրման ենթակա տարածքները, սանիտարական մաքրման աշխատանքների ծավալները, աղբի հավաքման, պահման եւ փոխադրման մեթոդներն ու ժամային գրաֆիկները, աղբի տեղադրման, տեսակավորման եւ վնասազերծման, վերամշակման ու օգտահանման ձեւերն ու մեթոդները, անհրաժեշտ մեքենա-մեխանիզմներին ներկայացվող պահանջները, սանիտարական մաքրման ենթակա հուշարձանների տեղակայումը:
2. Համայնքի աղբահանության եւ սանիտարական մաքրման սխեման հաստատում է համայնքի ավագանին:
3. Աղբի հավաքման, կուտակման, ժամանակավոր պահման, փոխադրման, վերաօգտագործման, օգտահանման, վնասազերծման, վերամշակման եւ աղբավայրում տեղադրման գործունեության կազմակերպման համար հանրապետության աղբահանության տարածաշրջանային գոտիավորված տարածքների համար հաստատվում են աղբահանության եւ սանիտարական մաքրման սխեմաները, որոնք ներառում են՝
1) գոտիավորված տարածքում աղբ առաջացնող աղբյուրների վերաբերյալ տվյալներ.
2) գոտիավորված տարածքում գոյացող աղբի ծավալի եւ տեսակների վերաբերյալ տվյալներ.
3) գոտիավորված տարածքում վերաօգտագործման, վնասազերծման, օգտահանման եւ վերամշակման ենթակա աղբի նպատակային ցուցանիշների վերաբերյալ տվյալներ.
4) գոտիավորված տարածքում աղբի կուտակման վայրերի գտնվելու վերաբերյալ տեղեկատվություն.
5) գոտիավորված տարածքում օգտահանման, վնասազերծման, վերամշակման ենթակա աղբի եւ աղբի հեռացման օբյեկտների գտնվելու վայրի վերաբերյալ տվյալներ.
6) գոտիավորված տարածքում նախատեսվող աղբի վերամշակման, օգտահանման, վնասազերծման օբյեկտների եւ աղբավայրերի կառուցման վերաբերյալ տեղեկատվություն.
7) գոտիավորված տարածքի աղբահանության եւ սանիտարական մաքրման սխեմայի էլեկտրոնային մոդել:
4. Աղբահանության եւ սանիտարական մաքրման սխեմաները ենթակա են հրապարակման դրանց հաստատումից հետո՝ եռօրյա ժամկետում:»:
Հոդված 14. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «դրույքաչափը» բառից հետո լրացնել «եւ հաշվարկման մեթոդները» բառերով.
2) 2-րդ մասի 6-րդ եւ 7-րդ կետերը «առանձնացված» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ տարբերակված» բառերով.
3) 2-րդ մասի 6-րդ կետը «հաշվարկվում է սույն մասի 1-5-րդ կետերով սահմանված» բառերից հետո լրացնել «առավել բարձր» բառերով.
4) 3-րդ մասի «Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաեւ ոչ բնակելի տարածքների» բառերը փոխարինել «Ոչ բնակելի նպատակային նշանակության առնվազն 1000 քմ ընդհանուր մակերես զբաղեցնող շենքերում եւ (կամ) շինություններում եւ շենքերից ու շինություններից դուրս գտնվող առեւտրի եւ հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի» բառերով.
5) 3-րդ մասը «1-5-րդ կետերով» բառերից հետո լրացնել «եւ 2.1-ին մասով» բառերով.
6) 3-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
7) 3.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ոչ բնակելի շենքի եւ (կամ) շինության եւ (կամ) տարածքների մասով աղբահանության հարաբերությունները կարգավորվում են աղբահանության ծառայություն մատուցող եւ ստացող կողմերի միջեւ կնքված պայմանագրով: Ընդ որում, նշված շենքի, շինության եւ տարածքի սեփականատերը սույն հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով եւ 2.1-ին մասով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության վերաբերյալ գրավոր ներկայացնում է համապատասխան համայնքի ղեկավարին կամ օպերատորին:».
8) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.2-րդ եւ 3.3-րդ մասերով.
«3.2. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված դեպքում ոչ բնակելի նպատակային նշանակության շենքի եւ (կամ) շինության եւ (կամ) տարածքի սեփականատերն է կազմակերպում ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման եւ հաշվարկման ապահովումը՝ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց կողմից դրա ապահովման անհնարինության դեպքում: Ընդ որում, ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման դեպքում պետք է ապահովվեն աղբի հավաքման ու հեռացման՝ համայնքի ավագանու հաստատած կարգն ու պայմանները:
3.3. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված կարգավորումները չեն կիրառվում սույն հոդվածի 3.2-րդ մասով սահմանվող ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման համար համապատասխան աղբամանների տեղադրման, ինչպես նաեւ աղբատար մեքենաների անարգել մուտքի ու ելքի անհնարինության դեպքերում:»:
Հոդված 15. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին գլխով.
«ԳԼՈՒԽ 4.1
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽԹԱՆԻՉՆԵՐ
Հոդված 21.1. Տնտեսական խթանիչների կիրառումը
1. Աղբահանության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինները կիրառում են տնտեսական խթանիչներ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար՝ սույն օրենքի 14-րդ հոդվածում ամրագրված վճարների նվազեցմամբ՝ աղբի կանոնավորված տեսակավորման, դրա գոյացման ծավալների նվազեցման, օգտահանման միջոցառումների կիրառման գործունեություն ծավալելու դեպքերում:»:
Հոդված 16.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետով լրացվող՝ Օրենքի 10-րդ հոդվածի 4.1-ին մասով եւ սույն օրենքի 12-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետով լրացվող՝ Օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի 3.2-րդ կետով նախատեսված իրավական ակտի, որն ընդունվում է մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
08.05.2023
Երեւան
ՀՕ-137-Ն