Armenian      
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.04.2023

Հոդված 1. «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» 2019 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-141-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) Հայաստանի Հանրապետության անունից Եվրոպական դատարան է ներկայացնում միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ պահանջ:»:

Հոդված 2. Օրենքի 8.1-ին հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Կառավարության որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացնում հայցադիմում.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) Արդարադատության միջազգային դատարան է ներկայացնում ժամանակային միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն.»:

Հոդված 3. Օրենքի 8.2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին, 6.1-ին եւ 8.1-ին կետերով.

«1.1) սույն հոդվածի 1-ին կետով սահմանված բանակցությունների արդյունքով կազմում է հաշտության համաձայնագիր, որը հաստատում է Կառավարությունը՝ սահմանելով համաձայնագրի ստորագրման եւ դրանից բխող պարտավորությունների իրականացման կարգը.».

«6.1) միջազգային արբիտրաժային վեճերի կամ օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քննվող գործերի շրջանակներում բանակցված հաշտության համաձայնագիրը հաստատման է ներկայացնում Կառավարություն, որը հաստատում է այն՝ սահմանելով համաձայնագրի ստորագրման եւ դրանից բխող պարտավորությունների իրականացման կարգը.».

«8.1) արբիտրաժային որոշումը (վճիռը) չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի առնչությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, ինչպես նաեւ՝ Հայաստանի Հանրապետության շահերն արբիտրաժային որոշումը (վճիռը) չեղյալ ճանաչելու վարույթում.»:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) ներկայացնելու միջազգային դատարաններ, Եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտ եւ միջազգային արբիտրաժային կենտրոններ գործուղվող իրավաբանների թեկնածությունը, որը հաստատում է վարչապետը: Հանրային ծառայող չհանդիսացող անձին վարչապետը որոշմամբ լիազորում է հանդես գալ սույն կետում նշված մարմիններում, եւ նրա հետ կնքվում է համապատասխան պայմանագիր.»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

08.05.2023
Երեւան
ՀՕ-142-Ն