Armenian      
Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.05.2023

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-8.4-րդ մասերով.

«8.1. Կարգադրագրի՝ դրանով սահմանված ժամկետում չկատարման դեպքում այն ստուգվող սուբյեկտի կողմից, որի սնանկ ճանաչվելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտել, կամ սկսվել է լուծարման գործընթաց, եւ միաժամանակ՝ տրված կարգադրագրի չկատարման արդյունքով առկա է քաղաքացիների կյանքին, առողջությանն սպառնացող անմիջական վտանգ կամ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ, տեսչական մարմինը կարգադրագրի չկատարման փաստն արձանագրելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, դիմում է լիազոր մարմին՝ ներկայացնելով առաջարկություն տեսչական մարմնի իրականացրած վերահսկողական գործողությունների արդյունքով արձանագրված եւ կարգադրագրով սահմանված ժամկետում չվերացված խախտումները վերացնելու վերաբերյալ:

8.2. Լիազոր մարմինը սույն հոդվածի 8.1-ին մասով սահմանված առաջարկությունն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տեսչական մարմին ներկայացնում է տեղեկություն՝ տեսչական մարմնի իրականացրած վերահսկողական գործողությունների արդյունքով արձանագրված եւ կարգադրագրով սահմանված ժամկետում չվերացված խախտումներն իր կողմից վերացնելու նպատակով համապատասխան գործողությունների, դրանց կատարման համար անհրաժեշտ ժամկետների, ինչպես նաեւ համապատասխան գործողությունների կատարման նախնական ծախսերի հաշվարկի վերաբերյալ:

8.3. Լիազոր մարմինը սույն հոդվածի 8.2-րդ մասով սահմանված գործողությունների կատարման ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, տեսչական մարմին ներկայացնում է տեղեկություն կատարված գործողությունների արդյունքների վերաբերյալ, իսկ ստուգվող սուբյեկտին ներկայացնում է արձանագրված խախտումների վերացման արդյունքով կատարված ֆինանսական ծախսերի փոխհատուցման պահանջ:

8.4. Սույն հոդվածի 8.3-րդ մասով նախատեսված փոխհատուցման պահանջն ստուգվող սուբյեկտի կողմից այն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, չկատարվելու դեպքում գանձումն իրականացվում է դատական կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

12.06.2023
Երեւան
ՀՕ-189-Ն