Armenian      
Լիցենզավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.05.2023
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ նախադասությունով. «Դեղատնային գործունեության, բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման համար լիցենզիաները տրվում են հինգ տարի ժամկետով:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը դեղատնային գործունեության, բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման համար լիցենզավորված անձինք, որոնց լիցենզիաների տրամադրման օրվանից անցել է հինգ տարի եւ ավելի ժամանակահատված, ենթակա են նորից լիցենզավորման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հետեւյալ ժամկետներում.

1) Երեւան քաղաքում դեղատնային գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք` 30 ամսվա ընթացքում,

2) Երեւան քաղաքում բժշկական օգնության եւ սպասարկման հիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք` մեկ տարվա ընթացքում,

3) Երեւան քաղաքում բժշկական օգնության եւ սպասարկման արտահիվանդանոցային, ցերեկային ստացիոնար, բժշկական կազմակերպությունից դուրս պայմաններում գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք` 18 ամսվա ընթացքում,

4) մարզերում բժշկական օգնության եւ սպասարկման արտահիվանդանոցային, ցերեկային ստացիոնար, բժշկական կազմակերպությունից դուրս պայմաններում գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք` 30 ամսվա ընթացքում,

5) մարզերում բժշկական օգնության եւ սպասարկման հիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք` երկու տարվա ընթացքում,

6) մարզերում դեղատնային գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք 42 ամսվա ընթացքում դիմում են ներկայացնում լիազոր մարմին:

Այն լիցենզավորված անձինք, որոնց լիցենզիաների տրամադրման օրվանից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն անցել է հինգ տարուց պակաս ժամանակահատված, հինգ տարին լրանալու դեպքում ենթակա են նորից լիցենզավորման ընդհանուր հիմունքներով:

3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում եւ ժամկետներում համապատասխան լիցենզավորված անձինք նորից լիցենզավորման համար չեն դիմում, ապա լիազոր մարմինը դադարեցնում է այդ լիցենզիաների գործողությունը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

12.06.2023
Երեւան
ՀՕ-192-Ն