ՕՐԵՆՔԸ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ մասով.
«Սույն օրենքը, «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, սահմանում է նաեւ գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության կատարման պայմանները եւ կարգը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են այդ ակտերի կատարման նկատմամբ:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.2-րդ կետով.
«8.2) գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը.»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը «, արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար մշտապես գործող արբիտրաժային հաստատության էլեկտրոնային հաղորդագրությունը,» բառերից հետո լրացնել «գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության էլեկտրոնային հաղորդագրությունը,» բառերով:
Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակության 5.1-ին մասով.
«5.1. Գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության էլեկտրոնային հաղորդագրությունը կարող է ներկայացվել հարկադիր կատարման կողմերի համար պարտադիր դառնալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:»:
Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.
«2.2. Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության էլեկտրոնային հաղորդագրությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում:»:
Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31.6-րդ հոդվածով.
«Հոդված 31.6. Գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության էլեկտրոնային հաղորդագրությունը վերադարձնելը
1. Գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության էլեկտրոնային հաղորդագրությունը հարկադիր կատարողը վերադարձնում է նոտարին, եթե այն չի համապատասխանում «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82.10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության էլեկտրոնային հաղորդագրությանը ներկայացվող պահանջներին, ինչպես նաեւ եթե լրացել է էլեկտրոնային հաղորդագրությունը հարկադիր կատարման ներկայացնելու մեկամսյա ժամկետը:»:
Հոդված 7. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունել գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը չեղյալ ճանաչելու մասին դիմումը:»:
Հոդված 8. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով կասեցված կատարողական վարույթը վերսկսվում է գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը չեղյալ ճանաչելու մասին դիմումի քննությամբ կայացված որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:»:
Հոդված 9. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18-րդ կետով.
«18) գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության պահանջը փաստացի կատարվել է, կամ կարգադրության հարկադիր կատարման ընթացքում պարզվել է, որ անձը կատարել է իր պարտավորությունը մինչեւ նոտարի կողմից էլեկտրոնային հաղորդագրությունը հարկադիր կատարման ուղարկվելը, կամ օրինական ուժի մեջ է մտել գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը չեղյալ ճանաչելու մասին դատարանի որոշումը:»:
Հոդված 10. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ նոտարական պալատի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից չեղյալ ճանաչել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի օրենքի 1-ին հոդվածով լրացվող տասներորդ պարբերությունը, 2-րդ հոդվածը, ինչպես նաեւ 3-րդ հոդվածի «նոտարի արձակած վճարման կարգադրությունը» բառերը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
18.07.2023
Երեւան
ՀՕ-231-Ն