Armenian      
Քաղաքացիական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.06.2023

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 249-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումով ներկայացված շարժական գույք հանդիսացող գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու պահանջների դեպքում գրավի առարկայի վրա բռնագանձումը տարածվում է նոտարի արձակած կարգադրության ուժով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.

«6.1) ներկայացվել է գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմում մինչեւ գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրության վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշում կայացնելու պահը, իսկ եթե հետագայում չեղյալ է ճանաչվել նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը՝ մինչեւ չեղյալ ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահը.»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ նոտարական պալատի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

18.07.2023
Երեւան
ՀՕ-228-Ն