Armenian      
Ավտոմոբիլային տրանսպորտի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 12.07.2023

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի երկրորդ նախադասությունը «Ներհամայնքային» բառից հետո լրացնել «(բացառությամբ բազմաբնակավայր համայնքների բնակավայրերի միջեւ)» բառերով, իսկ նույն նախադասության «միջմարզային եւ ներմարզային» բառերը փոխարինել «միջմարզային, ներմարզային եւ բազմաբնակավայր համայնքների բնակավայրերի միջեւ» բառերով.

2) 12-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12. Երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժեւորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների եւ ավտոպահեստամասերի գների փոփոխություն եւ այլն), ինչպես նաեւ մրցութային  եղանակով կազմակերպված միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի փոփոխության՝ երկարացման կամ կրճատման դեպքում երթուղու սպասարկումն իրականացնելու համար մրցույթի արդյունքով սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել, իսկ միասնական երթուղիների սպասարկման համար օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձեւավորման դեպքում երթուղու փոխադրավարձը սահմանվում է տվյալ երթուղիներն սպասարկող օպերատորի առաջարկությամբ, մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ եւ հաստատվում սույն օրենքի 10-րդ հոդվածի  2-րդ մասով սահմանված` երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ: Կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղիների փոխադրավարձը սահմանելու պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին մասով.

«12.1. Գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում փոխադրավարձը վերանայվում է ավագանու որոշմամբ:»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

31.07.2023
Երեւան
ՀՕ-250-Ն