ՕՐԵՆՔԸ
«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 2018 թվականի մարտի 21-ի ՀՕ-180-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը «փորձաքննության,» բառից հետո լրացնել «ներառյալ մոտարկման համապատասխանության որոշման,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ կետով.
«11) մոտարկում՝ նորմատիվ իրավական ակտի նախագիծ մշակելու միջոցով միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների շրջանակում ներպետական օրենսդրության համապատասխանեցում առանձին ոլորտներում տվյալ միջազգային պայմանագրով նախատեսված իրավական կարգավորումներին:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «սույն օրենքին» բառերից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով (այսուհետ սույն հոդվածում՝ Համաձայնագիր) նախատեսված մոտարկման շրջանակներում մշակված նախագծերի դեպքում՝ նաեւ սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում նշված Եվրոպական միության օրենսդրությանը» բառերով.
2) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկումն ապահովելու նպատակով մշակված նորմատիվ իրավական ակտի նախագծին կցվող հիմնավորումը ներառում է նաեւ առանձին նշում՝
1) Եվրոպական միության մոտարկման ենթակա օրենսդրության մասին, որը ներառում է մոտարկման ենթակա իրավական ակտի վերնագիրը, համարը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը եւ
2) ներկայացված նախագծի՝ Եվրոպական միության օրենսդրությանը համապատասխանեցման կամ մասնակի համապատասխանեցման (նաեւ չհամապատասխանեցման) պատճառների վերաբերյալ:»:
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
2. Կառավարության աշխատակարգում եւ արդարադատության նախարարության կանոնադրության մեջ սույն օրենքի իրականացումն ապահովող փոփոխությունները կատարվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
03.10.2023
Երեւան
ՀՕ-287-Ն