Armenian   Russian    
Մաքսային կարգավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.10.2023

Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 189-րդ հոդվածի 6-րդ մասը «պահանջները» բառից հետո լրացնել «եւ մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր, ներառյալ մաքսային հսկողության գոտիներում անձանց եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժման կանոնները» բառերով:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 302.1-ին հոդվածով.

«Հոդված 302.1.  Մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր կանոնները խախտելը

1. Մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր կանոնները խախտելը՝ առաջացնում է նախազգուշացում:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքը վեց ամսվա ընթացքում կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանք՝ երկու հարյուր հազար դրամի չափով:»:

Հոդված 3. Օրենքի 326-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «եթե» բառից հետո լրացնել «մաքսային կանոնների խախտում կատարած անձը խոչընդոտում է մաքսային մարմինների պաշտոնատար անձանց գործառույթների իրականացումը, հրաժարվում է դադարեցնել կատարվող իրավախախտումը, կամ» բառերով.

2) 2-րդ մասի «անձը մաքսային մարմինների պաշտոնատար անձանց դիմադրություն է ցույց տալիս» բառերը փոխարինել «անձը խոչընդոտում է մաքսային մարմնի պաշտոնատար անձանց գործառույթների իրականացումը» բառերով, իսկ «երեք օր ժամկետով՝ ձերբակալման պահից 24 ժամվա ընթացքում գրավոր տեղեկացնելով դատախազին» բառերը՝ «վեց ժամ տեւողությամբ՝ այդ մասին անհապաղ հայտնելով դատախազին» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սույն հոդվածի իմաստով՝ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց գործառույթների իրականացումը խոչընդոտել է համարվում սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված դեպքերում մաքսային մարմինների պաշտոնատար անձանց օրինական պահանջներին չենթարկվելը, մաքսային մարմինների պաշտոնատար անձանց դիմադրություն ցույց տալը, մաքսային հսկողությունից թաքցված ապրանքների հայտնաբերման աշխատանքները խանգարելը կամ այլ կերպ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց պաշտոնական պարտականությունների իրականացումը խոչընդոտելը:»:

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող՝ Օրենքի 189-րդ հոդվածի 6-րդ մասում նշված՝ մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր կանոնները սահմանվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

14.11.2023
Երեւան
ՀՕ-317-Ն