Armenian      
Ավտոմոբիլային տրանսպորտի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.12.2023

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը «ոչ կանոնավոր փոխադրում» հասկացությունը սահմանող պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն՝ էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ համացանցի միջոցով, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ ուղեւորների փոխադրման պատվերների ընդունման եւ փոխանցման ծառայությունների մատուցում.»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը «առանձին պատվերներով ավտոբուսներով» բառերից հետո լրացնել «կամ թեթեւ մարդատար ավտոմոբիլներով» բառերով:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 16. Ոչ կանոնավոր փոխադրումների կազմակերպումը ».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-8-րդ մասերով.

«5. Էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն կարող են իրականացնել լիազոր մարմնից ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ստացած իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի պահանջներին համապատասխան:

6. Էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը լիազոր մարմնին եւ հարկային մարմնին առցանց տրամադրում են տվյալների բազայի հասանելիություն ձեւակերպված պատվերների (հարկային մարմնին՝ ուղեւորափոխադրում իրականացնողների) մասով տեղեկատվությանը, այդ թվում՝ փոխադրողի վարորդական իրավունքի վկայականի եւ տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի վերաբերյալ, ապահովելով անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջները: Տվյալների բազայի հասանելիության ընթացակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը պետք է ապահովեն էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայության միջոցով ուղեւորների փոխադրման յուրաքանչյուր պատվերի իրականացման դեպքում՝

1) փոխադրման ընդհանուր արժեքի մասին տեղեկատվության տրամադրումը պատվիրատուին.

2) պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի տրամադրումը պատվիրատուին.

3) փոխադրման ընդհանուր արժեքից պետական տուրքի հաշվարկը, գանձումը եւ վճարումը պետական բյուջե՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով եւ կարգով:

8. Ֆիզիկական անձանց կողմից թեթեւ մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների իրականացումը թույլատրվում է միայն էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայության միջոցով:»:

Հոդված 4 . Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումներ կարող են իրականացնել այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին եւ ամեն պատվերի իրականացման դեպքում տրամադրում են պատվիրատուին պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն (բացառությամբ էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայության միջոցով ուղեւորափոխադրումների):

Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումները կարող են իրականացվել նաեւ էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայության միջոցով, որի դեպքում պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնը պատվիրատուին տրամադրում է էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը:»:

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

22.12.2023
Երեւան
ՀՕ-390-Ն