Armenian      
Մթնոլորտային օդի պահպանության մասին*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.12.2023

Հոդված 1. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» 1994 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-121 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 37-րդ կետով.

«37) մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատում` իրավաբանական եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց կողմից մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման հետեւանքով մարդկանց առողջությանը, ինչպես նաեւ բնության եւ շրջակա միջավայրի այլ օբյեկտներին պատճառված բացասական ներգործության արժեքային գնահատում, որն իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման կարգի հաստատումը.»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման կարգի մշակումը.»:

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Հատուկ սահմանված երթուղով եւ հատուկ հատկացված վայրեր  շինարարական աղբի տեղափոխման (այդ թվում՝ տեղադրման) նկատմամբ վերահսկողությունը իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:»:

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետով.

«12) հատուցել  սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետով սահմանված կարգով գնահատված վնասը:»:

Հոդված 6.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

22.12.2023
Երեւան
ՀՕ-396-Ն