ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-ին գլխով.
«ԳԼՈՒԽ 11.1
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 119.1. Սույն գլխի գործողության ոլորտը
1. Սույն գլխի նորմերը տարածվում են էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով դատարանի եւ դատավարության մասնակիցների, ինչպես նաեւ սույն օրենսգրքով նախատեսված այլ անձանց կողմից իրականացվող գործողությունների վրա:
2. Եթե սույն գլխով առանձնահատկություններ սահմանված չեն, ապա Համակարգի միջոցով իրականացվող գործողությունների վրա տարածվում են սույն օրենսգրքի ընդհանուր կանոնները:
3. Համակարգի միջոցով պատշաճ կերպով եւ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համապատասխան կատարված գործողությունն առաջացնում է նույն հետեւանքները, որոնք կառաջացներ սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով իրականացված համանման գործողությունը:
4. Համակարգի միջոցով չեն կարող կատարվել այնպիսի գործողություններ, որոնց կատարումը Համակարգի միջոցով տեխնիկական տեսանկյունից անհնարին է: Նման անհնարինությունը չի կարող գնահատվել որպես անձի դատավարական իրավունքների սահմանափակում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համապատասխան գործողությունը կարող է կատարվել սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:
5. Սույն գլխի նորմերը կիրառելի չեն այն դեպքերում, երբ դատարանը գործը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու մասին որոշում է կայացրել:
Հոդված 119.2. Սույն գլխում օգտագործվող հասկացությունները
1. Սույն գլխի իմաստով՝
1) Համակարգը էլեկտրոնային փաստաթղթերի նախապատրաստման, առաքման, ստացման, պահպանման եւ գործի քննության համար անհրաժեշտ՝ սույն գլխով նախատեսված այլ գործողությունների իրականացման համար Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կողմից վարվող էլեկտրոնային համակարգն է.
2) էլեկտրոնային եղանակով վարվող գործը դատական գործի՝ Համակարգում գտնվող եւ Համակարգի միջոցով հասանելի նյութերի ամբողջությունն է.
3) Համակարգն օգտագործող անձ է (են) համարվում`
ա. այն ֆիզիկական անձը, որը քաղաքացիական գործի շրջանակներում առնվազն մեկ անգամ Համակարգի միջոցով կատարել է որեւէ գործողություն եւ հետագայում գործը քննող դատարանին տեղյակ չի պահել Համակարգից օգտվելու անհնարինության մասին,
բ. իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, գնումների հետ կապված վեճերով վարույթում պատասխանողները, ներկայացուցիչ հանդիսացող փաստաբանները, սնանկության գործով կառավարիչները, նոտարները եւ արտոնագրված հաշտարարները՝ անկախ Համակարգի միջոցով որեւէ անգամ որեւէ գործողություն կատարած լինելուց կամ չլինելուց:
2. Սույն գլխի իմաստով՝ Համակարգի միջոցով հասանելի դարձած փաստաթղթեր (նյութեր) են համարվում այն փաստաթղթերը (այդ թվում՝ դատավարական փաստաթղթերը, ապացույցները, դատական ակտերը, դատական ծանուցագրերը), որոնք առկա են էլեկտրոնային եղանակով վարվող գործի նյութերում եւ տեղադրվել են Համակարգն օգտագործող անձի անձնական էջում, որը հավաստվում է Համակարգի կողմից, եւ դրանք հնարավոր է դիտել ու ներբեռնել Համակարգի միջոցով: Համակարգն օգտագործող անձին որեւէ փաստաթուղթ (նյութ) հասանելի դառնալու դեպքում Համակարգն օգտագործող անձն անմիջապես տեղեկացվում է Համակարգում մուտքագրված անձի բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով:
Հոդված 119.3. Էլեկտրոնային եղանակով վարվող գործը
1. Քաղաքացիական գործի շրջանակներում դատարանը գործը վարում է էլեկտրոնային եղանակով, բացառությամբ այն փաստաթղթերի (նյութերի), որոնք ստացվել են սույն օրենսգրքի 119.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված ֆիզիկական անձի կողմից կամ ուղարկվել են նրան, եւ սույն գլխով նախատեսված այլ դեպքերի:
2. Էլեկտրոնային եղանակով վարվող գործը ներառում է քաղաքացիական գործի բոլոր նյութերը, որոնք ստեղծվել կամ ներկայացվել են Համակարգի միջոցով, ինչպես նաեւ Համակարգից դուրս ստեղծված կամ ներկայացված գործի բոլոր նյութերի սկանավորված տարբերակները (ներառյալ՝ իրեղեն ապացույցների լուսանկարները եւ տեսագրությունները, դատական ծանուցագրերը եւ դատական նիստերի արձանագրությունները):
Հոդված 119.4. Դատավարական փաստաթղթերի ներկայացման հետ կապված առանձնահատկությունները
1. Բոլոր դատավարական փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, պատասխան, դիրքորոշում, միջնորդություն եւ այլն) կազմվում եւ ներկայացվում են Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին եւ առաջադրվող պահանջներին համապատասխան, բացառությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների, որոնք ներկայացվում են միայն նյութական եղանակով:
2. Դատավարական փաստաթղթին կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են դրանց սկանավորված տարբերակները Համակարգի միջոցով ուղարկելու եղանակով: Այն դեպքում, երբ դատավարական փաստաթղթին կից ներկայացվող փաստաթուղթը էլեկտրոնային է, այն ներկայացվում է առանց սկանավորման:
3. Համակարգի միջոցով ներկայացված դատավարական փաստաթուղթը եւ դրան կից փաստաթղթերը համարվում են դատարան ներկայացված Համակարգի միջոցով դրանք ուղարկելու պահից:
4. Համակարգի միջոցով ներկայացված դատավարական փաստաթուղթը եւ դրան կից փաստաթղթերը համարվում են դատարանի կողմից ստացված իրեն հասանելի դառնալու պահից:
5. Համակարգի միջոցով ներկայացված դատավարական փաստաթուղթը եւ դրան կից փաստաթղթերը համարվում են Համակարգը չօգտագործող անձին ուղարկված, եթե Համակարգի միջոցով ներկայացվել է ուղարկելու մասին համապատասխան ապացույցի սկանավորված տարբերակը:
6. Համակարգի միջոցով ներկայացված դատավարական փաստաթուղթը եւ դրան կից փաստաթղթերը համարվում են Համակարգն օգտագործող անձին ուղարկված, եթե համապատասխան փաստաթղթերը Համակարգի միջոցով հասանելի են դարձել Համակարգն օգտագործող անձին: Այդ դեպքում դատավարական փաստաթուղթը ներկայացնող անձը դրան չի կցում փաստաթուղթն ուղարկելու մասին լրացուցիչ ապացույց: Փաստաթուղթը հասցեատիրոջ կողմից համարվում է ստացված իրեն հասանելի դառնալու պահից երեք աշխատանքային օր հետո:
7. Դատավարական փաստաթղթերը Համակարգի միջոցով ներկայացվելու դեպքում անձն ազատվում է համապատասխան փաստաթուղթը մի քանի օրինակից ներկայացնելու պարտականությունից:
8. Դատական ակտի դեմ Համակարգի միջոցով բողոք ներկայացվելու դեպքում բողոք բերող անձն ազատվում է բողոքի օրինակը դատական ակտ կայացրած դատարան ուղարկելու պարտականությունից:
9. Դատավարական փաստաթղթերը Համակարգի միջոցով ներկայացվելու դեպքում անձն ազատվում է համապատասխան փաստաթղթի էլեկտրոնային կրիչը ներկայացնելու պարտականությունից:
Հոդված 119.5. Դատարանի կողմից դատական ակտերի կայացման, հրապարակման եւ ուղարկման հետ կապված առանձնահատկությունները
1. Առանձին ակտի ձեւով կայացվող բոլոր դատական ակտերը կազմվում են Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին եւ առաջադրվող պահանջներին համապատասխան:
2. Առանձին ակտի ձեւով կայացված բոլոր դատական ակտերը եւ դրանց վերաբերյալ ներկայացված հատուկ կարծիքները տեղադրվում են Համակարգում:
3. Համակարգն օգտագործող անձի համար դատական ակտը համարվում է հրապարակված (կամ կայացված), եթե այն Համակարգի միջոցով հասանելի է դարձել Համակարգն օգտագործող անձին:
4. Համակարգն օգտագործող անձի համար դատական ակտը համարվում է վերջինիս ուղարկված, եթե այն Համակարգի միջոցով հասանելի է դարձել Համակարգն օգտագործող անձին:
5. Դատական ակտերը համարվում են Համակարգն օգտագործող անձի կողմից ստացված դրանք իրեն հասանելի դառնալու պահից երեք աշխատանքային օր հետո:
6. Դատարանի եւ դատարանի աշխատակազմի կողմից ուղարկվող (վերադարձվող) փաստաթղթերի, պարզաբանումների, տեղեկացումների եւ արձանագրությունների նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի կանոնները:
7. Համակարգում հրապարակված դատական ակտերի՝ դատարանների միջեւ շրջանառությունը կատարվում է Համակարգի միջոցով՝ ինքնաշխատ կամ դատավորի կողմից Համակարգի համապատասխան գործիքակազմն օգտագործելու եղանակով:
8. Դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկվող կատարողական թերթերը եւ այլ փաստաթղթեր ուղարկվում են Համակարգի միջոցով՝ ինքնաշխատ կամ դատավորի կողմից Համակարգի համապատասխան գործիքակազմն օգտագործելու եղանակով:
Հոդված 119.6. Դատական ծանուցումների հետ կապված առանձնահատկությունները
1. Դատական ծանուցագիրը համարվում է Համակարգն օգտագործող անձին ուղարկված, եթե այն կազմվել է Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին եւ առաջադրվող պահանջներին համապատասխան, պարունակում է սույն օրենսգրքով սահմանված տեղեկատվությունը եւ Համակարգի միջոցով հասանելի է դարձել Համակարգն օգտագործող անձին:
2. Դատական ծանուցագիրը համարվում է Համակարգն օգտագործող անձի կողմից ստացված այն իրեն հասանելի դառնալու պահից երեք աշխատանքային օր հետո:
3. Դատական ակտի հրապարակման ժամանակի եւ վայրի մասին ծանուցումների նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի կանոնները:
4. Համակարգն օգտագործող անձը կրում է իրեն հասանելի դարձած դատական ծանուցագիրը չկարդալու անբարենպաստ հետեւանքները:
Հոդված 119.7. Դատավարական փաստաթղթերի ստորագրման հետ կապված առանձնահատկությունները
1. Դատավարական փաստաթուղթը համարվում է ներկայացնողի կողմից ստորագրված, եթե այն վավերացվել է ներկայացնողի էլեկտրոնային թվային ստորագրությամբ՝ «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքին համապատասխան, եւ ներկայացվել է Համակարգի միջոցով ներկայացնողի կողմից:
2. Համատեղ ստորագրված դատավարական փաստաթուղթը համարվում է ներկայացնողների կողմից ստորագրված, եթե այն վավերացվել է ներկայացնողների էլեկտրոնային թվային ստորագրություններով՝ «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքին համապատասխան, եւ ներկայացվել է Համակարգի միջոցով ներկայացնողներից որեւէ մեկի կողմից:
3. Դատավորի կայացրած դատական ակտը համարվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով ստորագրված եւ կնքված նաեւ այն դեպքերում, երբ դատական ակտը կազմվել է Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին եւ առաջադրվող պահանջներին համապատասխան, եւ վավերացվել է այն կազմող դատավորի էլեկտրոնային թվային ստորագրությամբ՝ «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքին համապատասխան:
4. Դատարանի կոլեգիալ կազմի կայացրած դատական ակտը համարվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով ստորագրված եւ կնքված նաեւ այն դեպքերում, երբ դատական ակտը կազմվել է Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին եւ առաջադրվող պահանջներին համապատասխան, եւ վավերացվել է այն կազմող դատավորների էլեկտրոնային թվային ստորագրություններով՝ «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքին համապատասխան:
5. Հատուկ կարծիքը համարվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով ստորագրված եւ կնքված նաեւ այն դեպքերում, երբ այն կազմվել է Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին եւ առաջադրվող պահանջներին համապատասխան, եւ վավերացվել է այն կազմող դատավորի էլեկտրոնային թվային ստորագրությամբ՝ «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքին համապատասխան:
Հոդված 119.8. Ապացույցների ներկայացման հետ կապված առանձնահատկությունները
1. Ապացույցներ ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացվում են դատավարական փաստաթղթերի համար նախատեսված կարգով:
2. Գրավոր ապացույցները ներկայացվում են դրանք սույն օրենսգրքով նախատեսված դատավարական փաստաթղթերին կցելու եւ Համակարգով ուղարկելու միջոցով:
3. Գրավոր ապացույցի բնօրինակը, կրկնօրինակը կամ պատշաճ վավերացված պատճենը համարվում է ներկայացված, եթե համապատասխան փաստաթղթի սկանավորված տարբերակը ներկայացվել է Համակարգի միջոցով: Փաստաթղթի սկանավորված լինելու պահանջը չի տարածվում էլեկտրոնային եղանակով կամ կապի այլ միջոցով ստացված գրավոր ապացույցի վրա:
4. Սույն օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում դատարանն իրավունք ունի գրավոր ապացույցի բնօրինակի, կրկնօրինակի կամ պատշաճ վավերացված պատճենի սկանավորված տարբերակը ներկայացրած անձից բանավոր կամ գրավոր (այդ թվում՝ Համակարգի միջոցով ուղարկված հաղորդագրությամբ) պահանջելու ներկայացնել համապատասխան փաստաթղթի՝ նյութական եղանակով առկա օրինակը: Դատարանի պահանջի չկատարումը հանգեցնում է սույն օրենսգրքով նախատեսված հետեւանքների:
5. Համակարգի միջոցով իրեղեն ապացույցի ներկայացմամբ իրեղեն ապացույց թույլատրելու մասին միջնորդությունը ներկայացվում է իրեղեն ապացուցի պատճենը, լուսանկարը կամ տեսագրությունը ներկայացնելու միջոցով: Իրեղեն ապացույցի պատճենը, լուսանկարը կամ տեսագրությունը համարվում է ներկայացված, եթե համապատասխան փաստաթղթի սկանավորված տարբերակը, լուսանկարը կամ տեսագրությունը պարունակող էլեկտրոնային ֆայլը ներկայացվել է Համակարգի միջոցով: Դատարանն իրավունք ունի համապատասխան ապացույցը ներկայացրած անձից բանավոր կամ գրավոր (այդ թվում՝ Համակարգի միջոցով ուղարկված հաղորդագրությամբ) պահանջելու ներկայացնել համապատասխան իրեղեն ապացույցի՝ նյութական եղանակով առկա օրինակը:
6. Լուսանկարները, ձայնագրությունները եւ տեսագրությունները համարվում են ներկայացված, եթե համապատասխան տվյալները պարունակող էլեկտրոնային ֆայլերը ներկայացվել են Համակարգի միջոցով:
7. Ծավալուն էլեկտրոնային ֆայլերը, ինչպես նաեւ այն էլեկտրոնային ֆայլերը, որոնք հնարավոր չէ ներկայացնել Համակարգի միջոցով, ներկայացվում են Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով:
Հոդված 119.9. Ներկայացուցչի լիազորությունների հաստատման հետ կապված առանձնահատկությունները
1. Այն դեպքում, երբ սույն օրենսգրքով պահանջվում է դատավարական փաստաթղթին կից ներկայացնել ներկայացուցչի (այդ թվում՝ օրինական եւ ի պաշտոնե) լիազորությունները հավաստող փաստաթուղթ, ապա այդ պահանջը համարվում է պահպանված, եթե նման փաստաթուղթը ներկայացվել է Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին եւ առաջադրվող պահանջներին համապատասխան, եւ պարունակում է սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված բոլոր անհրաժեշտ վավերապայմանները:
2. Դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձի ներկայացուցչից (այդ թվում՝ օրինական եւ ի պաշտոնե) գրավոր (այդ թվում՝ Համակարգի միջոցով ուղարկված հաղորդագրությամբ) կամ բանավոր պահանջելու ներկայացնել լիազորությունները հավաստող փաստաթղթի կամ փաստաթղթերի՝ նյութական եղանակով առկա օրինակը: Դատարանի պահանջը չկատարելու դեպքում ներկայացուցչի լիազորությունները դատարանը չի ճանաչում:
Հոդված 119.10. Գործի քննության հետ կապված վճարումների առանձնահատկությունները
1. Պետական տուրքը համարվում է վճարված, եւ պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը համարվում է ներկայացված, եթե պետական տուրքը վճարվել է Համակարգի միջոցով, եւ գործը քննող դատարանը Համակարգի միջոցով կարող է հավաստիանալ, որ վճարումը կատարված է:
2. Դատական ակտով բռնագանձման ենթակա գումարները (այդ թվում՝ դատական ծախսերը) համարվում են վճարված սույն հոդվածով սահմանված կանոններով:
Հոդված 119.11. Գործի նյութերին ծանոթանալու եւ գործի նյութերի հասանելիության հետ կապված առանձնահատկությունները
1. Համակարգում առկա էլեկտրոնային գործի նյութերը (ներառյալ՝ դրանում կատարված փոփոխությունները եւ լրացումները) ամբողջ ծավալով պետք է հասանելի լինեն ոչ միայն գործը քննող դատավորին եւ նրա աշխատակազմին, այլեւ գործին մասնակցող անձանց եւ նրանց ներկայացուցիչներին:
2. Այն դեպքում, երբ անձը, սույն օրենսգրքի համաձայն, չի կրում իր ներկայացրած դատավարական փաստաթուղթը գործին մասնակցող մյուս անձանց նախապես ուղարկելու պարտականություն, սակայն օրենքով նախատեսված որոշակի դեպքերում նման պարտականություն կրում է դատարանը, ապա Համակարգում առկա էլեկտրոնային գործի նյութերը (այդ թվում՝ գործի առկայության մասին տեղեկատվությունը) գործին մասնակցող մյուս անձանց հասանելի են դառնում կամ դատարանի կողմից հասանելի են դառնում այն պահին, երբ դատարանի մոտ առաջանում է դատավարական փաստաթուղթը գործին մասնակցող մյուս անձանց ուղարկելու պարտականությունը:
3. Գործին մասնակցող անձի կամ ներկայացուցչի փոխարինման դեպքում էլեկտրոնային գործի նյութերի հասանելիությունը դադարում է փոխարինված անձի կամ ներկայացուցչի համար, միաժամանակ ապահովվում է հասանելիություն նոր ներգրավված գործին մասնակցող անձի կամ ներկայացուցչի համար:
4. Գործին մասնակցող նոր անձի ներգրավման դեպքում էլեկտրոնային գործի նյութերի հասանելիությունն ապահովվում է նաեւ նոր ներգրավված գործին մասնակցող անձի համար:
5. Գործին մասնակցող անձի՝ գործին մասնակցող անձանց կազմից դուրս գալու դեպքում տվյալ անձի հասանելիությունն էլեկտրոնային գործի նյութերին դադարեցվում է:
6. Դատավարության մասնակից հանդիսացող վկայի, փորձագետի, մասնագետի եւ թարգմանչի հասանելիության ծավալը գործի նյութերին որոշում է գործը քննող դատարանը Համակարգի միջոցով:
Հոդված 119.12. Էլեկտրոնային գործի շրջանառության հետ կապված առանձնահատկությունները
1. Էլեկտրոնային գործի (կամ դրա մասի) շրջանառությունը տարբեր դատարանների (այդ թվում՝ տարբեր ատյանների դատարանների) միջեւ կատարվում է Համակարգի միջոցով՝ ինքնաշխատ կամ դատարանի աշխատակազմի կողմից Համակարգի համապատասխան գործիքակազմն օգտագործելու եղանակով:
2. Դատարանը համարվում է էլեկտրոնային գործն ստացած այն պահից, երբ իրեն Համակարգի միջոցով հասանելի են դառնում էլեկտրոնային գործի նյութերը:
3. Եթե գործին մասնակցող բոլոր անձինք Համակարգն օգտագործող անձինք են, ապա սույն օրենսգրքով սահմանված դեպքերում դատարանների միջեւ շրջանառվում է միայն էլեկտրոնային գործը:
4. Համակարգի եւ էլեկտրոնային տեղեկատվական այլ համակարգերի միջեւ տվյալների փոխանցումն իրականացվում է Կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
Հոդված 119.13. Դատավարական ժամկետների հետ կապված առանձնահատկությունները
1. Դատավարական ժամկետը համարվում է պահպանված, եթե դատավարական փաստաթուղթը ներկայացվել է, կամ այլ գործողությունը կատարվել է Համակարգի միջոցով մինչեւ դատավարական ժամկետի վերջին օրվա ժամը 24.00-ն:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Բարձրագույն դատական խորհրդի՝ էլեկտրոնային համակարգի գործարկման մասին հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող՝ Օրենսգրքի 119.12-րդ հոդվածի 4-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Էլեկտրոնային համակարգի եւ էլեկտրոնային տեղեկատվական այլ համակարգերի միջեւ տվյալների փոխանցման կարգը Կառավարությունը սահմանում է սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող՝ Օրենսգրքի 119.12-րդ հոդվածի 4-րդ մասն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
12.01.2024
Երեւան
ՀՕ-11-Ն