ՕՐԵՆՔԸ
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Պարտապանի կողմից սեփական սնանկությունը ճանաչելու կամ սնանկության վտանգի դիմում ներկայացվելու դեպքում պարտապանը դիմումին կից պարտավոր է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը.
1) հիմնավորումներ պարտատերերի պահանջների ամբողջ ծավալով բավարարման անհնարինության կամ տնտեսական գործունեության էական վատթարացման վերաբերյալ, որոնք հիմք են հանդիսացել սնանկության դիմում ներկայացնելու համար.
2) պարտապանի պարտատերերի եւ պարտապանների (այդ թվում՝ այն քաղաքացիների, որոնց առջեւ պարտապանը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար) ցուցակը, նրանց անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրի հասցեն եւ առանձին պարտավորությունների, ներառյալ՝ արտահաշվեկշռային պարտավորությունների բնույթը, չափը եւ հիմքերը: Նշված տեղեկությունները պետք է ներառեն նաեւ այն պարտավորությունները, որոնց ժամկետը չի լրացել, ինչպես նաեւ պարտապանի տված երաշխիքները եւ ստանձնած այլ պարտավորություններ.
3) եթե պարտապանը անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ է, ապա պարտապանի վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները.
4) եթե պարտապանը տնտեսական ընկերակցություն է՝ մասնակիցների (լիակատար ընկերների) անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրի հասցեն եւ պետական գրանցման տվյալները.
5) պարտապանի հայտարարությունը՝ ֆինանսական առողջացման մտադրության մասին.
6) դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 90 օրից ոչ ավելի վաղեմություն ունեցող տեղեկություններ (ապացույցներ) պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի եւ այլ գույքային իրավունքների առկայության կամ բացակայության մասին, այդ թվում՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույքային իրավունքների առկայության կամ բացակայության մասին՝ ստացված անշարժ եւ պետական գրանցման ենթակա այլ գույքի (իրավունքների) պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններից, իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնից, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերությունից, Հայաստանի Հանրապետության առեւտրային բանկերից, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից՝ պարտավորության կատարման վերաբերյալ կատարողական վարույթ հարուցված լինելու դեպքում, պարտապանի անշարժ գույքի գտնվելու, շարժական գույքի հաշվառման, իսկ անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ հանդիսացող պարտապանի դեպքում՝ նաեւ նրա գործունեության իրականացման վայրի տեղական ինքնակառավարման մարմնից.
7) եթե պարտապանը ֆիզիկական անձ է՝ հարկային մարմնի կողմից փաստաթղթային տեսքով տրված ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածքը.
8) կամավոր սնանկության կամ սնանկության վտանգի մասին դատարան ներկայացվող դիմումի եւ կից փաստաթղթերի պատճենները բոլոր պարտատերերին ուղարկելու մասին ապացույցները.
9) սնանկության վտանգի դիմումի դեպքում՝ սույն օրենքի պահանջներին համապատասխան կազմված ֆինանսական առողջացման ծրագիրը:»:
Հոդված 2. Օրենքի 15.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «, եւ փակցնել դատարանի շենքում հատուկ հատկացված տեղում» բառերը:
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի երրորդ պարբերության «2-րդ կետով» բառերը փոխարինել «1-ին կետով» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Պարտապանի գրավոր առարկությունը պետք է պարունակի ներկայացված պահանջի դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշում, առկայության դեպքում պետք է վկայակոչվեն առարկությունների հիմքում դրված փաստերը, եւ կից ներկայացվեն այն ապացույցները, որոնք հաստատում են առարկությունների հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը՝ համապատասխան նշումով, թե որ ապացույցը որ փաստի հաստատմանն է ուղղված: Պարտապանն իրավունք ունի մինչեւ դատական նիստը կամ դատական նիստի ընթացքում լրացնելու առարկությունը կամ ներկայացնելու լրացուցիչ ապացույցներ, եթե հիմնավորում է դրանք առարկությամբ ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Սույն հոդվածի պահանջներին չհամապատասխանող առարկությունը դատարանի կողմից ենթակա չէ քննարկման:»:
Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «բ» կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ նախադասությունով. «Կառավարչի կողմից պարտատերերի առաջին ժողովի անցկացման վայրի վերաբերյալ միջնորդություն ներկայացված լինելու դեպքում ժողովը նշանակվում է այդ միջնորդությամբ նշված վայրում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում:»:
2) 1-ին մասի «դ» կետից հանել «եւ փակցնել դատարանի շենքում հատուկ հատկացված տեղում» բառերը:
Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Սնանկության գործի վարույթը կարճվելու, սնանկության դիմումը մերժվելու, ինչպես նաեւ ժամանակավոր կառավարչի՝ կառավարիչ չնշանակվելու դեպքերում ժամանակավոր կառավարչի վարձատրությունը կատարվում է միանվագ կարգով՝ դատարանի կողմից համապատասխան վճիռը (որոշումը) կայացվելուց հետո դրան նախորդող վերջին մեկ տարում համապատասխանաբար պարտապանի տնօրենի համար հաշվարկված ամսական միջին աշխատավարձի կամ ֆիզիկական անձ պարտապանի ամսական միջին եկամտի 1/12-ի եւ որպես ժամանակավոր կառավարիչ փաստացի աշխատած ամիսների արտադրյալի չափով: Այն դեպքում, երբ ֆիզիկական անձ պարտապանը վերջին մեկ ամսվա ընթացքում եկամուտ չի ունեցել, ապա ժամանակավոր կառավարչի վարձատրությունը կատարվում է միանվագ կարգով՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի 1/12-ի եւ որպես ժամանակավոր կառավարիչ փաստացի աշխատած ամիսների արտադրյալի չափով:»:
Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 29-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «թ.1» կետով.
«թ.1) իր կողմից վարվող բոլոր գործերով կազմակերպվող էլեկտրոնային աճուրդների մասնակիցներից գանձման ենթակա գումարները հավաքելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերից մեկում իր անունով բացում է մեկ դրամային հաշիվ, որն ունի սնանկության հատուկ հաշվի կարգավիճակ, եւ աճուրդի ավարտից հետո յուրաքանչյուր գույքի մասով մուտքագրված գումարները փոխանցում է այդ գույքի վերաբերյալ համապատասխան սնանկության գործով բացված սնանկության հատուկ հաշվեհամարին.».
2) 1-ին մասի «ժ» եւ «ժ.1» կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ժ) պարտապանին պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա դատարանի որոշման հիման վրա արգելանք է դնում կամ հանում արգելանքը, որի դեպքում դրա հիման վրա կազմված կատարողական թերթն անհապաղ ուղարկվում է հարկադիր կատարման.
ժ.1) միջնորդություն է ներկայացնում դատարան պարտապանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին՝ կցելով գույքի հայտնաբերման անհնարինության հիմքերը, որի բավարարման դեպքում դրա հիման վրա կազմված կատարողական թերթն անհապաղ ուղարկվում է հարկադիր կատարման.».
3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 29.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետի «ժամկետով, բայց ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով» բառերը փոխարինել «ողջ ժամկետի ընթացքում» բառերով.
2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) հանրային ծառայող է՝ հանրային ծառայության մեջ գտնվելու ողջ ժամկետի ընթացքում.».
3) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 5-9-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության մասին կառավարիչը պարտավոր է տասնօրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը եւ կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը՝ կցելով կասեցման հիմքերը հավաստող համապատասխան փաստաթղթերը: Սույն հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետով նախատեսված հիմքով կառավարչի գործունեությունը կասեցվում է, եթե կառավարիչը որակավորման վկայական ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն չի ներկայացնում կասեցման հիմքի վերանալը հավաստող համապատասխան փաստաթղթեր:»:
Հոդված 9. Օրենքի 29.2-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում «1-3-րդ կետերով» բառերը փոխարինել «2-րդ եւ 3-րդ կետերով» բառերով:
Հոդված 10. Օրենքի 30-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «՝ չներառելով գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունների գումարը» բառերը.
2) 2-րդ մասից հանել «դատական ակտով՝» բառերը:
Հոդված 11. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Դատարանն իր նախաձեռնությամբ վաղաժամկետ դադարեցնում է նոր նշանակված կառավարչի լիազորությունները, եթե սույն հոդվածի հիմքով ավելի շուտ նշանակված կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ որոշումը բողոքարկման արդյունքով վերացվել է:»:
Հոդված 12. Օրենքի 33-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
2) 3-րդ մասն առաջին նախադասությունից առաջ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«3. Ժողովն անցկացվում է առկա եղանակով՝ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձանց մեկ վայրում հավաքվելու միջոցով, կամ հեռավար՝ էլեկտրոնային կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով, կամ գրավոր հարցումների եղանակով:».
3) 3-րդ մասն առաջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Այն դեպքում, երբ պարտատերերի ժողովը հեռավար եղանակով անցկացնելու վերաբերյալ ներկայացվում է առարկություն, ապա ժողովն անցկացվում է առկա եղանակով:
Հեռավար՝ էլեկտրոնային կապի այլ միջոցների օգտագործմամբ, ժողովի արձանագրությունը եւ դրան կից ներկայացվող փաստաթղթերը կարող են կազմվել եւ ներկայացվել էլեկտրոնային տարբերակով: Ժողովի մասնակիցների կողմից ստորագրման ենթակա փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային ստորագրության առկայությամբ, իսկ այլ փաստաթղթերը՝ սկանավորված տարբերակով:».
4) 9-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 13. Օրենքի 34-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը «օգտագործմամբ» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերով.
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Առկա ժողովի մասին ծանուցումը պետք է պարունակի՝
ա) պարտապանի անունը (անվանումը) եւ բնակության (գտնվելու) վայրի հասցեն.
բ) սնանկության գործի համարը.
գ) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամանակը եւ վայրի հասցեն.
դ) ժողովի օրակարգում ընդգրկված հարցերը, քվեարկության դրվող հարցերի բովանդակությունը.
ե) ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին եւ նյութերին ծանոթանալու կարգը.
զ) ժողովի մասնակիցների գրանցման կարգը:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ մասերով.
«4. Էլեկտրոնային կապի այլ միջոցների կիրառմամբ հեռավար ժողովի անցկացման մասին ծանուցումը պետք է պարունակի՝
ա) պարտապանի անունը (անվանումը) եւ բնակության (գտնվելու) վայրի հասցեն.
բ) սնանկության գործի համարը.
գ) պարտատերերի հաշվառման կարգը եւ վերջնաժամկետը (միայն առաջին ժողովի դեպքում).
դ) ժողովի օրակարգում ընդգրկված հարցերը, քվեարկության դրվող հարցերի բովանդակությունը.
ե) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը եւ ժամանակը:
5. Գրավոր հարցումների եղանակով անցկացվող ժողովի վերաբերյալ ծանուցումը, բացի սույն հոդվածի 4-րդ մասի «ա»-«դ» կետերում նշված պահանջներից, պետք է պարունակի նաեւ օրակարգի հարցերին առնչվող նյութերը եւ քվեաթերթիկը, որի վրա պետք է նշված լինեն լրացված քվեաթերթիկները կառավարչին ուղարկելու կարգը եւ վերջնաժամկետը:»:
Հոդված 14. Օրենքի 37-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 37. Քվեարկության քվեաթերթիկը
1. Ժողովում քվեարկությունն իրականացվում է քվեաթերթիկների միջոցով:
2. Քվեաթերթիկները կազմում է կառավարիչը:
3. Քվեաթերթիկը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները.
ա) պարտապանի անունը (անվանումը) եւ սնանկության գործի համարը.
բ) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամանակը եւ վայրի հասցեն (առկա ժողովի դեպքում).
գ) քվեարկության դրված հարցերի բովանդակությունը, քվեարկության դրված յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկության տարբերակները՝ «կողմ», «դեմ».
դ) ցուցում այն մասին, որ քվեաթերթիկը պետք է ստորագրի պարտատերը.
ե) քվեաթերթիկը լրացնելու կարգի պարզաբանումը.
զ) քվեաթերթիկը կառավարչին ուղարկելու կարգը եւ վերջնաժամկետը:
4. Ժողովներում քվեարկությունների անցկացման եւ կազմակերպման կարգը որոշվում է ժողովի կանոնակարգով:»:
Հոդված 15. Օրենքի 38-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Նիստն անցկացվում է առկա եղանակով՝ խորհրդի անդամների մեկ վայրում հավաքվելու միջոցով, կամ հեռավար՝ էլեկտրոնային կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով: Խորհրդի անդամները խորհրդի նիստի մասին պատշաճորեն ծանուցվում են սույն օրենքով սահմանված կարգով՝ նիստից առնվազն երեք օր առաջ:»:
Հոդված 16. Օրենքի 39.1-ին հոդվածում՝
1) 2-րդ մասը «մերժվելու» բառից առաջ լրացնել «սույն օրենքի 39.2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետի հիմքով» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Սույն հոդվածով նախատեսված դիմումը ներկայացնելու ժամկետի ավարտից հետո ներկայացվելու եւ ժամկետի բացթողումը հարգելի ճանաչվելու դեպքերում դատարանն այն քննարկում է սույն օրենքի 39.2-րդ հոդվածով սահմանված կարգով:»:
Հոդված 17. Օրենքի 39.2-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) դիմումը ներկայացվել է 39.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ավարտից հետո, եւ չի ներկայացվել ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու մասին միջնորդություն, կամ ներկայացված միջնորդությունը մերժվել է:»:
Հոդված 18. Օրենքի 42-րդ հոդվածի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Կառավարիչն իր վարած գրանցամատյանում հաշվառում է պարտապանի նկատմամբ ներկայացված պահանջների չափերը, առաջնահերթությունը, պահանջների փոփոխությունները:»:
Հոդված 19. Օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասում «ձեռք է բերում քվեարկության ձայնի իրավունք՝» բառերը փոխարինել «ձեռք է բերում պարտապանին պատկանող իր համապատասխան պարտավորության համար չապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցների բաշխմանը մասնակցելու իրավունք՝» բառերով:
Հոդված 20. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասը «կասեցումը» բառից հետո լրացնել «, որից հետո համարվում են լուծված» բառերով:
Հոդված 21. Օրենքի 46-րդ հոդվածում՝
1) 2.1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ եւ երրորդ նախադասություններով. «Դատարանը թերությունները վերացնելու համար սահմանում է մինչեւ եռօրյա ժամկետ: Թերությունները վերացվելու եւ դատարանի կողմից սահմանված ժամկետում պահանջը դատարան կրկին ներկայացվելու դեպքում այն համարվում է ժամկետում ներկայացված:».
2) 5-րդ մասի «առաջին մասով» բառերը փոխարինել «1-ին կամ 2.1-ին մասով» բառերով.
3) 6-րդ մասը «Պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո՝ եռօրյա ժամկետում,» բառերից հետո լրացնել «իսկ դատարանի կողմից թերությունների վերացման համար ժամկետ սահմանված լինելու դեպքում՝ այդ ժամկետից հետո՝ եռօրյա ժամկետում,» բառերով.
4) 9-րդ մասում՝
ա. առաջին պարբերության «Պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումից հետո» բառերը փոխարինել «Պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո» բառերով,
բ. երկրորդ պարբերությունը «սույն օրենքի 85-րդ հոդվածին համապատասխան» բառերից հետո լրացնել «, բացառությամբ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո առաջացած պահանջների, որոնց առաջնահերթությունը սահմանված է սույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով.
5) 10-րդ մասը «ապահովվածությունը» բառից հետո լրացնել «, ըստ անհրաժեշտության՝ փոփոխություն կատարելով պահանջի վերաբերյալ կայացված դատական ակտում» բառերով:
Հոդված 22. Օրենքի 60-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Ֆինանսական առողջացման ծրագրին կից դատարան է ներկայացվում ֆինանսական առողջացման ծրագրի օրինակը կառավարչին ուղարկված լինելու վերաբերյալ ապացույցը (բացառությամբ ծրագիրը կառավարչի կողմից ներկայացվելու դեպքերի):»:
Հոդված 23. Օրենքի 62-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 62. Ֆինանսական առողջացման ծրագրի քննարկումը
1. Ֆինանսական առողջացման ծրագիրն ստանալուց հետո՝ երկու օրվա ընթացքում, դատարանը որոշում է ընդունում ֆինանսական առողջացման ծրագիրը վերադարձնելու մասին, եթե այն չի համապատասխանում սույն օրենքով սահմանված պահանջներին, կամ չի ներկայացվել ֆինանսական առողջացման ծրագրի օրինակը կառավարչին ուղարկված լինելու վերաբերյալ ապացույցը (բացառությամբ ծրագիրը կառավարչի կողմից ներկայացվելու դեպքերի): Դատարանը որոշմամբ նշում է առկա թերությունները եւ սահմանում է եռօրյա ժամկետ՝ առկա թերությունները շտկելու եւ ֆինանսական առողջացման ծրագիրը կրկին ներկայացնելու համար: Մինչեւ որոշում ընդունելը դատարանը կարող է ծրագիր ներկայացնող անձից պահանջել ներկայացնել ծրագրի վերաբերյալ փորձագետի եզրակացություն:
2. Ֆինանսական առողջացման ծրագիրը վերադարձնելու մասին որոշումն ստանալուց հետո սահմանված ժամկետում թերությունները վերացվելու եւ այն կրկին դատարան ներկայացվելու դեպքում համարվում է ժամկետում ներկայացված:
3. Դատարանը երկօրյա ժամկետում որոշում է կայացնում ֆինանսական առողջացման ծրագիրն առանց քննության թողնելու մասին, եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով ֆինանսական առողջացման ծրագիրը վերադարձվելու դեպքում սահմանված ժամկետում թերությունները չեն վերացվել, կամ կրկին ներկայացվելու դեպքում թույլ են տրվել նոր խախտումներ:
4. Եթե ֆինանսական առողջացման ծրագիրն ստանալուց կամ ֆինանսական առողջացման ծրագիրը վերադարձվելու դեպքում կրկին ներկայացվելուց հետո՝ երկօրյա ժամկետում, դատարանը որոշում չի ընդունել ֆինանսական առողջացման ծրագիրը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու մասին, ապա կառավարչին, պարտապանին եւ իրեն հայտնի բոլոր պարտատերերին ծանուցում է դատարանում ֆինանսական առողջացման ծրագրի առկայության եւ ծրագրին նրանց ծանոթանալու իրավունքի մասին:
5. Կառավարիչը ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու՝ սույն օրենքով կամ ժամկետի երկարաձգման մասին դատարանի որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 20 օրվա ընթացքում, հրավիրում է ժողով ֆինանսական առողջացման ծրագիրը (ծրագրերը) քննարկելու նպատակով, որին հրավիրվում է պարտապանը:»:
Հոդված 24. Օրենքի 73-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 73. Պարտապանի գործունեության վերսկսումը
1. Եթե պարտապանի գործունեությունը կասեցվել է սույն օրենքի 72-րդ հոդվածով նախատեսված կարգով, ապա կառավարչի միջնորդության հիման վրա կայացված դատարանի որոշմամբ պարտապանը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն վերսկսել իր գործունեությունը մինչեւ մեկ տարի ժամանակով, եթե պարտապանի գործունեության վերսկսումը կարող է մեծացնել պարտատերերի պահանջների բավարարման հնարավորությունը: Կառավարչի միջնորդության հիման վրա դատարանը որոշում է կայացնում պարտապանի գործունեությունը մասնակի կամ ամբողջությամբ վերսկսելու մասին, որի վերաբերյալ բոլոր պարտատերերը պատշաճորեն ծանուցվում են որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում:
2. Եթե դատարանի՝ պարտապանի գործունեությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն վերսկսելու վերաբերյալ որոշումն ստանալուց հետո՝ 7 օրվա ընթացքում, պարտատերերից որեւէ մեկը գրավոր առարկություն է ներկայացնում դատարան, ապա կառավարիչը հրավիրում է խորհրդի նիստ, իսկ խորհրդի ձեւավորված չլինելու դեպքում՝ ժողով՝ քննարկման դնելով այդ հարցը: Խորհրդի կամ ժողովի որոշումը եւ նիստի արձանագրությունը կառավարիչը ներկայացնում է դատարան:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում դատարանն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ այն մերժելու մասին: Դատարանի որոշումը եռօրյա ժամկետում կառավարիչն ուղարկում է պարտատերերին եւ հարկային համապատասխան մարմին: Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:
4. Պարտապանի վերսկսված գործունեության ժամկետը ժողովի որոշման եւ կառավարչի միջնորդության հիման վրա կայացված դատարանի որոշմամբ կարող է երկարաձգվել, եթե պարտապանի վերսկսված գործունեությունը մեծացրել է պարտատերերի պահանջների բավարարման հնարավորությունը: Այդ դեպքում պարտապանի գործունեության երկարաձգման ժամկետը չի կարող գերազանցել ընդհանուր 36 ամիսը:
5. Պարտապանի գործունեությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերսկսելն արգելք չէ պարտապանի գույքի հաշվին պահանջի բավարարման գործընթացն իրականացնելու համար, այդ թվում՝ սույն օրենքի 75-77-րդ հոդվածներով նախատեսված իրավակարգավորումներով, բացառությամբ այն գույքի, որն օգտագործվում է պարտապանի վերսկսված գործունեությունն ապահովելու համար:»:
Հոդված 25. Օրենքի 75-րդ հոդվածի 1.1-ին մասում «կառավարիչն իրավունք ունի դիմելու դատարան եւ պահանջելու» բառերը փոխարինել «կառավարիչը դիմում է դատարան՝ միջնորդելով» բառերով:
Հոդված 26. Օրենքի 76-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «, աճուրդի անցկացման օրը» բառերը.
2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ չորրորդ եւ հինգերորդ նախադասություններով. «Եթե առաջարկվող ամենաբարձր մեկնարկային գնով հայտարարված աճուրդը չի կայանում, ապա գույքը վաճառքի է ներկայացվում հաջորդ՝ ամենաբարձր մեկնարկային գնով, եւ այս կարգով աճուրդներ են կազմակերպվում այնքան ժամանակ, քանի դեռ գույքը վաճառքի չի ներկայացվել ամենացածր մեկնարկային գինը ներառող առարկությամբ առաջարկված մեկնարկային գնով: Եթե պարտապանի գույքը առարկություն ներկայացրած պարտատիրոջ առաջարկած գնով աճուրդի ներկայացվելու դեպքում չի վաճառվել, ապա այդ պարտատիրոջ վճարած դեպոզիտի գումարը չի վերադարձվում:».
3) 3-րդ մասի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«բ) գույքի վաճառքը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով թույլատրելու, գույքն այդ կարգով չվաճառվելու դեպքում այն կառավարչի միջնորդությամբ սահմանված կարգով վաճառելու մասին, եթե սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան ներկայացվել է առնվազն մեկ առարկություն.».
4) 4-րդ մասի առաջին պարբերությունից հանել երկրորդ նախադասությունը, իսկ երկրորդ պարբերությունը «շուկայական գների կտրուկ փոփոխություն» բառերից հետո լրացնել «, կամ եթե ապահովված պարտատերը կամ գրավատուն օրենքով սահմանված կարգով օգտվել է սույն օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ կամ 10-րդ մասով սահմանված իր իրավունքներից, կամ եթե դատարանի որոշմամբ հրապարակային սակարկություններով վաճառքի ենթակա գույքի վերաբերյալ դատարանը կայացնում է ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն տալու մասին որոշում, կամ սույն օրենքով սահմանված կարգով տվյալ գույքը ենթակա է իրացման այլ սնանկության վարույթի շրջանակներում» բառերով.
5) 5-րդ մասից հանել «, որը փակցվում է նաեւ դատարանի շենքում՝ հատուկ հատկացված տեղում» բառերը.
6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին եւ 9.2-րդ մասերով.
«9.1. Սնանկության գործով հրապարակային սակարկություններին չեն կարող մասնակցել՝
1) սակարկությունների կազմակերպիչ կառավարիչը.
2) սակարկությունների կազմակերպիչ կառավարչի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները եւ քույրերը, ինչպես նաեւ սակարկությունների կազմակերպիչ կառավարչի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները եւ քույրերը.
3) այն անձինք, որոնք սակարկություններով վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք:
9.2. Սակարկությունների արդյունքով վաճառված գույքի առուվաճառքի պայմանագրեր կնքելիս պայմանագրերի էական պայմանները պետք է համապատասխանեն սակարկությունների մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված պայմաններին:».
7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մասով.
«11. Սնանկության վարույթում կազմակերպված էլեկտրոնային աճուրդը կարող է անվավեր ճանաչվել միայն շահագրգիռ անձի հայցով՝ դատական կարգով, եթե աճուրդն անցկացվել է սույն հոդվածի 9.1-ին եւ 9.2-րդ մասերով սահմանված պահանջների կամ սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգում որպես էական նշված պայմանների խախտումներով: Ընդ որում, սույն հոդվածի 9.1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքում աճուրդը կարող է անվավեր ճանաչվել, եթե սակարկությունների արդյունքով հաղթող է ճանաչվել այն անձը, որը սակարկություններով վաճառվող լոտի նկատմամբ չէր կարող ունենալ սեփականության իրավունք:»:
Հոդված 27. Օրենքի 77-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Կառավարիչը պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող՝ գրավի առարկա չհանդիսացող գույքում պարտապանի բաժինը այդ գույքի շուկայական գնահատված գնի՝ պարտապանի բաժնին համապատասխան արժեքով գնելու վերաբերյալ ծանուցում է ուղարկում այդ գույքի համասեփականատերերին:
Եթե գույքի բոլոր համասեփականատերերը կառավարչին են ներկայացնում պարտապանի բաժինը առաջարկված գնով բոլոր համասեփականատերերի կամ նրանցից մեկի կամ մի քանիսի կողմից գնման վերաբերյալ համաձայնություն եւ կառավարչի առաջարկած վաճառքի գնի չափով գումարը սնանկության հատուկ հաշվեհամարին մուտքագրված լինելու վերաբերյալ ապացույց, ապա կառավարիչը այդ մասին տեղեկացնում է պարտապանին եւ պարտատերերին եւ դատարան է ներկայացնում գույքում պարտապանի բաժինը համասեփականատիրոջը (համասեփականատերերին) ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն ստանալու մասին միջնորդություն:
Եթե պարտապանի բաժինը առաջարկված գնով գնելու ցանկություն հայտնում են ոչ բոլոր համասեփականատերերը, համաձայնությանը կից ներկայացնելով ապացույց կառավարչի առաջարկած վաճառքի գնի չափով գումարը սնանկության հատուկ հաշվեհամարին մուտքագրված լինելու վերաբերյալ, ապա գույքում պարտապանի բաժինը ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունը դատարան կարող է ներկայացվել միայն գույքում պարտապանի բաժինը գնելու վերաբերյալ համասեփականատերերի ծանուցվելուց մեկ ամիսը լրանալուց հետո:
Միջնորդությանը կից դատարան են ներկայացվում գույքի գնահատման ակտը (անկախ գնահատողի կողմից գնահատված լինելու դեպքում՝ եզրակացությունը), կառավարչի կողմից համասեփականատերերին ուղղված ծանուցումը, նրանց ծանուցված լինելու ապացույցները, գնելու ցանկություն հայտնած համասեփականատիրոջ (համասեփականատերերի) անձնագրերի պատճենները, համասեփականատերերի առկա համաձայնությունները, սնանկության հատուկ հաշվեհամարին ծանուցմամբ նշված գումարի վճարված լինելու ապացույցը, միջնորդությունը դատարան ներկայացնելու մասին պարտապանին եւ պարտատերերին ծանուցելու ապացույցները:
Դատարանը միջնորդությունն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, կայացնում է միջնորդությունը բավարարելու եւ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքում պարտապանի բաժինը գույքի համասեփականատիրոջը (համասեփականատերերին) ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն տալու մասին որոշում, եթե միջնորդությունը ներկայացվել է սույն մասին համապատասխան:
Եթե պարտապանի բաժինը առաջարկված գնով գնելու մասին ծանուցվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, գույքի համասեփականատերերից առնվազն մեկը ցանկություն չի հայտնում պարտապանի բաժինը գնելու վերաբերյալ կամ չի ներկայացնում ապացույց կառավարչի առաջարկած վաճառքի գնի չափով գումարը սնանկության հատուկ հաշվեհամարին մուտքագրված լինելու վերաբերյալ, ապա կառավարիչը հայցադիմում է ներկայացնում սնանկության գործը վարող դատարան՝ գույքում պարտապանի բաժինն առանձնացնելու, առանձնացման անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու եւ վաճառքից ստացված գումարը համասեփականատերերի միջեւ իրենց բաժիններին համապատասխան բաշխելու պահանջի մասին:
Անբաժանելի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին դատարանի վճիռը հիմք է գույքը կառավարչի կողմից հրապարակային սակարկություններով վաճառման համար:»:
Հոդված 28. Օրենքի 77.1-ին հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 77.1. Կառավարչի կողմից վտարման կամ գույքը կառավարչին հանձնելու պահանջ ներկայացնելը».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Կառավարիչը կարող է միջնորդությամբ դիմել դատարան՝ խնդրելով պարտավորեցնել պարտապանին կամ երրորդ անձին (եթե գույքը տիրապետում է այլ անձ՝ փաստացի տիրապետողին) նրան պատկանող կամ ապահովված իրավունքի առարկա հանդիսացող (նրա կողմից փաստացի տիրապետվող) շարժական գույքը հանձնել կառավարչին, եթե պարտապանը կամ երրորդ անձը (փաստացի տիրապետողը) չի տրամադրում գույքը կամ խոչընդոտում է գույքագրման աշխատանքները, աճուրդի մասնակցի կողմից զննություն իրականացնելը, չի տրամադրում կամ խոչընդոտում է գույքի փոխանցումը աճուրդում հաղթած անձին, ինչպես նաեւ գույքը պարտապանի կամ երրորդ անձի (փաստացի տիրապետողի) տիրապետության տակ թողնելը կարող է վատթարացնել գույքի փաստացի վիճակը կամ նվազեցնել գույքի արժեքը:
Միջնորդությունը պետք է պարունակի գույքը կառավարչին հանձնելու պահանջի հիմնավորումը, ինչպես նաեւ միջնորդության պատճենն այդ անձանց ուղարկելու մասին ապացույցները:
Միջնորդության պատճենն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, այդ անձինք կարող են միջնորդության կապակցությամբ առարկություններ ներկայացնել դատարան: Կառավարչի պահանջը լուծվում է առանց դատական նիստ հրավիրելու՝ դատարանի որոշմամբ: Միջնորդության բավարարման դեպքում դատարանի որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն ուղարկվում է հարկադիր կատարման:»:
Հոդված 29. Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը «պարտավորությունները» բառից հետո լրացնել «սնանկ ճանաչված պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնված կամ պարտապանին այլ սնանկության գործով սնանկ ճանաչելու հիմքով՝ կարճված կամ ավարտված գործով դատական ծախսերի գումարը» բառերով:
Հոդված 30. Օրենքի 85-րդ հոդվածի 2.1-ին մասը երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Պահանջները սահմանված ժամկետներում հարգելի պատճառներով չներկայացրած պարտատերերի պահանջներն ընդգրկվում են տվյալ պահանջին համապատասխանող հերթում՝ համապատասխան փոփոխություն կատարելով պահանջների ցուցակում:»:
Հոդված 31. Օրենքի 90-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Սույն օրենքի 67-րդ հոդվածի առաջին մասով, 69-րդ հոդվածի չորրորդ մասի «ա» կետով, ինչպես նաեւ 74-րդ եւ 89-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեպքում դատարանը վճիռն ուղարկում է նաեւ կենտրոնական բանկ՝ Հայաստանի Հանրապետության բանկերին եւ այլ վարկային կազմակերպություններին ու Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոներին ծանուցելու համար:»:
Հոդված 32. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.1-ին գլխով.
«ԳԼՈՒԽ 10.1
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 90.1. Սույն գլխի գործողության ոլորտը
1. Սույն գլխի նորմերը տարածվում են էլեկտրոնային համակարգի միջոցով դատարանի, սնանկության գործով կառավարիչների, պարտապանի, պարտատերերի, ինչպես նաեւ սնանկության վարույթով շահագրգիռ այլ անձանց կողմից (որոնց իրավունքներին ու օրինական շահերին առնչվում կամ կարող է առնչվել սնանկության վարույթը, այդ թվում՝ գրավատու, երաշխավոր, երաշխիք տված անձ եւ այլն) իրականացվող գործողությունների վրա:
2. Դատարանը, սնանկության գործով կառավարիչները, պարտապանը, պարտատերերը, ինչպես նաեւ սնանկության վարույթով շահագրգիռ այլ անձինք սնանկության գործերի հետ կապված էլեկտրոնային համակարգից օգտվում են սույն օրենքով սահմանված կարգով, իսկ սույն օրենքով կարգավորված չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված՝ դատարանի եւ դատավարության մասնակիցների համար սահմանված կարգով:
3. Էլեկտրոնային համակարգի միջոցով պատշաճորեն եւ էլեկտրոնային համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համապատասխան կատարված գործողությունն առաջացնում է նույն հետեւանքները, ինչ կառաջացներ սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով իրականացված համանման գործողությունը:
4. Էլեկտրոնային համակարգի միջոցով չեն կարող կատարվել այնպիսի գործողություններ, որոնց կատարումը էլեկտրոնային համակարգի միջոցով տեխնիկական տեսանկյունից անհնարին է: Նման անհնարինությունը չի կարող գնահատվել որպես անձի դատավարական իրավունքների սահմանափակում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համապատասխան գործողությունը կարող է կատարվել սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
5. Պարտապանի գույքի վերաբերյալ էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացված հարցման՝ էլեկտրոնային համակարգի հավաստած պատասխանը հավասարեցվում է տեղեկությունը տնօրինող համապատասխան մարմնից ստացված պատասխանին:
Հոդված 90.2. Սույն գլխում օգտագործվող հասկացությունները
1. Սույն գլխի իմաստով՝ էլեկտրոնային համակարգն օգտագործող անձ է համարվում այն ֆիզիկական անձը՝
1) որը սնանկության գործի շրջանակներում առնվազն մեկ անգամ էլեկտրոնային համակարգի միջոցով կատարել է որեւէ գործողություն կամ սնանկության գործով կառավարչին ուղղված դիմումի հիման վրա գրանցվել է էլեկտրոնային համակարգում եւ
2) հետագայում գործը քննող դատարանին տեղյակ չի պահել էլեկտրոնային համակարգից օգտվելու անհնարինության մասին:
2. Սույն գլխի իմաստով՝ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, ներկայացուցիչ հանդիսացող փաստաբանները, սնանկության գործով կառավարիչները, նոտարները եւ արտոնագրված հաշտարարները համարվում են համակարգն օգտագործող անձինք՝ անկախ էլեկտրոնային համակարգի միջոցով առնվազն մեկ անգամ որեւէ գործողություն կատարած լինելուց կամ չլինելուց:
3. Էլեկտրոնային համակարգին առնչվող այլ հասկացություններն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իմաստով:
Հոդված 90.3. Սնանկության վարույթում էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացվող գործողությունների առանձնահատկությունները
1. Էլեկտրոնային համակարգի միջոցով պարտատերերի ժողովը հրավիրվում եւ անցկացվում է էլեկտրոնային համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համահունչ եղանակով: Պարտատերերի ժողովը կարող է անցկացվել էլեկտրոնային համակարգի միջոցով, եթե ժողովին մասնակցելու իրավասություն ունեցող բոլոր անձինք հանդիսանում են էլեկտրոնային համակարգն օգտագործողներ: Անկախ ժողովի անցկացման եղանակից (առկա կամ հեռավար)՝ ժողովի հրավիրման մասին ծանուցումն էլեկտրոնային համակարգն օգտագործողներին կարող է ուղարկվել էլեկտրոնային համակարգի միջոցով:
2. Էլեկտրոնային համակարգի միջոցով պարտատերերի խորհրդի նիստերը հրավիրվում եւ անցկացվում են պարտատերերի ժողովի հրավիրման եւ անցկացման՝ էլեկտրոնային համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համահունչ եղանակով:
3. Եթե պարտապանը, պարտատերերը, ինչպես նաեւ սնանկության վարույթով շահագրգիռ այլ անձինք էլեկտրոնային համակարգն օգտագործող անձինք են, ապա կառավարիչը սույն օրենքով սահմանված իր գործառույթներն իրականացնում է էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համահունչ եղանակով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
4. Եթե պարտապանը, պարտատերը կամ սնանկության վարույթով շահագրգիռ այլ անձը էլեկտրոնային համակարգն օգտագործող անձ չէ, ապա սնանկության վարույթում նրան հասցեագրված դատավարական եւ այլ փաստաթղթերն ուղարկվում են սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:»:
Հոդված 33. Օրենքի 93-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 34. Օրենքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Ֆիզիկական անձի ֆինանսական առողջացման ծրագիրը ներկայացնելու, հաստատելու հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են իրավաբանական անձանց համար սույն օրենքով սահմանված իրավակարգավորումները, եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածով: Ֆիզիկական անձի ֆինանսական առողջացման ծրագրում կարող է օգտագործվել նաեւ պարտապանի աշխատավարձի այն մասը, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բռնագանձում տարածվել:»:
Հոդված 35. Օրենքի 95-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «վաճառքի» բառից հետո լրացնել «(բռնագանձման)» բառով, «բացառությամբ» բառից հետո՝ «պարտապանի աշխատավարձի ու դրան հավասարեցված այլ վճարումների,» բառերով, իսկ նույն մասի «դրան» բառը փոխարինել «սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուն» բառերով.
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Պարտապանի աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարների գանձումն իրականացվում է հաշվի առնելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 6րդ գլխով սահմանված կարգավորումները եւ սնանկության վարույթի առանձնահատկությունները: Սույն մասի գործողությունը տարածվում է ինչպես մինչեւ սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահը վճարված աշխատավարձից եւ դրան հավասարեցված այլ վճարներից կատարվող գանձումների վրա, այնպես էլ պարտապանի՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ստացվող աշխատավարձից եւ դրան հավասարեցված այլ վճարներից կատարվող գանձումների վրա:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-3.3-րդ մասերով.
«3.1. Ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված չլինելու կամ դադարեցվելու դեպքում սնանկության վարույթի ցանկացած փուլում դատարանը՝ կառավարչի դիմումի հիման վրա, առանց դատական նիստ հրավիրելու կայացնում է որոշում պարտապանի աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարների բռնագանձման ենթակա մասից գանձումներ կատարելու վերաբերյալ: Դատարանը մերժում է կառավարչի դիմումը, եթե, հաշվի առնելով պարտատերերի պահանջների չափը, գտնում է, որ պարտապանի աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների չափը այնքան փոքրարժեք է, որ ողջամիտ չէ դրա վրա բռնագանձում տարածելը, ներառյալ, եթե՝
1) աշխատավարձը եւ դրան հավասարեցված վճարումները չեն գերազանցում նվազագույն աշխատավարձի 150-ապատիկը, կամ
2) աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների բռնագանձմամբ պարտատերերի պահանջները չեն բավարարվելու մինչեւ 48 ամսվա ընթացքում:
3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դատարանի որոշումը կառավարիչն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկում է պարտապանի գործատուին: Դատարանի որոշումը հիմք է գանձման ենթակա գումարը գործատուի կողմից պարտապանի սնանկության հատուկ հաշվին փոխանցման համար:
3.3. Դատարանի կողմից կառավարչի դիմումը մերժելը արգելք չէ կառավարչի կողմից կրկին դատարան դիմելու, եթե մինչեւ սնանկության գործի ավարտը կառավարչին հայտնի է դարձել պարտապանի աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարների անհրաժեշտ չափով աճի մասին: Սույն մասով նախատեսված կարգով կրկին դիմելու դեպքում դատարանը դիմումը քննում է սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված կարգով:»:
Հոդված 36. Օրենքի 97-րդ հոդվածի «ա» կետում «երկրորդ մասով» բառերը փոխարինել «չորրորդ մասով» բառերով:
Հոդված 37. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված սնանկության դիմումների վրա:
3. Սույն օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ կետն ուժի մեջ է մտնում հրապարակային սակարկությունների համար նախատեսված էլեկտրոնային կայքի գործարկման վերաբերյալ արդարադատության նախարարության հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
4. Սույն օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ կետն ուժի մեջ մտնելուց հետո բոլոր սնանկության գործերով (անկախ սնանկության վարույթը հարուցվելու պահից) առաջին (հերթական) աճուրդները կազմակերպվում եւ անցկացվում են հրապարակային սակարկությունների համար նախատեսված էլեկտրոնային կայքի միջոցով (էլեկտրոնային աճուրդով)՝ Օրենքի 76-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով, իսկ այն աճուրդները, որոնց մասին հայտարարությունները հրապարակվել են մինչեւ սույն օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ կետն ուժի մեջ մտնելը, անցկացվում են այդ հայտարարությունները հրապարակելու պահին գործող կարգով:
5. Սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված կարգավորումներն ուժի մեջ են մտնում Բարձրագույն դատական խորհրդի՝ էլեկտրոնային համակարգի գործարկման մասին հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
6. Սույն օրենքի 34-րդ եւ 35-րդ հոդվածներով նախատեսված կարգավորումները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված սնանկության գործերի վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
01.02.2024
Երեւան
ՀՕ-27-Ն