Armenian      
Քրեական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.01.2024

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 73-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթով սույն հոդվածում նշված կանոնները չեն կիրառվում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 76-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Հանցագործությունների ռեցիդիվի դեպքում նշանակվում է ազատազրկում կամ ցմահ ազատազրկում պատժատեսակը, եթե կատարված հանցանքի համար պատասխանատվություն նախատեսող հոդվածի սանկցիայով նախատեսված են այդ պատժատեսակները:».

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Եթե դիտավորյալ հանցագործության համար նախկինում ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձեւով պատիժ կրած կամ կրող, դատվածություն ունեցող անձը կատարել է դիտավորյալ հանցանք, ապա նշանակվող պատժի նվազագույն ժամկետը կամ չափը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի կամ չափի երկու երրորդից: Ցանկացած դեպքում նշանակվող պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն ժամկետից կամ չափից:»:

Հոդված 3. Օրենսգրքի 77-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 77. Պատիժ նշանակելը համաձայնեցման կամ համագործակցության կամ արագացված կամ համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթի դեպքում

1. Համաձայնեցման վարույթ կիրառելու դեպքում պատիժը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի համար նախատեսված առավելագույն չափի կամ ժամկետի երկու երրորդը: Եթե առավել խիստ պատժատեսակի երկու երրորդը պակաս է ստացվում սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի նվազագույն չափից կամ ժամկետից, ապա այն չի կարող պակաս լինել նվազագույն չափից կամ ժամկետից:

2. Չավարտված հանցագործություններով համաձայնեցման վարույթ կիրառելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կանոնը կիրառվում է չավարտված հանցագործության համար սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով նախատեսված պատժի նշանակման կանոնները կիրառելուց հետո: Եթե հաշվարկի արդյունքով պատժաչափը պակաս է ստացվում չավարտված հանցագործության համար պատժի նշանակման կանոնների կիրառմամբ սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի նվազագույն չափից կամ ժամկետից, ապա նշանակվում է այն չափը կամ ժամկետը, որն ստացվել է հաշվարկի արդյունքով:

3. Համագործակցության վարույթ կիրառելու դեպքում նշանակվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել մեղմ պատժատեսակի նվազագույն չափը կամ ժամկետը կամ սույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, կամ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվում:

4. Արագացված վարույթ կիրառելու դեպքում պատիժը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի համար նախատեսված առավելագույն չափի կամ ժամկետի երեք քառորդը: Եթե առավել խիստ պատժատեսակի երեք քառորդը պակաս է ստացվում սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի նվազագույն չափից կամ ժամկետից, ապա այն չի կարող պակաս լինել նվազագույն չափից կամ ժամկետից:

5. Չավարտված հանցագործություններով արագացված վարույթ կիրառելու դեպքում սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կանոնը կիրառվում է չավարտված հանցագործության համար սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով նախատեսված պատժի նշանակման կանոնները կիրառելուց հետո: Եթե հաշվարկի արդյունքով պատժաչափը պակաս է ստացվում չավարտված հանցագործության համար պատժի նշանակման կանոնների կիրառմամբ սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի նվազագույն չափից կամ ժամկետից, ապա նշանակվում է այն չափը կամ ժամկետը, որն ստացվել է հաշվարկի արդյունքով:

6. Ավարտված կամ չավարտված հանցագործություններով համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթի դեպքում նշանակվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված տուգանքի նվազագույն չափը՝ առանց լրացուցիչ պատիժ եւ անվտանգության միջոց նշանակելու:

7. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված կանոններով պատժի նշանակման դեպքում սույն օրենսգրքի 76-րդ հոդվածով սահմանված կանոնները կիրառելի չեն:

8. Սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով պատժի նշանակման դեպքում սույն օրենսգրքի 76-րդ հոդվածով սահմանված կանոնները կիրառելի են: Սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ռեցիդիվի պայմաններում արագացված վարույթ կիրառելու դեպքում սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կանոնները կիրառվում են սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պատժի նշանակման կանոնները կիրառելուց հետո:

9. Հանցագործությունների համակցության դեպքում պատիժ նշանակելիս սույն հոդվածի 1-5-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերով նախատեսված կանոնները կիրառելի են համակցության մեջ ընդգրկված յուրաքանչյուր հանցագործության համար առանձին:

10. Համաձայնեցման կամ համագործակցության կամ արագացված վարույթ կիրառելն արգելք չէ լրացուցիչ պատիժ կամ անվտանգության միջոց նշանակելու համար:»:

Հոդված 4. Օրենսգրքի 84-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.1-ին մասով.

«15.1. Եթե առաջին ատյանի դատարանում դատական ակտ կայացնելիս սույն օրենսգրքի 74-րդ հոդվածի 11-րդ մասով կամ 75-րդ հոդվածով նախատեսված կարգով պատիժ նշանակելը հնարավոր չի եղել ժամանակագրական առումով դրան նախորդող դատական ակտի (ակտերի) օրինական ուժի մեջ մտած չլինելու պատճառով, եւ այդ դատական ակտերից որեւէ մեկով նշանակված՝ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ապա ժամանակագրական առումով վերջինը օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարման փուլում դատարանը հանցագործությունների կամ դատավճիռների համակցությամբ վերջնական պատիժ նշանակելիս՝

1) վերացնում է պատիժը պայմանականորեն չկիրառելը, եթե սույն մասով նախատեսված դատական ակտերից առնվազն մեկով որոշվել է, որ անձը պետք է կրի նշանակված ազատությունից զրկելու հետ կապված պատիժը.

2) հաշվի առնելով սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանգամանքները՝ կարող է որոշում կայացնել պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու կամ վերջնական պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ, եթե սույն մասով նախատեսված դատական ակտերից որեւէ մեկով չի որոշվել, որ անձը պետք է կրի նշանակված՝ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.2-րդ մասով.

«15.2. Սույն հոդվածի 15.1-ին մասով նախատեսված դեպքում դատական ակտերից որեւէ մեկով նշանակված՝ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելիս նշանակված պատիժները համակցելու հարցը լուծվում է սույն օրենսգրքի 84-րդ հոդվածի 14-րդ մասի կանոններով այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են:»:

Հոդված 5. Օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով՝»:

Հոդված 6. Օրենսգրքի 479-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքով ստացված տվյալ, փաստաթուղթ կամ առարկա կամ քաղաքացիական գործով, քրեական կամ վարչական գործով կամ վարույթով ապացույց, բացատրություն կամ դատավարական փաստաթուղթ կեղծելը, փոխելը, ոչնչացնելը կամ թաքցնելը կամ քաղաքացիական գործով, քրեական կամ վարչական գործով կամ վարույթով կեղծ ապացույց ներկայացնելը՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տեւողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

Հոդված 7. Օրենսգրքի հավելված N 1-ում՝

1) «Հոդված 296. Փողերի լվացումը» բառերը փոխարինել «Հոդված 296. 3-րդ մաս, 2-րդ կետ. Փողերի լվացումը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով» բառերով.

2) «Հոդված 441. Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ երբ արարքը կատարվել է ոչ շահադիտական դրդումներից ելնելով եւ բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով)» բառերով.

3) «Հոդված 549. Իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ երբ արարքը կատարվել է ոչ շահադիտական դրդումներից ելնելով եւ բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով)» բառերով:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

02.02.2024
Երեւան
ՀՕ-31-Ն