ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
«Հոդված 17. Դատական վարույթի հրապարակայնությունը
1. Դատարանում գործը քննվում է դռնբաց դատական նիստում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
2. Դատավարության մասնակիցների մասնավոր կյանքի, ներառյալ՝ առեւտրային գաղտնիքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաեւ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ դատական վարույթը կամ դրա մի մասը կարող է անցկացնել դռնփակ:
3. Դատական վարույթը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու հարցը լուծվում է դռնփակության պայմաններում:
4. Դատական վարույթը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու մասին դատարանը կայացնում է որոշում:
5. Դռնփակ դատական նիստում գործի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կանոնների պահպանմամբ: Դատական վարույթը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու դեպքում դատական նիստին իրավունք ունեն ներկա լինելու դատական նիստերի քարտուղարը, գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները, դատական կարգադրիչները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ վկան, փորձագետը, մասնագետը եւ թարգմանիչը: Նշված անձինք դատարանի կողմից ստորագրություն վերցնելու միջոցով նախազգուշացվում են օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունները չհրապարակելու եւ սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու համար պատասխանատվության մասին:
6. Դռնփակ դատական նիստում տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառումն արգելվում է:
7. Դատարանի՝ եզրափակիչ, իսկ սույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաեւ այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
8. Դատական վարույթը կամ դրա մասը դռնփակ անցկացվելու դեպքում դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում է եզրափակիչ դատական ակտի եզրափակիչ մասը, բացառությամբ այն դեպքերի, երբ այն պարունակում է օրենքով պահպանվող գաղտնիք: Եզրափակիչ դատական ակտի՝ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող եզրափակիչ մասը հրապարակվում է դռնփակ նիստում:
9. Դատական վարույթը կամ դրա մի մասը դատարանի որոշմամբ դռնփակ անցկացվելու դեպքում տվյալ գործի հետագա քննությունն այլ դատական ատյաններում կատարվում է դռնփակ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանն իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ որոշում է կայացնում գործի քննությունը դռնբաց իրականացնելու վերաբերյալ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 26-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 26. Ընդդատության եւ ենթակայության մասին վեճերը
1. Գործն ըստ տարածքային ընդդատության կամ սնանկության դատարանից ըստ ենթակայության ստացած դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում այն վարույթ ընդունելու կամ գործը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատ ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի տարածքային ընդդատությանը կամ ենթակայությանը:
2. Դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում վարչական դատարանից վերահասցեագրված հայցադիմումը վարույթ ընդունելու կամ գործը Վճռաբեկ դատարան ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի ենթակայությանը:
3. Հակակոռուպցիոն դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում դատարանից ըստ ենթակայության ստացած գործը վարույթ ընդունելու կամ այն Վճռաբեկ դատարան ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի ենթակայությանը: Դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում հակակոռուպցիոն դատարանից ըստ ենթակայության ստացած գործը վարույթ ընդունելու կամ այն Վճռաբեկ դատարան ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի ենթակայությանը:
4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված դեպքերում դատավորը ենթակայության հարցի որոշման համար գործը Վճռաբեկ դատարան ուղարկելու մասին կայացված որոշումը ուղարկում է գործին մասնակցող անձանց, որոնք այն ստանալու պահից եռօրյա ժամկետում կարող են գործի ենթակայության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնել Վճռաբեկ դատարան:
5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը գործը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում որոշում է գործի ընդդատությունը կամ ենթակայությունը:
6. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված դեպքերում Վճռաբեկ դատարանի նախագահը եւ Վճռաբեկ դատարանի բոլոր պալատների նախագահները գործը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից տասնօրյա ժամկետում որոշում են գործի ենթակայությունը:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված որոշումն ընդունելու համար Վճռաբեկ դատարանի նախագահը հրավիրում է նիստ՝ իր եւ Վճռաբեկ դատարանի բոլոր պալատների նախագահների մասնակցությամբ, որն իրավազոր է, եթե դրան մասնակցում են նիստին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր անձինք:
8. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված որոշումն ընդունվում է նիստին ներկա անձանց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Քվեարկելիս ձեռնպահ մնալ չի թույլատրվում: Որոշմանը կողմ քվեարկած դատավորների կազմից եւ նրանց կողմից որոշված դատավորը կազմում է որոշման նախագիծը:
9. Սույն հոդվածով սահմանված կարգով որոշված դատարանը համարվում է իրավասու դատարան:
10. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով գործի ենթակայությունը սահմանելու մասին որոշում կայացվելու դեպքում չի կարող վերաքննիչ բողոք բերվել սույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի հիմքով այն պատճառաբանությամբ, որ գործը ենթակա չի եղել քննության քաղաքացիական դատավարության կարգով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 27-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Վճռաբեկ դատարանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, վճռաբեկ բողոքը վերադարձնելու, վճռաբեկ բողոքի ընդունումը մերժելու, վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հարցը լուծվում է նիստին ներկա դատավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ, իսկ վճռաբեկ բողոքը քննվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատում՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ:».
2) 11-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«11. Հատուկ կարծիքը հրապարակվում է դատական ակտի հրապարակումից հետո՝ տասնօրյա ժամկետում:»:
Հոդված 4. Օրենսգրքի 29-րդ հոդվածում՝
1) 7-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Գործի քննությունը կարող է ընդհատվել, իսկ դատական նիստի ընթացքում ինքնաբացարկ կամ բացարկ հայտնելու դեպքում նիստը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան երեք օրով:».
2) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8. Դատավորն ինքնաբացարկի կամ բացարկի հարցը քննելու արդյունքով կայացնում է որոշում, որում շարադրվում են ինքնաբացարկի կամ բացարկի հիմքերը: Դատարանի որոշումը հանձնվում կամ ուղարկվում է գործին մասնակցող անձանց ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրը:»:
Հոդված 5. Օրենսգրքի 37-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին եւ 1.2-րդ մասերով.
«1.1. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայցադիմումը ներկայացվում է, վարույթ է ընդունվում, հայցադիմումի ընդունումը մերժվում, կամ հայցադիմումը վերադարձվում է հայցադիմումին վերաբերող սույն օրենսգրքով նախատեսված կարգով:
1.2. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայցադիմումն առաջին ատյանի դատարանն ընդունում է վարույթ, եթե՝
1) պահանջը ներկայացվել է վեճի առարկայի նկատմամբ.
2) հայցի եւ գործով քննվող պահանջների համատեղ քննությունը կարող է ապահովել գործի առավել արագ եւ արդյունավետ լուծումը:»:
Հոդված 6. Օրենսգրքի 38-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Եթե հասցեատիրոջն ուղարկված ծանուցումը վերադարձվում է դատարան, կամ որեւէ այլ պատճառով հասցեատերը այն չի ստանում, ապա ծանուցումն իրականացվում է սույն օրենսգրքի 95-րդ հոդվածով սահմանված կարգով:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.
«7.1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ծանուցված անձինք իրավունք ունեն ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ եւ պատճեններ, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի նյութերը պարունակում են օրենքով պահպանվող գաղտնիք:»:
Հոդված 7. Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի «մասնակցող կողմն» բառերը փոխարինել «գործին մասնակցող անձն» բառերով:
Հոդված 8. Օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասը «նախատեսված» բառից հետո լրացնել «եւ օրենքով սահմանված այլ» բառերով:
Հոդված 9. Օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ մասը «եւ այլն)» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված անձը գործի քննությանը մասնակցում է որպես հակադիր շահեր ունեցող կողմ» բառերով:
Հոդված 10. Օրենսգրքի 97-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Դատական ծանուցագիրը հեռախոսակապով (այդ թվում՝ տեքստային հաղորդագրության) կամ էլեկտրոնային հարթակով (ինտերնետային կայքով, էլեկտրոնային հավելվածով կամ համանման այլ միջոցներով) ուղարկելը կամ այդ մասին հաղորդելը հնարավոր է, եթե կողմն ինքն է դատարանին այդ նպատակով տրամադրել իր հեռախոսահամարը կամ էլեկտրոնային հասցեն: Այդ դեպքում նշված հեռախոսահամարին կամ էլեկտրոնային հասցեին ուղարկված կամ հաղորդած ցանկացած տեղեկություն համարվում է ընդունված կամ ստացված հասցեատիրոջ կողմից: Հեռախոսակապի միջոցով իրականացված ծանուցումը պատշաճ է համարվում, եթե առկա է դատական ծանուցագրի հաղորդագրությունն ուղարկելու եւ այն հասցեատիրոջ կողմից ստացվելու փաստը հաստատելու հնարավորություն, իսկ հեռախոսային խոսակցության դեպքում՝ դրա բովանդակության մասին ձայնագրություն:
Ծանուցման նման եղանակի կիրառման մասին վկայող նյութերը կցվում են գործին:»:
Հոդված 11. Օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «հայց ներկայացնելու համար» բառերը:
Հոդված 12. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Դատական ծախսերի հետ կապված պահանջները ներկայացվում են բացառապես տվյալ գործի շրջանակներում՝ գրավոր միջնորդության տեսքով: Նման պահանջից հրաժարվելու կամ այդ կարգը չպահպանելու դեպքում դատական ծախսերի հատուցման հարցը համարվում է լուծված:»:
Հոդված 13. Օրենսգրքի 109-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Ներկայացված առանձին հայցապահանջների նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի առկայության դեպքում, եթե դատարանն այդ մասով առանձնացնում է գործի վարույթը եւ առանձնացված մասով կայացնում է հայցը մերժելու մասին վճիռ, ապա նշված վճռում դատարանը կարող է նշում կատարել դատական ծախսերի հարցին առանձնացված գործով կայացվելիք եզրափակիչ դատական ակտով անդրադառնալու մասին:»:
Հոդված 14. Օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ մասում «անդրադառնում են» բառերը փոխարինել «իրավունք ունեն անդրադառնալու» բառերով:
Հոդված 15. Օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասում «Առաջին ատյանի դատարանը» բառերը փոխարինել «Դատարանը» բառով:
Հոդված 16. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 5-րդ մասը «վերադարձնելու հիմքերը» բառերից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված անվերապահ բեկանման հիմքերից որեւէ մեկով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը վերացվելու դեպքում առաջին ատյանի դատարանը հայցադիմումն ընդունում է վարույթ, եթե բացակայում են հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վերադարձնելու հիմքերը» բառերով:
Հոդված 17. Օրենսգրքի 127-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի՝
ա. 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«10) հակընդդեմ հայցադիմումը չի համապատասխանում սույն օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով սահմանված պահանջներին.»,
բ. 12-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«12) վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձը հայցադիմումը ներկայացրել է սույն օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին, 1.1-ին եւ 1.2-րդ մասերով սահմանված պահանջների խախտմամբ.»,
գ. 14-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«14) հայցադիմումը ներկայացվել է այն ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով, որը ենթակա է քննության նոտարի կողմից, եւ առկա չէ՝
ա. նոտարի կողմից նույն պահանջով գումարի բռնագանձման կարգադրություն արձակվելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշում, բացառությամբ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82.9-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքով դիմումը մերժելու դեպքի, կամ
բ. նոտարի կողմից նույն պահանջով կարգադրությունը չեղյալ ճանաչվելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշում:».
2) 1.3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1.3. Սույն հոդվածի 1.1-ին մասում նշված թերությունները չվերացվելու կամ հայցադիմումը վերադարձնելու այլ հիմքերի առկայության դեպքում առաջին ատյանի դատարանը սույն օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում որոշում է կայացնում հայցադիմումը վերադարձնելու մասին:».
3) 4-րդ մասի՝
ա. «եւ 10-12-րդ» բառերը փոխարինել «, 10-12-րդ եւ 14-րդ» բառերով,
բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կրկին ներկայացված հայցադիմումում նույն խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ խախտումները վերացնելու հնարավորությունից հայցվորը զրկված էր իր կամքից անկախ պատճառներով:».
4) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Եթե հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկված լինելու պայմաններում հայցադիմումը կրկին ներկայացվել է դատարան, ապա առաջին ատյանի դատարանը կրկին ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու հարցի վերաբերյալ որոշում է կայացնում վերաքննիչ դատարանի կողմից հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման վերաբերյալ դատական ակտ կայացվելուց հետո:».
5) 6-րդ մասի առաջին նախադասությունը «մերժելու հիմքերը» բառերից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված անվերապահ բեկանման հիմքերից որեւէ մեկով հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը վերացվելու դեպքում առաջին ատյանի դատարանը հայցադիմումն ընդունում է վարույթ, եթե բացակայում են հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վերադարձնելու հիմքերը» բառերով:
Հոդված 18. Օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասը «գործին մասնակցող անձի միջնորդությամբ» բառերից հետո լրացնել «կամ օրենքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ» բառերով:
Հոդված 19. Օրենսգրքի 131-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացնելուց հետո ներկայացվելու եւ դատարանի կողմից բավարարվելու դեպքում հայցի ապահովման միջոց կիրառելու կամ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու մասին դատարանի որոշումն ուղարկվում է պատասխանողին եւ գործին մասնակցող այլ անձանց հայցի ապահովման մասին դատարանի որոշումը կատարելուց հետո՝ եռօրյա ժամկետում:»:
Հոդված 20. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը «բացակայում են» բառերից հետո լրացնել «կամ վերացել են» բառերով:
Հոդված 21. Օրենսգրքի 135-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հայցագնի չափով գույքի վրա արգելանք դնելու մասին հայցի ապահովման միջոց կիրառված լինելու դեպքում դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կայացնում է հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու մասին որոշում՝ հակընդդեմ ապահովման չվճարված գումարի չափով:»:
Հոդված 22. Օրենսգրքի 140-րդ հոդվածի 4-րդ մասը «իրենից անկախ պատճառներով» բառերից հետո լրացնել «, կամ հակընդդեմ հայց չի ներկայացվել ընտանեկան գործերով վարույթի ընթացքում» բառերով:
Հոդված 23. Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասը «հետեւանքները» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 183-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 24. Օրենսգրքի 152-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասի՝
ա. «օրենսգրքի» բառը փոխարինել «հոդվածի» բառով,
բ. «չի քննարկվում» բառերից հետո լրացնել «, որի մասին միջնորդությունը ներկայացրած անձը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը» բառերով.
2) 6-րդ մասի՝
ա. «արգելվում է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 170-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքի» բառերով,
բ. երկրորդ նախադասությունը «հիմքով» բառից առաջ լրացնել «փաստական» բառով,
գ. «չի քննարկվում» բառերից հետո լրացնել «, որի մասին միջնորդությունը ներկայացրած անձը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը» բառերով:
Հոդված 25. Օրենսգրքի 153-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Տուգանք կիրառելիս կամ գործին մասնակցող անձին դատական նիստերի դահլիճից հեռացնելիս արտահայտվելու իրավունք չտրամադրելը դատարանը պետք է պատճառաբանի այդ անձի ներկայությամբ, եթե առկա է դրա հնարավորությունը, կամ այդ անձի բացակայությամբ:»:
Հոդված 26. Օրենսգրքի 156-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի՝
ա) 6-րդ կետի «պատասխանողը» բառը փոխարինել «գործին մասնակցող անձը» բառերով,
բ) 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«10) առաջին ատյանի դատարանը որոշել է գործի քննությանը ներգրավել գործին մասնակցող նոր անձի կամ, սույն օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ծանուցել որեւէ անձի.»,
գ) 14-րդ կետի «դեպքում» բառը փոխարինել «կամ սույն օրենսգրքով սահմանված դատավարական գործողությունները կատարելու անհրաժեշտության դեպքերում» բառերով.
2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքում գործի քննությունը հետաձգելու գործողությունը կարող է կատարվել դատական նիստից դուրս:»:
Հոդված 27. Օրենսգրքի 157-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետի «ակտ կայացնելը» բառերը փոխարինել «ակտի օրինական ուժի մեջ մտնելը» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը դատարանը կայացնում է Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման հետ միաժամանակ:»:
Հոդված 28. Օրենսգրքի 158-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դատավարական գործողությունները կատարելու համար դատարանի նախաձեռնությամբ հավելյալ պարզաբանումներ ստանալու նպատակով կարող է հրավիրվել դատական նիստ, որի ժամանակի եւ վայրի մասին ծանուցվում են գործին մասնակցող անձինք:»:
Հոդված 29. Օրենսգրքի 159-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասից հանել «, կամ երբ տեղի է ունեցել դատական կազմի փոփոխություն, եւ գործը վարույթ է ընդունել նոր դատավորը» բառերը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Դատական կազմի փոփոխության եւ գործը նոր դատավորի կողմից վարույթ ընդունվելու պարագայում այդ գործի կասեցված վարույթը կարող է վերսկսվել:».
3) 4-րդ մասը «հայցվորին» բառից հետո լրացնել «(դիմողին)» բառով:
Հոդված 30. Օրենսգրքի 168-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Եթե գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, ապա դատարանը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողությունները կատարելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, գործին մասնակցող անձանց ծանուցում է այդ մասին:».
2) 7-րդ մասը երրորդ նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Գործի քննության արդյունավետությունից ելնելով՝ դատարանը կարող է դատական ծախսերի հարցին անդրադառնալ վեճն ըստ էության լուծող եզրափակիչ դատական ակտով:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգը դատարանի հայեցողությամբ կարող է չկիրառվել, եթե դա բխում է գործի քննության արդյունավետությունից, կամ գործին մասնակցող անձինք համաձայն են, որ հայցային վաղեմության հարցին դատարանն անդրադառնա գործի ըստ էության քննության արդյունքով կայացվելիք եզրափակիչ դատական ակտով:»:
Հոդված 31. Օրենսգրքի 170-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը չի քննարկում, եթե չի ներկայացվել օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումից ազատելու, դրա վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը, կամ դատարանն այն չի բավարարել:»:
Հոդված 32. Օրենսգրքի 173-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Նոր պատասխանող ներգրավելու միջնորդության մեջ պետք է նշվեն նոր պատասխանող ներգրավելու հիմքերը եւ հիմնավորումները:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված միջնորդությունը չի քննարկվում:»:
Հոդված 33. Օրենսգրքի 180-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «Առաջին ատյանի դատարանը» բառերը փոխարինել «Դատարանը» բառով.
2) 1-ին մասի 11-րդ կետը «շարունակելու վերաբերյալ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն գործերի, որոնցում սկզբնական հայցի հետ համատեղ քննվում է նաեւ հակընդդեմ հայց» բառերով.
3) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետով.
«12) օրենքով նախատեսված այլ դեպքերում:»:
Հոդված 34. Օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Առաջին ատյանի» բառերը, իսկ նույն մասի «դատարանը» բառը փոխարինել «Դատարանը» բառով:
Հոդված 35. Օրենսգրքի 183-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «առաջին ատյանի» բառերը.
2) 4-րդ մասը «վերաքննիչ» բառից հետո լրացնել «կամ վճռաբեկ» բառերով.
3) 7-րդ մասը «մեկ այլ դատավորի» բառերից հետո լրացնել «կամ դատարանի կազմի» բառերով.
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.
«10. Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգը չի կիրառվում այն դեպքերում, երբ պահանջներից հրաժարվելու միջնորդությունը ներկայացնում է իրավաբանական անձը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ որպես ներկայացուցիչ փաստաբան ունեցող ֆիզիկական անձը:»:
Հոդված 36. Օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի «կազմում է» բառերը փոխարինել «կայացնում է» բառերով:
Հոդված 37. Օրենսգրքի 190-րդ հոդվածի 4-րդ մասի «կարող է կցվել» բառերը փոխարինել «կցվում է» բառերով:
Հոդված 38. Օրենսգրքի 234.7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 234.7. Պատասխանողի գործողությունները հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո
1. Հայցադիմումի պատասխանը կամ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը ներկայացվում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:»:
Հոդված 39. Օրենսգրքի 234.9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 234.9. Գործի քննության կարգը
1. Դատարանը սույն գլխով նախատեսված վեճերով գործերը քննում եւ դրանց վերաբերյալ վճիռները եւ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
1) դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է գործին մասնակցող անձանցից ստանալ պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների եւ գործում առկա ապացույցների վերաբերյալ.
2) ներկայացվել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն.
3) հայցվորը հրաժարվել է պահանջից:
2. Գործը դատական նիստում քննելու վերաբերյալ միջնորդությունը գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել մինչեւ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի լրանալը:
3. Գործը դատական նիստում քննելու մասին դատարանը կայացնում է որոշում հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալուց կամ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում:
4. Գործը դատական նիստում քննելու հարցը կարող է լուծվել նաեւ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշմամբ:»:
Հոդված 40. Օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Վճիռը վերանայելու արդյունքով դատարանը կայացնում է նոր վճիռ, որում շարադրվում է կողմերի հաշտության համաձայնության բառացի շարադրանքը (տեքստը) կամ մերժում է վճռի վերանայումը, որի վերաբերյալ կայացնում է որոշում:»:
Հոդված 41. Օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետի «հիսնապատիկը» բառը փոխարինել «երկուհարյուրապատիկը» բառով.
2) 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8) հայցն ակնհայտ անհիմն է, եթե դրանում ձեւակերպված հայցապահանջն ակնհայտորեն ոչ իրավաչափ է (ակնհայտորեն ենթակա է մերժման՝ անկախ դրա հիմքում դրված փաստերից) կամ հայցվորի կողմից դրա հիմքում դրված փաստերի հիման վրա ակնհայտորեն ենթակա է մերժման կամ ներկայացվել է ոչ պատշաճ հայցվորի կողմից կամ ոչ պատշաճ պատասխանողի դեմ (այսուհետ՝ ակնհայտ անհիմն հայց):»:
Հոդված 42. Օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասը «4-րդ մասով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ 340-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերով, իսկ նույն մասի «դեպքում» բառը փոխարինել «դեպքերում» բառով:
Հոդված 43. Օրենսգրքի 365-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6) գործից բացակայում է դատական նիստի արձանագրությունը, որն անհնար է դարձնում բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը, եթե հնարավոր չէ արձանագրությունը վերականգնել հատուկ համակարգչային ձայնագրման համակարգից.».
2) 3-րդ մասը «2-րդ մասի» բառերից հետո լրացնել «1-ին,» բառով, «5-րդ» բառից հետո՝ «6-րդ,» բառով, իսկ նույն մասի «եւ 11-րդ կետերով» բառերը փոխարինել «, 11-րդ եւ 12-րդ կետերով (բացառությամբ սույն օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքի)» բառերով:
Հոդված 44. Օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Բողոքին կցվում են օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները, բացառությամբ հայցադիմումը վերադարձնելու եւ ընդունումը մերժելու դեպքերի, ինչպես նաեւ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցը եւ վերաքննիչ բողոքի էլեկտրոնային կրիչը:»:
Հոդված 45. Օրենսգրքի 371-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանի աշխատակազմը սույն հոդվածի 3.1-ին մասին համապատասխան կազմում է արձանագրություն վերաքննիչ բողոքում առկա թերությունների մասին, սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը հաշվարկվում է արձանագրությամբ մատնանշված թերությունները վերացնելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող հինգերորդ օրվանից:».
2) 3-րդ մասը «թույլ տրված» բառերից հետո լրացնել «բոլոր» բառով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-3.3-րդ մասերով.
«3.1. Եթե ներկայացված վերաքննիչ բողոքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ բողոք բերող անձը թույլ է տվել սույն հոդվածի 368-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ կետերի խախտումներ, կամ բողոքին կցված չէ բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները կամ վերաքննիչ բողոքի էլեկտրոնային կրիչը, ապա վերաքննիչ դատարանի գրասենյակը կարող է հաղորդակցության միջոցով (առկայության դեպքում) ոչ ուշ, քան մինչեւ համապատասխան դատավարական ժամկետը լրանալուց երեք օր առաջ տեղեկացնել բողոք բերող անձին վերաքննիչ բողոքում առկա թերությունների մասին՝ առաջարկելով մինչեւ եռօրյա ժամկետում վերացնել դրանք: Նման միջոցով տեղեկացման անհնարինության դեպքում վերաքննիչ դատարանի գրասենյակը նույն ժամկետում կարող է կազմել վերաքննիչ բողոքում առկա թերությունների մասին արձանագրություն՝ նշելով առկա թերություններն արձանագրությունն ստանալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում, վերացնելու անհրաժեշտության մասին: Նշված արձանագրությունը ոչ ուշ, քան կազմելու հաջորդ օրն ուղարկվում է բողոք բերող անձին:
3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասում նշված թերությունները վերացվելուց հետո վերաքննիչ դատարանը սույն օրենսգրքի 370-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում, եթե բացակայում են վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու հիմքերը կամ վերաքննիչ բողոքը վերադարձնելու այլ հիմքեր:
3.3. Սույն հոդվածի 3.1-ին մասում նշված թերությունները չվերացվելու կամ վերաքննիչ բողոքը վերադարձնելու այլ հիմքերի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում որոշում է կայացնում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին:».
4) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում ընդունելու դեպքում բողոք բերած անձին ուղարկվում են վերաքննիչ դատարանի որոշումը, վերաքննիչ բողոքը եւ դրան կից ներկայացված այն փաստաթղթերը, որոնցում հայտնաբերվել են թերություններ՝ միաժամանակ գործին կցելով դրանց պատճենները: Այդ դեպքում բողոք բերող անձը բողոքը կրկին ներկայացնելիս դրան չի կցում վերաքննիչ դատարանի չվերադարձրած փաստաթղթերը: Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումն ուղարկվում է նաեւ գործին մասնակցող այլ անձանց:».
5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Այն դեպքում, երբ բողոքը ներկայացրել են մի քանի անձինք, վերաքննիչ դատարանը բողոքում առկա թերություններ թույլ տված անձի համար սահմանում է սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետ՝ այդ թերությունները շտկելու եւ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար:»:
Հոդված 46. Օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) սույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ է տվել նոր խախտումներ.».
2) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6) վերաքննիչ բողոքը բերվել է գույքային պահանջով քաղաքացիական գործով, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ.».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) բողոքը ներկայացվել է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված դեպքում:»:
Հոդված 47. Օրենսգրքի 373-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 373. Վերաքննիչ վարույթի կարճումը
1. Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո մինչեւ բողոքի քննության ավարտի մասին հայտարարելը վերաքննիչ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնելու վերաքննիչ բողոքից հրաժարվելու մասին:
2. Բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոքից հրաժարվելու դեպքում վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշում: Եթե դատական ակտը բողոքարկել են նաեւ այլ անձինք, ապա վարույթը կարճվում է միայն տվյալ բողոքի մասով:
3. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո սույն օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով վերաքննիչ վարույթը կասեցվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, բողոք բերողին փոխարինելու վերաբերյալ միջնորդություն չներկայացվելու դեպքում վերսկսում է գործի վարույթը եւ կայացնում է վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշում:
4. Վերաքննիչ վարույթը կարճելու մասին վերաքննիչ դատարանի որոշման հրապարակման պահից առաջին ատյանի դատարանի դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ, եթե այն չեն բողոքարկել այլ անձինք:
5. Վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշումն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
6. Վերաքննիչ դատարանի՝ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան հրապարակման պահից 15-օրյա ժամկետում:
7. Վերաքննիչ վարույթը կարճելու մասին վերաքննիչ դատարանի որոշմամբ վերաքննիչ վարույթի հետ կապված դատական ծախսերը դրվում են վերաքննիչ բողոքից հրաժարված անձի վրա, բացառությամբ սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերի:»:
Հոդված 48. Օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասը «Վճռի» բառից հետո լրացնել «, այլ եզրափակիչ դատական ակտերի» բառերով:
Հոդված 49. Օրենսգրքի 386-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Բացառիկ դեպքերում, երբ առկա են դատավորի կամքից անկախ օբյեկտիվ հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում հայտարարված ժամկետում որոշման հրապարակումը, դատարանը կարող է մինչեւ 15 օրով երկարաձգել որոշման հրապարակման ժամկետը՝ այդ մասին ծանուցելով գործին մասնակցող անձանց:»:
Հոդված 50. Օրենսգրքի 387-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «15 օր հետո» բառերից հետո լրացնել «, բացառությամբ գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին, ինչպես նաեւ վերաքննիչ բողոքից հրաժարվելու հիմքով վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշումների» բառերով.
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ պարտատերերի պահանջների հաստատման կապակցությամբ կայացված որոշումների դեմ բերված, ինչպես նաեւ գնումների հետ կապված վեճերով կայացված վճիռների դեմ բերված բողոքների քննության արդյունքով, ինչպես նաեւ բողոքից հրաժարվելու եւ գործը հաշտության համաձայնությամբ ավարտելու կապակցությամբ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:».
3) 3-րդ մասը «կայացման պահից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման, որն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 15 օր հետո» բառերով:
Հոդված 51. Օրենսգրքի 389-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) դատավարության մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Գործին մասնակից չդարձած անձինք վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող են ներկայացնել այն դեպքում, եթե իրենց իրավունքները եւ պարտականությունները շոշափվել են վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտով:»:
Հոդված 52. Օրենսգրքի 391-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Սույն օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ակտերի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել այդ ակտերի հրապարակման պահից տասնհինգօրյա ժամկետում:»:
Հոդված 53. Օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «բերվում են» բառերը փոխարինել «բերվում է» բառերով:
Հոդված 54. Օրենսգրքի 395-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 393-րդ հոդվածի պահանջներին, վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, եւ բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, կամ դատարանը մերժել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը, կամ վճռաբեկ բողոք է բերվել մեկից ավելի դատական ակտերի դեմ:
Եթե ներկայացված վճռաբեկ բողոքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ բողոք բերող անձը թույլ է տվել սույն օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի խախտումներ, կամ բողոքին կցված չէ բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները կամ վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը, ապա Վճռաբեկ դատարանի գրասենյակը կարող է հաղորդակցության միջոցով (առկայության դեպքում) տեղեկացնել բողոք բերող անձին վճռաբեկ բողոքում առկա թերությունների մասին՝ առաջարկելով եռօրյա ժամկետում վերացնել դրանք: Նման միջոցով տեղեկացման անհնարինության դեպքում Վճռաբեկ դատարանի գրասենյակը նույն ժամկետում կարող է կազմել վճռաբեկ բողոքում առկա թերությունների մասին արձանագրություն՝ նշելով առկա թերություններն արձանագրությունն ստանալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում, վերացնելու անհրաժեշտության մասին: Նշված արձանագրությունը ոչ ուշ, քան կազմման հաջորդ օրն ուղարկվում է բողոք բերող անձին:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-1.3-րդ մասերով.
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված թերությունները վերացվելուց հետո Վճռաբեկ դատարանը սույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում կայացնում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում, եթե բացակայում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու կամ առանց քննության թողնելու հիմքերը կամ վճռաբեկ բողոքը վերադարձնելու այլ հիմքեր:
1.2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված թերությունները չվերացվելու կամ վճռաբեկ բողոքը վերադարձնելու այլ հիմքերի առկայության դեպքում Վճռաբեկ դատարանը սույն օրենսգրքի 395-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում որոշում է կայացնում վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին:
1.3. Այն դեպքերում, երբ վճռաբեկ բողոքում առկա թերությունների վերացման համար բողոք բերող անձը չի տեղեկացվում, այդ թվում՝ արձանագրություն չի կազմվում, եւ վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 393-րդ հոդվածի պահանջներին, վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, եւ բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, կամ դատարանը մերժել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը, կամ վճռաբեկ բողոք է բերվել մեկից ավելի դատական ակտերի դեմ, ապա վճռաբեկ բողոքը վերադարձվում է:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Այն դեպքում, երբ բողոքը ներկայացրել են մի քանի անձինք, Վճռաբեկ դատարանը բողոքում առկա թերություններ թույլ տված անձի համար սահմանում է մինչեւ մեկամսյա ժամկետ՝ այդ թերությունները շտկելու եւ վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:»:
Հոդված 55. Օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) բողոքը ներկայացվել է նոր կամ նոր երեւան եկած հանգամանքներով ուժի մեջ չմտած դատական ակտի դեմ:»:
Հոդված 56. Օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետը «բեկանելիս» բառից հետո լրացնել «կամ օրինական ուժի մեջ թողնելիս» բառերով:
Հոդված 57. Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «տվյալ» բառից հետո լրացնել «կամ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված դեպքերում այլ» բառերով:
Հոդված 58. Օրենսգրքի 422-րդ հոդվածի 4-րդ մասը «բողոք բերված լինելու» բառերից հետո լրացնել «կամ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտման» բառերով:
Հոդված 59. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 2-րդ, 10-րդ, 13-րդ եւ 30-րդ հոդվածներով նախատեսված դրույթները տարածվում են նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը վարույթ ընդունված հայցադիմումներով գործերի քննության վրա:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» 2022 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-26-Ն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
01.03.2024
Երեւան
ՀՕ-82-Ն