Armenian      
Կուտակային կենսաթոշակների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.02.2024

Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 56-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում՝ կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա` կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգի համաձայն.».

2) երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն մասով նախատեսված հիմքերից որեւէ մեկի առկայության մասին կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը տեղեկացնում է մասնակիցների ռեեստրը վարողին` այդ հիմքերի առկայությունը հավաստող փաստաթուղթը անձին տրամադրելու օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը:»:

Հոդված 2. Օրենքի 61-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում՝ կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա` կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգի համաձայն.»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող` կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:

3. Մինչեւ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգի ընդունումը ծագած իրավահարաբերությունները կարգավորվում են գործող իրավակարգավորումներով:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

25.03.2024
Երեւան
ՀՕ-124-Ն