Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.03.2024

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 63.2-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «պահանջները» բառից հետո լրացնել «կամ պայմանները» բառերով.

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Առանց ջրօգտագործման թույլտվության մակերեւութային ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին եւ 1.2-րդ մասերով.

«1.1. Լուծարված հորատանցքերը վերաբացելը կամ առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելը կամ առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման նպատակով հորատանցք հորատելը կամ առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքերը վերաբացելը, եթե դա էական վնաս չի պատճառել (պատճառված նյութական վնասը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը)՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ հազարհինգհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչեւ երեքհազարապատիկի չափով:

1.2. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող տարածքներում լուծարված հորատանցքերի վերաբացումը, իսկ առանց ջրօգտագործման թույլտվության նաեւ ջրօգտագործման նպատակով հորատանցքերի հորատումը կամ առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքերի վերաբացումը տարածքի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ հազարհինգհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչեւ երեքհազարապատիկի չափով:».

4) 2-րդ մասը «պահանջները» բառից հետո լրացնել «կամ պայմանները» բառերով.

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Արտեզյան (ճնշումային) ջրերից ջրօգտագործման դեպքում ջրօգտագործման թույլտվության պահանջները կամ պայմանները չկատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ հազարհինգհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 88-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 88. Կենդանական, այդ թվում` ձկան պաշարների պահպանության, որսի եւ ձկնորսության, ինչպես նաեւ կենդանական աշխարհից օգտվելու մյուս կանոնները խախտելը

1. Կենդանական, այդ թվում` ձկան պաշարների պահպանության, որսի եւ ձկնորսության, ինչպես նաեւ կենդանական աշխարհից օգտվելու մյուս կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչեւ հարյուրքառասնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն հանդիսացող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաեւ հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների եւ կենդանիների բռնագրավմամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը, որը կատարվել է  սիգ ձկնատեսակի նկատմամբ՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի  նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ վեցհարյուրապատիկի չափով՝ խախտողի անձնական սեփականություն հանդիսացող որսագործիքների, ձկնորսական ցանցերի, ինչպես նաեւ հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների կամ որսված սիգի, ինչպես նաեւ դրա արգասիքների բռնագրավմամբ:

3. Սեւանա լճում ձկնորսության նպատակով օգտագործվող լողամիջոցներով արդյունագործական որսի համար ստեղծված կամ նախատեսված մուտքի եւ ելքի տեղամասերից դուրս տարածքներից մուտք եւ ելք իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը որսի թույլտվության ժամանակահատվածում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 89-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ եւ 3-րդ մասերով.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը, որը կատարվել է սիգ ձկնատեսակի կամ սիգ ձկնատեսակի ձկնկիթի նկատմամբ՝ մանր չափի գույքային վնաս  պատճառելով՝

1) առանց համապատասխան թույլտվության կամ

2) դրա որսի կամ արդյունահանման համար արգելված ժամանակ կամ

3) արգելված վայրում կամ

4) արգելված գործիքներով, միջոցներով կամ եղանակներով՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ վեցհարյուրապատիկի չափով՝ խախտողի անձնական սեփականություն հանդիսացող որսագործիքների, ձկնորսական ցանցերի, ինչպես նաեւ հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների, ապօրինի որսված կամ ապօրինի արդյունահանված սիգի կամ սիգի ձկնկիթի բռնագրավմամբ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի իմաստով՝ մանր չափ է համարվում մինչեւ 150 000  Հայաստանի  Հանրապետության  դրամը  չգերազանցող  գումարը (արժեքը):»:

Հոդված 4. Օրենսգրքի 162-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը, որը կատարվել է սիգ ձկնատեսակի կամ սիգ ձկնատեսակի ձկնկիթի նկատմամբ՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով՝ առեւտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող եւ իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:».

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով՝ առեւտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող եւ իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների կամ կենդանիների կամ դրանց արգասիքների բռնագրավմամբ կամ առանց դրա:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

08.04.2024
Երեւան
ՀՕ-130-Ն