ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 152.3-րդ հոդվածով.
«Հոդված 152.3. Նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի կողմից բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում օրենքի պահանջները խախտելը
1. Նոր կառուցված եւ շահագործման հանձնված բազմաբնակարան շենքի նախագծային փաստաթղթերը կառուցապատողի կողմից օրենքով սահմանված կազմով կամ ժամկետում բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին չփոխանցելը, ինչպես նաեւ այդ փաստաթղթերի հանձնման-ընդունման ակտի օրինակը օրենքով սահմանված ժամկետում համայնքի ղեկավարին չներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը վարչական տույժի կիրառումից հետո՝ վեց ամսվա ընթացքում, չվերացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր խախտման համար՝ սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 219.1-ին հոդվածի երկրորդ պարբերությունը «152.2-րդ հոդվածի 1-ին մասով,» բառերից հետո լրացնել «152.3-րդ հոդվածով,» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
02.05.2024
Երեւան
ՀՕ-143-Ն