Armenian      
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.04.2024

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.

«7.1) օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն իրականացնելը եւ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն  հրապարակման.»:

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21.1-ին կետով.

«21.1) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով իրականացնում է բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն եւ ներկայացնում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ,   որոնք ենթակա չեն հրապարակման.»:

Հոդված 3. Օրենքի 26.1-ին հոդվածում՝

1)    2-րդ մասի՝

ա. 1-ին կետը «անդամների» բառից հետո լրացնել «(սույն հոդվածում այսուհետ՝ ընտանիքի անդամներ)» բառերով, իսկ նույն կետի «գույքի եւ եկամուտի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն» բառերը փոխարինել «գույքի եւ եկամտի վերաբերյալ «Հանրային ծառայության մասին» օրենքի     40-րդ եւ 41-րդ հոդվածներով նախատեսված տեղեկություն» բառերով,

բ. 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) թեկնածուի քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու, նրա նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացված լինելու, հայցվոր կամ պատասխանող հանդիսանալու վերաբերյալ տեղեկություն.».

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձեւանմուշը, լրացման կարգը, հարցաթերթիկում ներառվող տվյալների մանրամասները, ինչպես նաեւ բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության եւ գնահատման մեթոդաբանությունը սահմանում է Հանձնաժողովը:».

3) 5-րդ մասի՝

ա. 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) անձի կողմից քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու, նրա նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացված լինելու, հայցվոր կամ պատասխանող հանդիսանալու, անձի՝ կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության, նրա կողմից վարքագծի կանոնների, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների խախտում կատարված լինելու հանգամանքների ուսումնասիրություն.»,

բ. 4-րդ կետի «անձի» բառը փոխարինել «անձի եւ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով նրա ընտանիքի անդամների» բառերով.

4)   7-րդ մասը «հարելու հնարավորության» բառերից հետո լրացնել «,գույքային դրության ուսումնասիրության շրջանակում՝ գույքի փաստացի տիրապետման, անձի հետ համատեղ բնակության, ինչպես նաեւ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքն անձի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերելու կամ անձի կողմից այդ գույքից փաստացի օգուտ ստանալու կամ այդ գույքը տնօրինելու փաստերի» բառերով.

5) 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9. Հանձնաժողովը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում ներառված եւ ձեռք բերված տվյալների ուսումնասիրության, համադրման եւ ամփոփման արդյունքով կազմում եւ իրավասու մարմին է ներկայացնում անձի բարեվարքության վերաբերյալ դրական կամ բացասական բնույթի խորհրդատվական եզրակացություն:».

6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-13-րդ մասերով.

«10. Անձի բարեվարքության վերաբերյալ դրական եզրակացություն ներկայացվում է այն դեպքում, երբ տվյալների ուսումնասիրության, համադրման եւ ամփոփման արդյունքով չեն հայտնաբերվում սույն հոդվածով ուսումնասիրության առարկա հանդիսացող գործոններ, կամ թեեւ հայտնաբերվում են անհամապատասխանություններ, սակայն դրանք անձի բարեվարքության գնահատման համար բացասական ազդեցություն չունեն:

11. Անձի բարեվարքության վերաբերյալ բացասական եզրակացություն ներկայացվում է բացառապես այն դեպքում, երբ տվյալների ուսումնասիրության, համադրման եւ ամփոփման արդյունքով հայտնաբերվում են տվյալներ, որոնք ինքնին հանդիսանում են բավարար գործոն անձի բարեվարքության վերաբերյալ բացասական բնույթի եզրակացության տրամադրման համար, մասնավորապես՝

1) անձի եւ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով նրա ընտանիքի անդամների գույքային դրության առնչությամբ արձանագրված այնպիսի տվյալներ, որոնք ձեւավորում են ողջամիտ կասկած առ այն, որ վերջիններիս գույքի ծագումը, փոփոխությունը, իրականացրած գործարքները կամ հայտարարագրման ենթակա տվյալներն օրինական եւ արժանահավատ չեն, կամ գույքային դրության եւ փաստացի ստացած եկամուտների միջեւ առկա է էական եւ ակնհայտ անհամապատասխանություն.

2) հիմնավոր եւ հավաստի տվյալներ, որոնց բնույթը, քանակը կամ դրանց ամբողջությունն էական ազդեցություն ունեն անձի մասնագիտական գործունեության անկախության, անաչառության վրա կամ ձեւավորում են հանրային անվստահություն՝ նվազեցնելով հանրային իշխանության մարմինների հեղինակությունը, եւ որոնք վերաբերում են՝

ա. անձի կողմից նախկինում քրեական պատասխանատվության ենթարկված լինելու, նրա նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներ կայացված լինելու հանգամանքին՝ հաշվի առնելով արարքի բնույթը եւ դրա հնարավոր ազդեցությունը անձի հետագա մասնագիտական գործունեության վրա,

բ. անձի վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու, անձի կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության, նրա կողմից վարքագծի կանոնների, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների պահպանման վերաբերյալ տվյալներին, որոնք ձեւավորում են բարեվարքության առնչությամբ ռիսկ՝ հաշվի առնելով արարքի բնույթը, դրա հնարավոր ազդեցությունն անձի հետագա մասնագիտական գործունեության վրա, խախտումների քանակը եւ դրանց առնչությամբ հնարավոր հանրային ընկալումը,

գ. անձի աշխատանքային գործունեության ընթացքում դրսեւորած վարքագծի, այդ թվում՝ իրականացրած գործողությունների (անգործության), կայացրած որոշումների վերաբերյալ տեղեկություններին, որոնք վկայում են մարդու իրավունքների խախտումների մասին, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցներում առկա այնպիսի հրապարակումներ, որոնք կարող են անձի մասնագիտական գործունեության անկախության, անաչառության վերաբերյալ ձեւավորել կասկած եւ անվստահություն՝ նվազեցնելով հանրային իշխանության մարմինների հեղինակությունը:

12. Անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը հրապարակման ենթակա չէ եւ չի տրամադրվում այլ անձանց: Հանձնաժողովը, ինչպես նաեւ անձին նշանակելու կամ ընտրելու իրավասություն ունեցող մարմինը (անձը) չեն կարող հրապարակել անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությամբ իրենց հայտնի դարձած տեղեկությունները:

13. Եթե Հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքով բացահայտվում են առերեւույթ հանցագործության հատկանիշներ, ապա այդ տեղեկությունները չեն ներառվում եզրակացության հիմնական մասում եւ կցվում են եզրակացությանը՝ որպես հավելված: Հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով եզրակացության հավելվածը (առկայության դեպքում) չի կարող տրամադրվել անձին (թեկնածուին):»:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 26.2-րդ հոդվածով.

«Հոդված 26.2. Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունը

1. Հանձնաժողովն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով իրականացնում է բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն:

2. Հանձնաժողովը սահմանում է բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության շրջանակներում բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացման կարգը, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկի ձեւանմուշը, լրացման կարգը, հարցաթերթիկում ներառվող տվյալների մանրամասները:

3. Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է սույն օրենքի 26.1-ին հոդվածով սահմանված կարգով եւ պայմաններով՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:

4. Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկը Հանձնաժողով է ներկայացվում էլեկտրոնային համակարգի միջոցով:

5. Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է եռամսյա ժամկետում:

6. Այն դեպքում, երբ բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնող անձը դատավոր է, եւ նրա բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացությունը ներկայացվել է բացառապես գույքային դրության հիմքով, ապա Հանձնաժողովը հարուցում է կարգապահական վարույթ: Վարույթի ընթացքում ձեռք բերված նյութերը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հետ ներկայացվում են Բարձրագույն դատական խորհուրդ:

7. Այն դեպքում, երբ բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնող անձը դատավոր է, բարեվարքության ուսումնասիրության արդյունքով բացասական եզրակացություն ներկայացնելու համար, գույքային դրությունից բացի, այլ հիմքերի առկայության դեպքում  (այդ թվում՝ գույքային դրության ուսումնասիրության արդյունքների համակցությամբ) Հանձնաժողովը համապատասխան եզրակացությունն ուղարկում է դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու նպատակով:»:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 3-րդ եւ 4-րդ հոդվածներով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

3. Սույն օրենքի 4-րդ հոդվածով լրացվող Օրենքի 26.2-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվող իրավական կարգավորումներն ուժի մեջ են մտնում 2024 թվականի դեկտեմբերի 31-ից:

4. Մինչեւ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկների լրացման էլեկտրոնային համակարգի գործարկումը բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության հարցաթերթիկները ներկայացվում են թղթային եղանակով:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

03.05.2024
Երեւան
ՀՕ-160-Ն