ՕՐԵՆՔԸ
«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» 2021 թվականի մարտի 24-ի ՀՕ-147-Ն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
«10) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված կարգով եւ սույն օրենքով նախատեսված դեպքերում ու ժամկետներում ներկայացնել բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկ:»:
Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) hակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից այնպիսի վարքագիծ դրսեւորելը կամ գույքային դրության առնչությամբ այնպիսի անհամապատասխանությունը, որը հանգեցրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն տրամադրելուն:»:
Հոդված 3. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը «իրավասություն ունեցող» բառերից հետո լրացնել «մարմինը կամ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների» բառերից հետո լրացնել «, իսկ հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ՝ նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սույն օրենքի 35.1-ին հոդվածով նախատեսված բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության արդյունքով ներկայացված խորհրդատվական բնույթի բացասական եզրակացության» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն ներկայացվելու դեպքում կարգապահական հանձնաժողովը պարտադիր հարուցում է ծառայողական քննություն:».
3) 8-րդ մասի «Կարգապահական վարույթը» բառերը փոխարինել «Ծառայողական քննությունը» բառերով.
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.
«8.1. Ծառայողական քննությունը հարուցվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքով բացասական եզրակացությունը տրամադրվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց վեց տարի հետո (բացառությամբ բարեվարքության գույքային դրության առնչությամբ հարուցվող ծառայողական քննությունների): Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության շրջանակներում գույքային դրության ուսումնասիրության արդյունքով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն տրամադրվելու դեպքում ծառայողական քննությունը հարուցվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բացասական եզրակացությունը տրամադրվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում:»:
Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածում՝
1) 15-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ նախաձեռնելով հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջխաղացման ցուցակում ներառելու գործընթաց.».
2) 15-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ ներառելով հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձանց առաջխաղացման ցուցակում.».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.1-15.3-րդ մասերով.
«15.1. Սույն հոդվածի 15-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումն ընդունվելուց հետո Հանձնաժողովը հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին ծանուցում է տասնօրյա ժամկետում բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության հարցաթերթիկը էլեկտրոնային համակարգում լրացնելու անհրաժեշտության վերաբերյալ:
15.2. Սույն հոդվածի 15.1-ին մասով նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ մեկօրյա ժամկետում, Հանձնաժողովն առաջխաղացման ենթակա անձանց վերաբերյալ տեղեկություն է ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով մեկամսյա ժամկետում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:
15.3գ Սույն հոդվածի 15.2-րդ մասում նշված անձանց բարեվարքության ուսումնասիրության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո՝ երեք օրվա ընթացքում, այն տրամադրվում է Հանձնաժողովին, որը որոշում է կայացնում անձին առաջխաղացման ցուցակում ներառելու կամ չներառելու վերաբերյալ:».
4) 17-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«17. Հանձնաժողովի որոշումը հանձնաժողովի նախագահն ատեստավորման օրվանից հետո (բացառությամբ սույն հոդվածի 15-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումն ընդունելու դեպքի)` եռօրյա ժամկետում, ներկայացնում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, իսկ սույն հոդվածի 15-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումն ընդունվելու դեպքում եռօրյա ժամկետը սկսվում է հաշվարկվել սույն հոդվածի 15.3-րդ մասով նախատեսված որոշումն ընդունելուց հետո:»:
Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 35.1-ին հոդվածով.
«Հոդված 35.1. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունը
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով՝ առաջին անգամ հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոնի նշանակվելու տարվանից հետո՝ վեցերորդ տարում: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը եւ նրա տեղակալները բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն չեն անցնում:
2. Նախկինում հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած այն անձը, որը պաշտոնավարումը դադարելուց հետո կրկին նշանակվում է հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոնի, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն անցնում է կրկին պաշտոնի նշանակվելուց հետո՝ վեցերորդ տարում:
3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված ժամկետները հաշվարկվում են հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնի նշանակվելու օրացուցային տարվան հաջորդող տարվանից:
4. Այն դեպքում, երբ հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոնի նշանակվելուց հետո՝ մինչեւ բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության տարին, անձն առաջխաղացման նպատակով անցնում է բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն, ապա բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության համար նախատեսված վեց տարվա ժամկետը սկսվում է հաշվարկվել հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու օրացուցային տարվան հաջորդող տարվանից:
5. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկը ներկայացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով:
6. Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկը լրացվում է մինչեւ բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնելու տարվա հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում:
7. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սույն հոդվածով նախատեսված խորհրդատվական բնույթի եզրակացությունները տրամադրում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, իսկ բացասական եզրակացությունները՝ նաեւ կարգապահական հանձնաժողովին:»:
Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության շրջանակներում բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկի ներկայացման կարգը, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկի ձեւանմուշը, լրացման կարգը, հարցաթերթիկում ներառվող տվյալների մանրամասները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
2. Մինչեւ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկների լրացման էլեկտրոնային համակարգի գործարկումը բարեվարքության ուսումնասիրություն անցնող անձինք բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկները ներկայացնում են թղթային տարբերակով:
3. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող այն անձինք, որոնք նշանակվել են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն անցնում են սույն օրենքի 35.1-ին հոդվածով սահմանված կարգով: Սույն ժամկետի հաշվարկը սկսվում է վերջին նշանակմանը հաջորդող օրացուցային տարվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
03.05.2024
Երեւան
ՀՕ-162-Ն