Armenian      
Փախստականների եւ ապաստանի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.05.2024

Հոդված 1. «Փախստականների եւ ապաստանի մասին» 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31.1-ին հոդվածով.

«Հոդված 31.1. Հասարակական կազմակերպությունների մասնակցությունը ապաստան հայցողների Ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեությանը

1. Հասարակական կազմակերպությունները կարող են իրականացնել հասարակական վերահսկողություն Ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության նկատմամբ: Սույն հոդվածի իմաստով՝ հասարակական վերահսկողությունը ներառում է  ապաստան հայցողների կենսաապահովման պայմանների, Ժամանակավոր տեղավորման կենտրոնում բնակության ներքին կարգապահական կանոնների պահպանման եւ ապաստան հայցողների այլ իրավունքների ապահովման նկատմամբ վերահսկողական գործառույթները:

2. Ժամանակավոր  տեղավորման  կենտրոնում  հասարակական վերահսկողությունն իրականացվում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հաստատած՝ մրցութային կարգով ընտրված, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված հասարակական դիտորդների խմբի միջոցով:

3. Հասարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունների ժամկետը երեք տարի է: Հասարակական դիտորդների խմբի անդամների թիվը չի կարող գերազանցել քսանմեկը:

4. Ժամանակավոր  տեղավորման  կենտրոնում  հասարակական վերահսկողության իրականացման կարգը, ինչպես նաեւ հասարակական դիտորդների խմբի կազմը եւ իրավասությունների շրջանակը սահմանում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը:»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարն ընդունում է սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

07.06.2024
Երեւան
ՀՕ-238-Ն