Armenian      
Բյուջետային համակարգի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 12.06.2024

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1.2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22-րդ եւ 23-րդ մասերով.

«22. Բյուջետային ծրագրի գնահատումը ծրագրերի եւ միջոցառումների համակարգված, օբյեկտիվ եւ բազմակողմանի վերլուծությունն է դրանց արդյունավետությունն ու արդյունքայնությունը բացահայտելու  նպատակով:

23.  Արդյունքայնությունը ցույց է տալիս, թե իրականացված ծրագրերն ու միջոցառումները որքանով են ապահովել նախատեսված նպատակները եւ վերջնական արդյունքները:»:

Հոդված  2. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1)  վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված  24. Պետական բյուջեի կատարման հսկողությունը, վերահսկողությունը եւ բյուջետային ծրագրերի գնահատումը».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Բյուջետային ծրագրերի գնահատումն իրականացնում է պետական լիազորված մարմինը՝ կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է բյուջետային ծրագրերի գնահատման իրականացման կարգը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

04.07.2024
Երեւան
ՀՕ-289-Ն