Armenian      
Քննչական կոմիտեի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.07.2024

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 49.1-ին հոդվածով.

«Հոդված 49.1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում աշխատանքի անցնող անձանց սոցիալական երաշխիքները

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչության քաղաքացիական ծառայողները «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում աշխատանքի անցնելու դեպքում պահպանում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչությունում զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ աշխատավարձը, եթե այն բարձր է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում զբաղեցրած հաստիքի համար սահմանված աշխատավարձից:

2. «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված երաշխիքից օգտվող անձինք, որոնք աշխատանքի կանցնեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում, կպահպանեն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը: Այս դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցրած եւ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում աշխատած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ: Պետական կենսաթոշակ ստանալու պահից «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում տվյալ աշխատողի աշխատավարձի հաշվարկն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում զբաղեցրած հաստիքին համապատասխան: Նախկինում հաշվարկվող հավելումները եւ լրավճարներն այլեւս չեն հաշվարկվում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

23.07.2024
Երեւան
ՀՕ-307-Ն