ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետից հանել «՝ հինգ տարվա ընթացքում,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Եթե հատուցման վճարը նշանակելուց հետո զինծառայողի հաշմանդամության խումբը փոխվում է առաջինից երկրորդ կամ երրորդ, երկրորդից երրորդ, կամ տեղի է ունենում զինծառայողի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի փոփոխություն՝ խորը աստիճանից ծանր, միջին կամ թեթեւ, ծանր աստիճանից միջին կամ թեթեւ, կամ զինծառայողը հաշմանդամություն ունեցող անձ չի ճանաչվում, ապա մինչեւ փոփոխությունը նշանակված հատուցման գումարները (այդ թվում՝ ամսական հավասար վճարների չափերը), ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասում նշված 20 տարվա ժամկետը վերանայման ենթակա չեն:».
2) 7-րդ մասի՝
ա. 1-ին կետից հանել «ժամկետում եւ» բառերը,
բ. 3-րդ կետը «փոփոխությունը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 6.1-ին մասում նշված դեպքերի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածի 3-6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի դրույթները տարածվում են նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տեղի ունեցած՝ Օրենքի 4-րդ հոդվածի 6.1-ին մասում նշված դեպքերի վրա: Ընդ որում, սույն մասով նախատեսված դեպքերում՝
1) հատուցման գումարների չափը հաշվարկվում (վերահաշվարկվում) է Օրենքի 4-րդ հոդվածի 6.1-ին մասի դրույթների հաշվառմամբ՝ հաշմանդամության ժամկետը լրանալու կապակցությամբ ամսական հավասար վճարը դադարեցնելու կամ ամսական հավասար վճարը երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող զինծառայողի համար հաշվարկված չափով վճարելու ամսվա 1-ից.
2) որպես երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող զինծառայողի՝ հատուցման հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) կողմից փաստացի վճարված դրամական աջակցության գումարները, նույն ժամանակահատվածում պետական բյուջեից վճարված հաշմանդամության զինվորական կենսաթոշակի եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի հիման վրա վճարված պարգեւավճարի գումարները համարվում են փաստացի վճարված հատուցման գումարներ եւ նվազեցվում են Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված հատուցման գումարներից.
3) սույն մասի 2-րդ կետում նշված՝ Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված հատուցման գումարներից նվազեցվող գումարի ամսական չափը չի կարող գերազանցել Օրենքի 4-րդ հոդվածի 6.1-ին մասի դրույթների հաշվառմամբ վճարման ենթակա ամսական հավասար վճարի չափը.
4) չվճարված հատուցման գումարները վճարվում են միանվագ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում.
5) Հիմնադրամի խորհրդի սահմանած կարգով շահառուին (շահառուներին) վճարվում են չվճարված հատուցման գումարները՝ հատուցման գումարների չափը հաշվարկելու (վերահաշվարկելու) ժամկետից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ն ընկած ժամանակահատվածում վճարման ենթակա եւ փաստացի վճարված (այդ թվում՝ սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված՝ փաստացի վճարված հատուցման գումարներ համարվող) հատուցման գումարների տարբերությունը: Սույն կետում նշված՝ չվճարված հատուցման գումարները շահառուին (շահառուներին) վճարելու կարգը Հիմնադրամի խորհուրդը հաստատում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից դադարեցվում է Օրենքի հիման վրա երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող զինծառայողներին Հիմնադրամի կողմից դրամական աջակցության վճարումը, եւ նրանք համարվում են Հիմնադրամի շահառու:
4. Զինծառայողներին վճարված՝ սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված զինվորական կենսաթոշակի եւ պարգեւավճարի գումարների վերաբերյալ տեղեկատվությունը Հիմնադրամին է տրամադրում կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում՝ հիմք ընդունելով Հիմնադրամից ստացված՝ սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված զինծառայողների տվյալները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
23.07.2024
Երեւան
ՀՕ-306-Ն