Armenian      
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.10.2024

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.
 
«գ. ձեռնարկատիրական գործունեության հետ կապված կամ կորպորատիվ իրավահարաբերություններից բխող հատուցելի պայմանագրի կամ դրա վավերականության կամ գնի վրա ազդող առանձին մասի վավերականությունը վիճարկելու վերաբերյալ պահանջով  պայմանագրի գնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 6-ապատիկից եւ ոչ ավելի բազային տուրքի 25 000-ապատիկից»,

բ. 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

գ. 10-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «բ1» ենթակետով.
 
«բ1. ձեռնարկատիրական գործունեության հետ կապված կամ կորպորատիվ իրավահարաբերություններից բխող հատուցելի պայմանագրի կամ դրա վավերականության կամ գնի վրա ազդող առանձին մասի վավերականությունը վիճարկելու վերաբերյալ պահանջով  առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում վճարման ենթակա պետական տուրքի չափին գումարած բազային տուրքի 30-ապատիկի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 15 000-ապատիկից»,

դ. 11-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «բ1» ենթակետով.
 
«բ1. ձեռնարկատիրական գործունեության հետ կապված կամ կորպորատիվ իրավահարաբերություններից բխող հատուցելի պայմանագրի կամ  դրա վավերականության կամ գնի վրա ազդող առանձին մասի վավերականությունը վիճարկելու վերաբերյալ պահանջով  առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում վճարման ենթակա պետական տուրքի չափին գումարած բազային տուրքի 40-ապատիկի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 10 000-ապատիկից».
 
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.

«1.2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված պայմանագրի գինը որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 440-րդ հոդվածով նախատեսված կանոններով: Գույքը վարձակալության հանձնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու պայմանագրերի դեպքում, երբ դրանցով նախատեսված է պարբերական վճարումների կատարում, սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված պայմանագրի գինը որոշվում է նման պարբերական վճարումների հանրագումարով, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա համար նախատեսված վճարումների հանրագումարը:».

3) 2-րդ մասի 2-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) այն վարչական ակտերի վիճարկման պահանջով հայցադիմումների համար, որոնցով առաջադրվել է կամ որոնց հիման վրա ծագել է դրամական պարտավորություն հետեւյալ չափերով՝»:
 
Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «բ» կետում՝

ա. «դատարանների  կողմից»  բառերից  հետո  լրացնել «հայցադիմումները,» բառով,

բ. «3-րդ մասով նախատեսված դեպքի» բառերը փոխարինել «3-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված դեպքերի» բառերով.

2) 1-ին մասի «բ1» կետը «վերաքննիչ» բառից հետո լրացնել «կամ վճռաբեկ» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի հիմքերով հայցադիմումի ընդունումը մերժվելու դեպքում վճարված պետական տուրքը չի վերադարձվում:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների եւ դրանց հիման վրա հարուցված գործերի վրա:

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատարան ներկայացված հայցադիմումների քննության արդյունքով կայացված դատական ակտերի, ինչպես նաեւ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին կամ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումների բողոքարկման դեպքում կիրառվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող նորմերը:

4. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատարան ներկայացված հայցադիմումները կամ բողոքները վերադարձնելուց հետո դրանք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կրկին ներկայացվելու դեպքում դրանց նկատմամբ կիրառվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող նորմերը:

5. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումներում կամ բողոքներում նշված պահանջը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո փոփոխվելու դեպքում պետական տուրքի գումարի չբավականացնող մասը գանձելիս կիրառման են ենթակա մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող նորմերը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

08.11.2024
Երեւան
ՀՕ-390-Ն