Armenian      
Քաղաքացիական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.10.2024
Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 132-րդ հոդվածի 1-ին կետը «դրամական միջոցները,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվները,» բառով:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 143.1-ին հոդվածով.

«Հոդված 143.1. Կրիպտոակտիվը

1. Կրիպտոակտիվը ծածկագրման (կրիպտոգրաֆիայի) վրա հիմնված գույք է, որն ունի արժեք կամ հավաստում է իրավունք, եւ որը կարող է փոխանցվել եւ պահպանվել բացառապես էլեկտրոնային եղանակով` ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի միջոցով:

2.Սույն հոդվածի իմաստով՝ ապակենտրոնացված գրանցամատյանը էլեկտրոնային գրանցամատյան է, որտեղ գրանցվում են կրիպտոակտիվներով գործարքները եւ դրանց մասին տվյալները, եւ որը սինխրոնիզացվում  է եւ պահպանվելուն զուգընթաց հասանելի է ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի ցանցի ներսում՝ կիրառելով փոխհամաձայնության մեխանիզմ:

3. Սույն հոդվածի իմաստով՝ փոխհամաձայնության մեխանիզմը կանոնների եւ գործընթացների ամբողջություն է, որոնց հիման վրա ձեռք է բերվում համաձայնություն ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի ցանցի կողմից ապակենտրոնացված գրանցամատյանում գործարքների վավերացման եւ գրանցման պայմանների վերաբերյալ:

4. Սույն հոդվածի իմաստով՝ ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի ցանցը սարքավորումների կամ գործընթացների ամբողջությունն է, որոնցից յուրաքանչյուրի միջոցով ամբողջությամբ կամ մասնակիորեն պահպանվում են ապակենտրոնացված գրանցամատյանում գրանցված բոլոր գործարքները եւ դրանց մասին տվյալները:

5. Օրենքի խախտմամբ, այդ թվում՝ նման արգելք սահմանող դատական կամ վարչական ակտի պահանջների անտեսմամբ կրիպտոակտիվի օտարումն առ ոչինչ է:»:

Հոդված 3. Օրենսգրքի 176-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Անձը կրիպտոակտիվի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերում՝

1) ապակենտրոնացված գրանցամատյանում, դրա կանոնների համաձայն, կրիպտոակտիվ ստացող անձի հասցեում գրանցման պահից, եթե  կրիպտոակտիվ ստացող անձը կամ նրա նշած անձն օրինական  տիրապետում է կրիպտոակտիվին հասանելիություն ապահովող միջոցին.

2) օրենքի համաձայն՝ կրիպտոակտիվի պահառուի մոտ կրիպտոակտիվն ստացող անձի անունով գրանցման պահից:»:

Հոդված 4. Օրենսգրքի 470-րդ հոդվածի 2-րդ մասը «արժեթղթերի» բառից հետո լրացնել  «,կրիպտոակտիվների» բառով:

Հոդված 5. Օրենսգրքի  589-րդ  հոդվածը  լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Արգելվում է փոխանակության պայմանագրով կրիպտոակտիվի փոխարեն հանձնել կրիպտոակտիվ չհանդիսացող այլ ապրանք (գույք): Սույն կետի պահանջի խախտմամբ կնքված պայմանագիրը առ ոչինչ է:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

08.11.2024
Երեւան
ՀՕ-394-Ն