ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետի «ընտանեկան» բառը փոխարինել «անապահովության» բառով.
2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «տարածքային կենտրոնում» բառերը:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետի «օրենքով» բառը փոխարինել «օրենսդրությամբ» բառով.
2) 3-րդ կետը «ոչ հավաստի» բառերից հետո լրացնել «կամ կեղծ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 5-9-րդ մասերի «Ընտանեկան նպաստը, սոցիալական» բառերը փոխարինել «Անապահովության» բառով, իսկ նույն հոդվածի 8-րդ մասը «կանխիկ եղանակով վճարելը» բառերից հետո լրացնել «անապահովության» բառով:
Հոդված 5. Օրենքի 3-րդ գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 3
ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ
Հոդված 13. Անապահովության նպաստ ստանալու իրավունքը եւ անապահովության նպաստ տրամադրելու հիմքը
1. Անապահովության նպաստ ստանալու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված՝ ընտանիքի անապահովության գնահատման կարգով (այսուհետ՝ Գնահատման կարգ) սոցիալապես անապահով ճանաչված այն ընտանիքը, որի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմից, եւ ընտանիքի համար հաշվարկված անապահովության նպաստի չափը բարձր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված անապահովության նպաստի նվազագույն չափից:
2. Ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը հաշվարկելու նպատակով ընտանիքի բոլոր անդամների՝ Գնահատման կարգով հաշվարկվող եկամուտների հանրագումարը բաժանվում է ընտանիքի անդամների հաշվարկային թվի վրա:
3. Ընտանիքի անդամների հաշվարկային թիվը ձեւավորվում է սույն մասի 1-4-րդ կետերում նշված գործակիցների հիման վրա ստացված թվերը գումարելով.
1) 18 եւ ավելի տարեկան անձի գործակիցը՝ 1.
2) 15-17 տարեկան անձի գործակիցը՝ 0.7.
3) 10-14 տարեկան անձի գործակիցը՝ 0.55.
4) 0-9 տարեկան անձի գործակիցը՝ 0.45:
4. Անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմը սահմանվում է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի՝ տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար հաշվարկված եւ հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի նկատմամբ հաշվարկված տոկոսը:
5. Անապահովության նպաստի նվազագույն չափը չի կարող ցածր լինել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի՝ տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար հաշվարկված եւ հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի 10 տոկոսի արժեքից:
6. Անապահովության նպաստ ստանալու իրավունքը ծագում է անապահովության նպաստ նշանակելու օրվա դրությամբ, եւ անապահովության նպաստը վճարվում է դիմելու օրվա ամսվան հաջորդող ամսվանից մինչեւ նպաստի իրավունքի դադարեցման հիմքի առաջացումը, սակայն ոչ ավելի, քան 12 ամիս ժամկետով:
7. Անապահովության նպաստի նշանակումը մերժվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով ընտանիքի անդամի՝ որպես աշխատանք փնտրող անձի կողմից հաշվառվելու համար դիմում չներկայացվելու կամ անապահովության նպաստ նշանակելու դիմումը, դրանում ներկայացված տվյալները կամ փաստաթղթերը օրենսդրությամբ սահմանված կարգին, պայմաններին կամ պահանջներին չհամապատասխանելու դեպքում:
Հոդված 14. Անապահովության նպաստ նշանակելու վարչական վարույթի առանձնահատկությունները
1. Անապահովության նպաստ նշանակելու վարչական վարույթը բաղկացած է դիմումի ներկայացման, օրենսդրությամբ սահմանված տվյալների հավաքման եւ վարչական ակտի կայացման փուլերից:
2. Անապահովության նպաստ նշանակելու նպատակով ընտանիքի չափահաս անդամներից մեկը՝ չափահաս մյուս անդամների գրավոր կամ էլեկտրոնային համաձայնությամբ, անհատական օգտահաշվի միջոցով առցանց ներկայացնում է Գնահատման կարգով հաստատված դիմում: Դիմումին կից ներկայացվում են անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակների գունավոր լուսապատճեններ, որոնք հավաքվում են ընտանիքի էլեկտրոնային սոցիալական գործում:
3. Անապահովության նպաստ նշանակելու կամ մերժելու կամ անապահովության նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու կամ անապահովության նպաստի չափի փոփոխման վերաբերյալ վարչական ակտն ընդունվում է ինքնաշխատ եղանակով ընտանիքի սոցիալական գնահատման եւ սոցիալական աջակցության տեղեկատվական ենթահամակարգում, որի արդյունքով ձեւավորվում է էլեկտրոնային կարգադրություն (այսուհետ՝ Կարգադրություն)՝ վավերականության ստուգման նպատակով համապատասխան ծածկագրով, առանց ստորագրության՝ դիմումի ներկայացման պահից 30 օրվա ընթացքում: Դիմումի ներկայացման օր է համարվում օրենսդրությամբ սահմանված դիմումը եւ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելու օրը: Կարգադրության ընդունման համար հիմք են դիմողի առցանց ներկայացրած դիմումը եւ փաստաթղթերի բնօրինակների գունավոր լուսապատճենները, սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին հասանելի այլ պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների (համաձայնությամբ) տեղեկատվական շտեմարաններում առկա եւ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված տվյալները, ինչպես նաեւ դիմողի կեցության պայմանների ուսումնասիրության նպատակով իրականացվող տնայցի արդյունքները:
4. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետը լրանալու հիմքով անապահովության նպաստ ստանալու իրավունքը դադարեցվելու դեպքում առանձին կարգադրություն չի ձեւավորվում:
5. Կարգադրությունն ուժի մեջ է մտնում ձեւավորման պահից: Կարգադրությունը դիմողին տրամադրվում է ընտանիքի սոցիալական գնահատման եւ սոցիալական աջակցության տեղեկատվական ենթահամակարգում դիմողի անհատական օգտահաշվի միջոցով այն ձեւավորվելու օրվա ընթացքում, իսկ դիմողի ցանկության դեպքում՝ նաեւ էլեկտրոնային փոստին կամ բջջային հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելու կամ տարածքային կենտրոնում առձեռն տրամադրելու միջոցով նման առցանց պահանջ ներկայացնելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Կարգադրությանը համաձայն չլինելու դեպքում դիմողը կարող է այն բողոքարկել դատական կամ վարչական կարգով: Դատական կամ վարչական բողոքը կարող է ներկայացվել Կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում: Վարչական կարգով բողոքարկման դեպքում դիմողն առցանց ներկայացնում է բողոք Միասնական սոցիալական ծառայություն: Վարչական կարգով բողոքարկման արդյունքով վարչական ակտը կայացվում է դիմումն ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում: Վարչական կարգով բողոքարկման հիման վրա Կարգադրությունն ընդունվում է՝ հիմք ընդունելով սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը (տվյալները), իսկ կայացված համապատասխան վարչական ակտը դիմողին տրամադրվում է սույն մասով սահմանված եղանակով ու ժամկետներում:
6. Վարչական բողոքի արդյունքով կայացվում է հետեւյալ որոշումներից մեկը.
1) բավարարել բողոքը եւ ձեւավորել նոր Կարգադրություն.
2) մերժել բողոքը՝ Կարգադրությունը թողնելով անփոփոխ:
Հոդված 15. Անապահովության նպաստի չափը որոշելը
1. Անապահովության նպաստի ամսական հիմնական չափը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի եւ ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի տարբերությունն ընտանիքի անդամների հաշվարկային թվով բազմապատկելու միջոցով:
2. Ընտանիքին վճարվում է հավելում՝ հիմք ընդունելով ընտանիքի խնամառության խումբը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում եւ չափով:
3. Ընտանիքի խնամառության խումբը որոշվում է՝ հիմք ընդունելով ընտանիքում խնամառուների թվի հարաբերությունն աշխատունակ անդամների թվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Ընտանիքի խնամառության խումբը որոշելիս՝
1) ընտանիքի խնամառու անդամ են համարվում ընտանիքի մինչեւ 18 տարեկան կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակումներ ունեցող կամ 75 եւ ավելի տարեկան անձինք, ինչպես նաեւ այլ անձինք Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում.
2) ընտանիքի աշխատունակ անդամ է համարվում 18 տարեկանից մինչեւ 62 տարեկանը ներառյալ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակումներ չունեցող անձը:
4. Ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամներին վերագրվում է եկամուտ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում, չափով ու ժամկետներում: Եկամտի վերագրումն ընտանիքի անդամի համար հաշվարկվող եկամուտ է՝ անկախ այն փաստացի ստանալու հանգամանքից:
Հոդված 15.1. Անապահովության նպաստ ստանալու իրավունքի դադարեցման հիմքերը
1. Անապահովության նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝
1) սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից որեւէ մեկի վերացման դեպքում.
2) եթե պարզվում է, որ ընտանիքի որեւէ անդամի համար ներկայացված՝ անապահովության նպաստ ստանալու իրավունքի որոշման համար հիմք հանդիսացող տվյալները (փաստաթղթերը) հավաստի չեն կամ կեղծ են.
3) սույն օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետը լրանալու դեպքում.
4) ընտանիքի անդամի՝ պարտադիր կրթությունից դուրս մնալու դեպքում.
5) ընտանիքի միակ անդամի մահվան դեպքում.
6) անապահովության նպաստ ստանալու իրավունքից հրաժարվելու դեպքում.
7) ընտանիքի անդամի կողմից անշարժ գույքի գրավադրման դեպքում:
2. Անապահովության նպաստ ստանալու իրավունքը եւ անապահովության նպաստի վճարումը դադարեցվում են սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-7-րդ կետերում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված դեպքում՝ դրանց հայտնաբերման ամսվանից:»:
Հոդված 6. Օրենքի 4-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ կետի «եռամսյակային» բառը փոխարինել «եռամսյա» բառով.
2) 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ մասի «Եռամսյակային» բառը փոխարինել «Եռամսյա» բառով:
Հոդված 8. Օրենքի 19-րդ եւ 21-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «ընտանեկան նպաստի» բառերը փոխարինել «անապահովության նպաստ ստանալու» բառերով.
2) 2-րդ մասի «դիմում է տարածքային կենտրոն» բառերը փոխարինել «տարածքային կենտրոն առցանց ներկայացնում է դիմում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով.
3) 3-րդ մասի «ընտանեկան» բառը փոխարինել «անապահովության» բառով:
Հոդված 10. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 22. Եռամսյա հրատապ օգնություն ստանալու իրավունքը եւ եռամսյա հրատապ օգնություն տրամադրելու հիմքը
1. Եռամսյա հրատապ օգնություն ստանալու իրավունք ունի Գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված, անապահովության նպաստ ստանալու իրավունք չունեցող այն ընտանիքը, որի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից:
2. Եռամսյա հրատապ օգնություն ստանալու իրավունքը ծագում է եռամսյա հրատապ օգնությունը նշանակելու օրվա դրությամբ, եւ եռամսյա հրատապ օգնությունը վճարվում է դիմելու օրվա ամսվան հաջորդող ամսից մինչեւ եռամսյա հրատապ օգնության վճարման դադարեցման հիմքի առաջացումը, սակայն ոչ ավելի, քան երեք ամիս ժամկետով:
3. Եռամսյա հրատապ օգնությունը նշանակվում է անապահովության նպաստ նշանակելու համար սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված ընթացակարգերով:
4. Եռամսյա հրատապ օգնության նշանակումը մերժվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով ընտանիքի անդամի՝ որպես աշխատանք փնտրող անձի կողմից հաշվառվելու համար դիմում չներկայացնելու, եռամսյա հրատապ օգնություն նշանակելու դիմումը, դրանում ներկայացված տվյալները կամ փաստաթղթերն օրենսդրությամբ սահմանված կարգին, պայմաններին կամ պահանջներին չհամապատասխանելու կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված՝ ընթացիկ տարվա մեջ եռամսյա հրատապ օգնություն նշանակելու պարբերականության քանակը լրանալու դեպքում:»:
Հոդված 11. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 23. Եռամսյա հրատապ օգնության վճարման դադարեցման հիմքերը
1. Եռամսյա հրատապ օգնություն ստանալու իրավունքը դադարեցվում է՝
1) սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից որեւէ մեկի վերացման դեպքում.
2) եթե պարզվում է, որ ընտանիքի կողմից ընտանիքի որեւէ անդամի համար ներկայացված՝ եռամսյա հրատապ օգնություն ստանալու իրավունքի որոշման համար հիմք հանդիսացող տվյալները (փաստաթղթերը) հավաստի չեն կամ կեղծ են.
3) անապահովության նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում.
4) սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետը լրանալու դեպքում.
5) ընտանիքի միակ անդամի մահվան դեպքում.
6) եռամսյա հրատապ օգնություն ստանալու իրավունքից հրաժարվելու դեպքում.
7) ընտանիքի անդամի՝ պարտադիր կրթությունից դուրս մնալու դեպքում.
8) ընտանիքի անդամի կողմից անշարժ գույքի գրավադրման դեպքում:
2. Եռամսյա հրատապ օգնություն ստանալու իրավունքը եւ եռամսյա հրատապ օգնության վճարումը դադարեցվում են սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-8-րդ կետերում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված դեպքում՝ դրանց հայտնաբերման ամսվանից:
3. Ընտանիքին ընթացիկ տարվա մեջ եռամսյա հրատապ օգնություն կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված պարբերականությամբ:»:
Հոդված 12. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը «Նպաստառուի» բառից հետո լրացնել «կամ անապահովության նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամի» բառերով:
Հոդված 13. Օրենքի 37-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «հավաստի» բառից հետո լրացնել «կամ կեղծ» բառերով.
2) 2-րդ մասից հանել «, նպաստ նշանակող տարածքային կենտրոնի հետ փոխհամաձայնեցված» բառերը.
3) 3-րդ մասից հանել առաջին նախադասությունը.
4) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերով սահմանված նպաստների՝ ավելի վճարված գումարների վերադարձման ժամանակացույց կազմելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 14. Օրենքի 39-րդ հոդվածում՝
1) 14-րդ մասի «Ընտանեկան նպաստ, սոցիալական» բառերը փոխարինել «Անապահովության» բառով, իսկ «ընտանեկան նպաստը, սոցիալական» բառերը՝ «անապահովության» բառով.
2) 15-րդ մասի «ընտանեկան նպաստ, սոցիալական», «ընտանեկան նպաստին, սոցիալական», «ընտանեկան նպաստը, սոցիալական» բառերը փոխարինել «անապահովության» բառով.
3) 16-րդ մասի «ընտանեկան նպաստը, սոցիալական» բառերը փոխարինել «անապահովության» բառով:
Հոդված 15.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ գործելու է Կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում՝ Կառավարության որոշմամբ սահմանված մարզում կամ մարզերում, որից հետո՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
3. Սույն օրենքի գործողության պահին ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված եւ ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքների նպաստի վճարումները շարունակվում են մինչեւ հաջորդ հաշվառման (փաստագրման) ամիսը ներառյալ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:
4. Մինչեւ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ ընտանեկան կամ սոցիալական նպաստի վճարման դադարեցման ժամկետների լրանալը՝
1) անապահովության նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու համար դիմող ընտանիքների ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքը դադարում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
2) ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի բոլոր անդամների կամ միակ անդամի մահվան դեպքում ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքը դադարում է անձի մահվան ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
5. Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքները, ինչպես նաեւ ընտանիքների անապահովության գնահատման հիմքով տրամադրվող այլ ծառայություններից օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվող ընտանիքները շարունակում են օգտվել դրանցից նույն չափով մինչեւ սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված նպաստների վճարման դադարեցման ժամկետների լրանալը կամ օրենքով սահմանված այլ հիմքերի առաջացումը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
11.11.2024
Երեւան
ՀՕ-407-Ն