Armenian      
Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 15.11.2024

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին»  1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին եւ 4.2-րդ մասերով.

 «4.1. Հավաստագրման յուրաքանչյուր հնգամյա շրջափուլում ավագ եւ միջին բուժաշխատողները սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ՇՄԶ կրեդիտների քանակը լրացնում են շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող իրենց կողմից ընտրված միջոցառումներին եւ Կառավարության կողմից հաստատված պարտադիր շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների ցանկում ներառված բոլոր միջոցառումներին մասնակցելով:

4.2. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումներին առցանց մասնակցության դեպքում դրանց համար նախատեսված վճարի փոխհատուցման կարգը եւ դեպքերը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն  ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Կառավարության կողմից հաստատված պարտադիր շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների ցանկում ներառված միջոցառումներին մասնակցության համար շնորհված կրեդիտները համարվում են հաջորդ հնգամյա շրջափուլի համար հաշվարկվող կրեդիտներ:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

27.11.2024
Երեւան
ՀՕ-451-Ն