Armenian      
Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.12.2024
Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 69-րդ կետով.

«69) Հայաստանի Հանրապետության արագ արձագանքման բժշկական խումբ` արտակարգ իրավիճակներում գործող, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող, ինքնաբավ եւ հատուկ պատրաստություն անցած մասնագիտական խումբ:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը՝

ա. «Հիվանդանոցային» բառից հետո լրացնել «եւ արտահիվանդանոցային» բառերով, իսկ «հնարավորությունները» բառից հետո՝ «, ինչպես նաեւ, բժշկական օգնության եւ սպասարկման որոշ տեսակների մասնագիտական առանձնահատկություններով պայմանավորված, լիազոր մարմնի սահմանած պահանջները» բառերով,

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային պայմաններում լիազոր մարմնի սահմանած տեսակների բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը ներկայացվող պահանջները` ըստ մակարդակների, սահմանում է լիազոր մարմինը:».

2) 6-րդ մասը «ինչպես նաեւ հիվանդանոցային» բառերից հետո լրացնել «եւ արտահիվանդանոցային» բառերով:

Հոդված 3. Օրենքի 35.1-ին հոդվածում՝

1) 3-րդ եւ 4-րդ մասերի «լիցենզավորող հանձնաժողովի» բառերը փոխարինել «քննական հանձնաժողովի» բառերով.

2) 4-րդ մասից հանել «լիազոր մարմնի ձեւավորած» բառերը:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 42.3-րդ հոդվածով.

«Հոդված 42.3. Արագ արձագանքման բժշկական խումբը

1. Արտակարգ իրավիճակների հետեւանքով տուժածներին բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելու աշխատանքներին կարող են ներգրավվել նաեւ Հայաստանի Հանրապետության Արագ արձագանքման բժշկական խումբը եւ մարդասիրական առաքելության շրջանակում Հայաստանի Հանրապետություն ժամանած միջազգային արագ արձագանքման բժշկական խմբերը:

2. Հայաստանի Հանրապետության Արագ արձագանքման բժշկական խումբը կարող է ներգրավվել նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին՝ տուժածներին բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետությունում Արագ արձագանքման բժշկական խումբ ստեղծելու, դրա կառուցվածքը, կազմը, քանակը, գործունեության համար անհրաժեշտ միջոցների ցանկը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին ներգրավվելու կարգը սահմանում է Կառավարությունը:

4. Արագ արձագանքման բժշկական խումբը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին ներգրավվում է վարչապետի որոշմամբ, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելու աշխատանքներին ներգրավվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի եւ ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարների համատեղ հրամանով սահմանված կարգով:»:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

13.12.2024
Երեւան
ՀՕ-479-Ն