ՕՐԵՆՔԸ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Սույն օրենքը սահմանում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության հիմնական սկզբունքները եւ կարգավորում է այդ ոլորտում պետական աջակցության իրականացման համակարգի ձեւավորման եւ գործունեության հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենսդրությունը
1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից եւ այլ իրավական ակտերից:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) բարձր տեխնոլոգիաներ՝ նոր հնարավորությունների, տեղեկատվության, գիտելիքի, փորձի, նյութական միջոցների ամբողջություն, որը միտված է տնտեսությունում մրցունակ արտադրանք մշակելուն, ստեղծելուն, արտադրելուն, եւ որի հիմքում դրված են գիտատեխնիկական նորարարությունները, ներառյալ տեղեկատվական տեխնոլոգիաները.
2) տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ համակարգչային հիմքի վրա, մասնավորապես ծրագրային ապահովման, սպասարկման կամ կառավարման տեղեկատվական համակարգեր, ինչպես նաեւ բոլոր ձեւաչափերով տեղեկատվություն, ներառյալ տվյալներ, պատկերներ (շարժական, անշարժ) ստեղծելու, փոխակերպելու, պահպանելու, պաշտպանելու, մշակելու, փոխանցելու եւ անվտանգ հայթայթելու համար օգտագործվող տեխնոլոգիաների բոլոր տեսակները.
3) hարթակ՝ ինքնաշխատ ծրագրային համակարգ, որի միջոցով ներկայացվում են համապատասխան դիմումները, ու կազմակերպվում է պետական աջակցության տրամադրումը.
4) վարձու աշխատող՝ աշխատանքային կամ քաղաքացիական իրավական պայմանագրին համապատասխան աշխատանքներ կատարող.
5) բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որի՝ ավելացված արժեքի հարկի եւ (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկներով հայտարարագրած գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության առնվազն 90 տոկոսը պետական աջակցության տրամադրման հաշվետու ժամանակաշրջանում ձեւավորվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակներից: Բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների որոշման համար հիմք են ընդունվում սույն կետում նշված հաշվարկներով (հաշվետվությամբ) հայտարարագրած տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչները.
6) լիազոր մարմին՝ բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ինովացիոն ոլորտներում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող լիազոր մարմին.
7) պետական աջակցություն՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին կամ այլ սուբյեկտների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի համաձայն տրամադրվող գումար.
8) մասնագիտական աշխատանք՝ Կառավարության սահմանած ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվող անձնակազմի մասնագիտական աշխատանք.
9) աշխատանքային միգրանտ՝ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող եւ Հայաստանի Հանրապետությունում օրինական աշխատանքային իրավունք ունեցող մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատող: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող երկքաղաքացին սույն օրենքի իմաստով աշխատանքային միգրանտ չի համարվում.
10) նոր աշխատող՝ առաջին անգամ բարձր տեխնոլոգիաների ոլորտ մուտք գործած եւ մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատող.
11) հաշվետու ժամանակաշրջան՝ պետական աջակցության տրամադրման հաշվետու ժամանակաշրջան, որը հաշվարկվում է եռամսյակներով:
Հոդված 4. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության սկզբունքները եւ նպատակները
1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունն իրականացվում է պետության եւ մասնավոր հատվածի համագործակցության, ինչպես նաեւ հրապարակայնության սկզբունքների հիման վրա:
2. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության նպատակն է բարձր տեխնոլոգիաների՝
1) մրցունակության բարձրացումը.
2) նոր աշխատուժի ներգրավումը.
3) աշխատողների հմտությունների շարունակական բարձրացումը.
4) որպես արտադրանք արտահանող երկրի դիրքերի ամրապնդումը:
Հոդված 5. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության իրականացումը
1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակները՝ ըստ տնտեսական գործունեության դասակարգիչների, սահմանում է Կառավարությունը:
2. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին (այսուհետ նաեւ՝ տնտեսավարող սուբյեկտ) կամ այլ սուբյեկտների պետական աջակցությունը տրամադրվում է սույն օրենքով: Աջակցության այլ ուղղություններ կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով եւ այլ օրենսդրական ակտերով:
3. Լիազոր մարմինը, հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գերակայությունները, կարող է մշակել եւ Կառավարության հաստատմանը ներկայացնել աջակցության տրամադրման այլ կարգեր:
4. Կառավարության սահմանած պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին պետական աջակցությունը տրամադրվում է՝
1) աշխատանքային միգրանտների համար, որոնք իրականացնում են մասնագիտական աշխատանք եւ համարվում են տվյալ տնտեսավարող սուբյեկտի վարձու աշխատողները: Սույն կետով սահմանված պետական աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է աշխատանքային միգրանտի՝ աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 60 տոկոսի չափով.
2) նոր աշխատողներ ներգրավելու համար: Սույն կետով սահմանված պետական աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է նոր աշխատողի աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 60 տոկոսի չափով.
3) Կառավարության սահմանած պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման եւ վերապատրաստման (այսուհետ՝ վերապատրաստում) համար: Սույն կետով սահմանված պետական աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է վերապատրաստում անցած մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատողի աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության գծով հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով:
5. Կառավարության սահմանած պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների վարձու աշխատող աշխատանքային միգրանտին տրամադրվում է աջակցություն՝ իր աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 60 տոկոսի չափով:
6. Սույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով սահմանված վերապատրաստումը աշխատողի մասնագիտական նոր գիտելիքների ձեռքբերումը եւ շարունակական կատարելագործումն է, որը հավաստվում է վերապատրաստումն իրականացող համապատասխան մասնագիտական կենտրոնի տրամադրած փաստաթղթով:
7. Սույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի կիրառության դեպքում տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած վերապատրաստման հիմնավորումներն ուսումնասիրվում եւ ընդունվում են լիազոր մարմնի սահմանած կարգով:
8. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով եւ 5-րդ մասով սահմանված՝ հաշվետու ժամանակաշրջանի համար տրամադրվող պետական աջակցությունների հանրագումարը չի կարող գերազանցել նույն հաշվետու ժամանակաշրջանի մասով տվյալ տնտեսավարող սուբյեկտի բոլոր աշխատողների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսը:
9. Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ նոր աշխատողների մասով պետական աջակցությունը տրամադրվում է վարձու աշխատողի՝ առաջին անգամ մասնագիտական աշխատանքի անցնելու պահից երեք օրացուցային տարիների համար:
10. Սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված պետական աջակցությունների տրամադրման կարգերը սահմանում է Կառավարությունը:
11. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված աջակցությունը տրամադրվում է հարկման ընդհանուր համակարգում եւ շրջանառության հարկի համակարգում գործող կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2031 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար: Ընդ որում, շրջանառության հարկի համակարգում գործող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն աջակցությունից օգտվելն սկսելու օրացուցային տարվան հաջորդող երրորդ օրացուցային տարին լրանալուց հետո կարող է շարունակել օգտվել աջակցությունից, եթե գործում է հարկման ընդհանուր համակարգում:
Հոդված 6. Տնտեսավարող սուբյեկտներին ներկայացվող պահանջները
1. Պետական աջակցության համար կարող են դիմել հետեւյալ տնտեսավարող սուբյեկտները.
1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած առեւտրային կազմակերպությունները.
2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերը:
2. Պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտների գործունեության իրականացման ոլորտը պետք է համապատասխանի Կառավարության սահմանած՝ պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությանը կամ ներառի այն:
3. Սույն օրենքով սահմանված պահանջները բավարարող տնտեսավարող սուբյեկտները պետական աջակցություն ստանալու համար դիմում են կամավորության սկզբունքով՝ հարթակի միջոցով:
4. Տնտեսավարող սուբյեկտները պետական աջակցություն ստանալու համար հարթակի միջոցով ներկայացնում են դիմում: Պետական աջակցության համար դիմելու կարգը եւ դիմումին ներկայացվող պահանջները սահմանում է լիազոր մարմինը:
5. Հարթակն ինքնաշխատ եղանակով բավարարում կամ մերժում է պետական աջակցության տրամադրումը:
Հոդված 7. Պետական աջակցության տրամադրման մերժման հիմքերը
1. Պետական աջակցության տրամադրման դիմումը մերժվում է, եթե՝
1) դիմող տնտեսավարող սուբյեկտը չի համապատասխանում սույն օրենքով սահմանված՝ պետական աջակցություն ստանալու իրավունք ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ներկայացվող պահանջներին.
2) դիմող տնտեսավարող սուբյեկտի 51 տոկոս եւ ավելի բաժնեմասի բաժնետերը կամ մասնակիցը կամ անհատ ձեռնարկատերը հանդիսանում է սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ պետական աջակցության իրավունքից զրկված տնտեսավարող սուբյեկտի 51 եւ ավելի բաժնեմասի բաժնետեր կամ մասնակից կամ անհատ ձեռնարկատեր.
3) պետական աջակցություն ստանալու համար ներկայացված տվյալները թերի են կամ չեն համապատասխանում սույն օրենքի եւ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին.
4) դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ դիմող տնտեսավարող սուբյեկտն ունի 100 հազար Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ:
Հոդված 8. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության դադարեցումը
1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պետական աջակցության տրամադրումը դադարեցվում է, եթե պետական աջակցություն ստանալու համար տնտեսավարող սուբյեկտը ներկայացրել է ոչ հավաստի տեղեկություններ:
2. Պետական աջակցության դադարեցման մասին որոշումն ընդունում է լիազոր մարմնի ղեկավարը՝ «Վարչարարության եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված համապատասխան վարչական ակտի հիման վրա:
3. Պետական աջակցության դադարեցման դեպքում պետական աջակցություն ստացած տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է սույն հոդվածի 2-րդ մասում նշված վարչական ակտի մասին իրազեկվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնել խախտումը ներառող ժամանակաշրջանում սույն օրենքի շրջանակում կոնկրետ դեպքով աջակցության համար տրամադրված գումարները:
4. Տնտեսավարող սուբյեկտը զրկվում է սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պետական աջակցություն ստանալու իրավունքից, եթե մեկ տարվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտի մոտ հայտնաբերվել է դադարեցման հիմք հանդիսացող երկու եւ ավելի խախտման դեպք:
5. Լիազոր մարմինը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական ակտի կայացումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, տվյալ տնտեսավարող սուբյեկտի մասին տվյալները հրապարակում է իր պաշտոնական կայքում:
Հոդված 9. Հրապարակայնությունը
1. Պետական աջակցություն ստացած, ինչպես նաեւ աջակցության համար դիմած եւ մերժված անձանց ցանկը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում:
2. Լիազոր մարմնի պաշտոնական կայքում հրապարակվում են նաեւ սույն օրենքի պահանջները խախտած տնտեսավարող սուբյեկտների անվանումները:
Հոդված 10. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրը
1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար ճյուղային հաշվառում իրականացնելու նպատակով լիազոր մարմինը հարթակում վարում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրը (այսուհետ՝ վարչական ռեգիստր):
2. Վարչական ռեգիստրը ներառում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի փաստացի գործունեության կամ դրանց գտնվելու վայրի, գործունեության հիմնական եւ ոչ հիմնական տեսակների, աշխատողների քանակի, օտարերկրյա մասնակցության, արտադրված արտադրանքի, մատուցված ծառայությունների ծավալի, արտահանման, ներդրումների (այդ թվում՝ օտարերկրյա), եկամուտների, ներմուծման եւ այլ անհրաժեշտ ցուցանիշների մասին շարունակական արդիականացման ենթակա տվյալների բազան:
3. Վարչական ռեգիստրը ստեղծվում է պետական եկամուտների կոմիտեի, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, լիազոր մարմնի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանակված եւ տրամադրված տեղեկությունների, ինչպես նաեւ տնտեսավարող սուբյեկտների հաշվետվությունների հիման վրա:
4. Տնտեսավարող սուբյեկտների հաշվետվությունների ձեւերը եւ ներկայացման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
5. Կախված հավաքվող ցուցանիշների բնույթից՝ տնտեսավարող սուբյեկտները հաշվետվությունները ներկայացնում են ամսական, եռամսյակային կամ կիսամյակային պարբերականությամբ, որը որոշում է լիազոր մարմինը:
Հոդված 11. Տեղեկությունների տրամադրումը
1. Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի պետական գրանցում (հաշվառում) իրականացնող մարմինը յուրաքանչյուր եռամսյակ լիազոր մարմին է ներկայացնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների պետական գրանցման վերաբերյալ տեղեկությունները՝ Կառավարության սահմանած կարգով:
2. Պետական եկամուտների կոմիտեի կողմից լիազոր մարմնին տրամադրվող տեղեկությունների շրջանակը եւ տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են լիազոր մարմնի ղեկավարի եւ Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի համատեղ իրավական ակտով:
Հոդված 12. Պատասխանատվությունը սույն օրենքի դրույթները խախտելու համար
1. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
2. Սույն օրենքի համաձայն՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից հաշվետվությունները չներկայացնելը առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված չափերով:
Հոդված 13. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մոնիտորինգը
1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, պետական աջակցություն ստացած անձանց ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով լիազոր մարմինն իրականացնում է մոնիտորինգ:
2. Մոնիտորինգն իրականացվում է տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ տվյալների հավաքման, տվյալների ստուգման, համեմատման, գնահատման, վերլուծությունների իրականացման միջոցով:
3. Մոնիտորինգի իրականացման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
Հոդված 14. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից եւ գործում է մինչեւ 2031 թվականի դեկտեմբերի 31-ը, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից եւ կիրառվում է աշխատանքային միգրանտ հանդիսացող վարձու աշխատողի համար 2026 թվականի հունվարի 1-ից հետո հաշվարկված աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության գծով եկամտային հարկի նկատմամբ:
2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը գործում է մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը եւ կիրառվում է աշխատանքային միգրանտ հանդիսացող վարձու աշխատողի համար մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվարկված աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության գծով եկամտային հարկի նկատմամբ:
3. Սույն օրենքով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
4. Սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված հարթակը գործարկվում է ոչ ուշ, քան 2025 թվականի հուլիսի 1-ը: Մինչեւ հարթակի գործարկումը տնտեսավարող սուբյեկտներից դիմումներն ընդունվում եւ մշակվում են լիազոր մարմնի ղեկավարի հաստատած կարգով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
17.12.2024
Երեւան
ՀՕ-498-Ն