Armenian      
Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.12.2024

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ: Կոնսերվացված արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է փորձաքննության երեք տարին մեկ անգամ: Արտադրական վտանգավոր օբյեկտների առանձին խմբերի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել փորձաքննության իրականացման պարբերականության ավելի երկար ժամկետներ: Սույն մասով նախատեսված ժամկետների հաշվարկն սկսվում է նախորդ փորձաքննության իրականացման պահից:»:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ա» կետը «ռեեստրում» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ արձանագրված խախտումների վերացմանը» բառերով.

2) 1-ին մասի «բ» կետը «փորձաքննություն» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ արձանագրված խախտումների վերացմանը» բառերով.

3) 2-րդ մասի «դրա կատարման» բառերը փոխարինել «խախտումը վերացնելու» բառերով.

4) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ:

«6. Սույն հոդվածով նախատեսված կարգադրագրերը տալիս, ինչպես նաեւ կարգադրագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները վերացնելիս հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով տեսչական մարմինը դիմում է հավատարմագրված անձին կամ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն՝ փորձագիտական եզրակացություն ստանալու համար:».

5) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Կարգադրագիրը պարտադիր է դրա հասցեատերերի համար եւ ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դրանով սահմանված ժամկետում, իսկ արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու մասով կամովին չկատարելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:».

6) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Կարգադրագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա է կատարման ոչ ուշ, քան դրանով սահմանված ժամկետում: Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգադրագիրը՝ արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու մասով, ենթակա է անհապաղ կատարման:».

7) 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10. Կարգադրագիրը՝ արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու մասով, ներկայացվում է հարկադիր կատարման դրա չկատարման փաստը պարզելուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում:»:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժե» կետով.

«ժե) արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործումը դադարեցվելու դեպքում եռօրյա ժամկետում ապահովել դրա կոնսերվացումը:»:

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժե» կետով նախատեսված պահանջը սահմանված ժամկետում չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 4-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը շահագործումը դադարեցված արտադրական վտանգավոր օբյեկտները ենթակա են կոնսերվացման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

3. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդունված կարգադրագրերի վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

20.12.2024
Երեւան
ՀՕ-522-Ն