ՕՐԵՆՔԸ
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31-րդ եւ 32-րդ կետերով.
«31) էներգետիկ ըմպելիքներ՝ ալկոհոլային կամ ոչ ալկոհոլային տոնուսը բարձրացնող ըմպելիքներ, որոնցում կոֆեինի ընդհանուր քանակը գերազանցում է 150 մգ/լ-ն, եւ որոնք պարունակում են մեկ կամ ավելի տոնուսը բարձրացնող նյութ կամ հանքային նյութեր կամ դյուրամարս ածխաջրեր կամ վիտամիններ կամ վիտամինանման նյութեր կամ էներգետիկ նյութափոխանակության հիմնանյութեր (սուբստրատներ) կամ խթանիչներ, այդ թվում՝ բուսական ծագման նյութեր (բաղադրիչներ), բացառությամբ թեյի, սուրճի.
32) ավտոմատ ինքնասպասարկող սարք՝ առեւտրային գործառնությունների իրականացման համար նախատեսված էլեկտրոնային ծրագրատեխնիկական սարք, որն ապահովում է առեւտրի իրականացումը կամ ծառայությունների մատուցումն առանց աշխատակցի անմիջական միջամտության:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 16-րդ մասը «ալկոհոլային խմիչքների» բառերից հետո լրացնել «եւ էներգետիկ ըմպելիքների» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16.1-ին եւ 16.2-րդ մասերով.
«16.1. Արգելվում է 18 տարին չլրացած անձանց ալկոհոլային խմիչքների եւ էներգետիկ ըմպելիքների վաճառքը կամ որեւէ այլ եղանակով իրացումը:
16.2. Արգելվում է ալկոհոլային խմիչքների եւ էներգետիկ ըմպելիքների վաճառքը ավտոմատ ինքնասպասարկող սարքերով եւ տեխնիկական այլ միջոցներով:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 26-րդ մասով.
«26. Վաճառքի ցուցադրված էներգետիկ ըմպելիքները պետք է ապահովված լինեն առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով)՝ «էներգետիկ ըմպելիք» նշումով: Դարակաշարը (հատվածը) պետք է ունենա «Խորհուրդ չի տրվում օգտագործել մինչեւ 18 տարեկան երեխաներին, հղիության եւ կրծքով կերակրելու ժամանակ, ինչպես նաեւ նյարդային բարձր գրգռվածությամբ, անքնությամբ, զարկերակային բարձր ճնշմամբ տառապող անձանց» ընթեռնելի եւ տեսանելի վայրում տեղադրված գրառում:»:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասը «ալկոհոլային խմիչքների» բառերից հետո լրացնել «եւ էներգետիկ ըմպելիքների» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
12.02.2025
Երեւան
ՀՕ-8-Ն