Armenian      
Գովազդի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.01.2025

Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 2-րդ մասը «ալկոհոլային խմիչքների» բառերից հետո լրացնել «եւ էներգետիկ ըմպելիքների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Էներգետիկ ըմպելիքների գովազդի դեպքերում արգելվում է՝

ա) ներշնչել, որ էներգետիկ ըմպելիքն ունի բուժական, խթանող, հանգստացնող եւ լարվածությունը թուլացնող հատկություններ.

բ) դրդել սպառողներին էներգետիկ ըմպելիքի օգտագործմանը, բացասական գնահատական տալ չափավոր օգտագործմանը կամ չօգտագործմանը.

գ) ստեղծել այնպիսի տպավորություն, որ էներգետիկ ըմպելիքներն օգտագործում են սպորտային մրցումներին մասնակցելու եւ հաջողության հասնելու, առողջության պահպանման կամ բարելավման նպատակով ուժային գործողություններ իրականացնելիս կամ դրանց մասնակցությունից հետո ծարավը հագեցնելու համար.

դ) չզգուշացնել էներգետիկ ըմպելիքների չափից ավելի օգտագործման բացասական հետեւանքների մասին՝ սույն մասի «ը» կետով սահմանված տեքստի տեղադրմամբ կամ հնչեցմամբ.

ե) ներշնչել, որ էներգետիկ ըմպելիքներ օգտագործելն էական է բարետես կազմվածք ձեռք բերելու, հասարակական հաջողության հասնելու կամ գրավչություն ստանալու համար.

զ) ստեղծել այնպիսի տպավորություն, որ էներգետիկ ըմպելիքներն օգտագործում են ալկոհոլային խմիչքների հետ համատեղ.

է) նկարահանել եւ պատկերել 25 տարեկանից ցածր տարիք ունեցող անձանց.

ը) այն գովազդը, որի ժամանակ չի նշվում «Խորհուրդ չի տրվում օգտագործել մինչեւ 18 տարեկան երեխաներին, հղիության եւ կրծքով կերակրելու ժամանակ, ինչպես նաեւ նյարդային բարձր գրգռվածությամբ, անքնությամբ, զարկերակային բարձր ճնշմամբ տառապող անձանց» գրառումը, որը պետք է լինի հստակ եւ ընթեռնելի:».

2) 3-րդ մասը «ալկոհոլային խմիչքների» բառերից հետո լրացնել «եւ էներգետիկ ըմպելիքների» բառերով.

3) 4-րդ մասը «ալկոհոլային խմիչքների» բառերից հետո լրացնել «եւ էներգետիկ ըմպելիքների» բառերով.

4) 5-րդ մասի «բ» կետը «ծավալային միավոր)» բառերից հետո լրացնել «եւ էներգետիկ ըմպելիքների» բառերով.

5) 5.1-ին մասի «բ» կետը «ալկոհոլային խմիչքների» բառերից հետո լրացնել «եւ էներգետիկ ըմպելիքների» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

12.02.2025
Երեւան
ՀՕ-9-Ն