Armenian      
Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.01.2025

Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196 օրենքում (այսուհետ՝ Օրենք) «հավաքական թիմ» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «հավաքական» բառով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ի» եւ «իա» կետերով.

«ի) ֆիթնես՝ սպորտային վարժությունների համալիր, որը նպատակաուղղված է անձի առողջության ամրապնդմանն ու մարմնի բարեձեւությանը.

իա) ֆիթնես կենտրոն կամ մարզասրահ՝ անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ հանդիսացող, վճարովի ֆիթնես ծառայություններ մատուցող կամ վճարովի ֆիթնես ծառայություններ եւ մարզական այլ գործունեություն, այդ թվում՝ յոգա, պիլատես, ստրետչինգ իրականացնող կազմակերպություն:»:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ.18»  ենթակետով.

«դ.18) ֆիթնես կենտրոններ կամ մարզասրահներ  ներկայացվող չափորոշիչները սահմանելու վերաբերյալ.»:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ.1», «զ.1» եւ «ժ.8» կետերով.

«գ.1) «մարզական ենթակառուցվածքների ստեղծման եւ կառավարման ուղղությամբ համագործակցում է մասնավոր ոլորտի հետ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.».

«զ.1) իրականացնում է ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձեւից) ֆիթնեսի մարզիչների հավաստագրումը.».

«ժ.8) սահմանում է ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձեւից) մարզիչների հավաստագրման կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ մարզական գործունեության այլ տեսակները.»:

Հոդված 5. Օրենքի 9.1-ին հոդվածի 1-ին մասը «ե» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողություն ֆիթնես կենտրոնների եւ մարզասրահների գործունեության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանության  նկատմամբ, այդ թվում՝ ֆիթնես կենտրոններում եւ մարզասրահներում աշխատող մարզիչների հավաստագրման առկայության նկատմամբ:»:

Հոդված  6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.2-րդ հոդվածով.

«Հոդված 9.2. Ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեությունը

1. Որպես ֆիզկուլտուրային-առողջարարական, մարզական կազմակերպություններ՝  ֆիթնես  կենտրոնի  կամ  մարզասրահի գործունեության նպատակն է անձանց առողջության ամրապնդմանը  եւ մարմնի բարեձեւությանն ուղղված ծառայությունների մատուցումը:

2. Ֆիթնես կենտրոնը կամ մարզասրահը ծանուցում է ներկայացնում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմին իր գործունեության իրականացման մասին՝ գործունեության իրականացման ծանուցման մասին օրենսդրությանը համապատասխան: Յուրաքանչյուր ֆիթնես կենտրոնից կամ մարզասրահից գործունեության իրականացման մասին ծանուցումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմինը ծանուցում ստացած լինելու մասին պաշտոնական տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին:»:

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը «դրամաշնորհների ձեւով:» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մարզերում մասնավոր կամ մասնավորի կողմից շահագործվող մարզական ենթակառուցվածքների մարզական գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը կարող են դիմել եւ սահմանված չափորոշիչներին համապատասխանելու դեպքում ստանալ ֆինանսավորում պետության միջոցներից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 8. Օրենքի 18.5-րդ հոդվածի 1-ին մասում  «(ՕՀԹԹ)» հապավումը փոխարինել «(ՕՀԹ)» հապավումով:

Հոդված 9.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

3. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, ֆիթնես կենտրոնները կամ մարզասրահները համապատասխանեցնում են իրենց գործունեությունը չափորոշիչներին:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

12.02.2025
Երեւան
ՀՕ-14-Ն