Armenian      
Քաղաքացիական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.01.2025

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 93-րդ հոդվածում 2-րդ մասի 3-րդ կետից հանել «հրապարակային» բառը:

Հոդված 2. Օրենսգրքի 968.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «հրապարակած» բառը.

2) 5-րդ մասի «Ֆոնդի կառավարիչը» բառերը փոխարինել «Ֆոնդի կառավարումն իրականացնող անձը կամ կառավարիչը (այսուհետ սույն գլխում՝ ֆոնդի կառավարիչ)» բառերով.

3) 8-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Օրենքով ոչ հրապարակային ֆոնդերի կառավարման պայմանագրերի նկատմամբ կարող են սահմանվել այլ պահանջներ:»:

Հոդված 3. Օրենսգրքի 968.7-րդ հոդվածի 1-ին մասը «իրավունքներն առանձնացված հաշվառվում եւ գրանցվում են» բառերից հետո լրացնել «ֆոնդի կամ» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 968.10-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ֆոնդի կանոնների փոփոխությունն իրականացնում է ֆոնդի կառավարիչը՝ ֆոնդի բոլոր փայերի 50 տոկոսից ավելի սեփականատերերի համաձայնությամբ: Ընդ որում, ֆոնդի կանոնների՝ իր իրավունքների սահմանափակմանը հանգեցնող փոփոխությանն իր համաձայնությունը չտված ֆոնդի մասնակիցն իրավունք ունի ողջամիտ ժամկետում լուծելու ֆոնդի կառավարման պայմանագիրը, եթե այլ բան սահմանված չէ օրենքով: Օրենքով կարող է նախատեսվել ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխման այլ կարգ:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

14.02.2025
Երեւան
ՀՕ-24-Ն