Armenian      
Մշակութային օրենսդրության հիմունքների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.01.2025
Հոդված 1. «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2002 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-465-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Պետական մշակութային քաղաքականության կազմակերպումը

Հայաստանի Հանրապետությունում պետական մշակութային քաղաքականությունը կազմակերպվում է մշակույթի պահպանման, զարգացման եւ տարածման պետական ռազմավարական ծրագրերով, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-10-րդ կետերով.

«6) պետություն-մասնավոր հատված համագործակցությունը.

7) պետական աջակցության ծրագրերի մասնակցության մեկնարկային պայմանների հավասարությունը՝ անկախ մասնակցի կարգավիճակից.

8) արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացումը.

9) մշակութային միջոցառումների բազմազանության ապահովումը.

10) մշակույթի ապակենտրոնացումը՝ մարզերում պետական մշակութային քաղաքականության ընդլայնումը եւ համայնքների մշակութային կյանքի ակտիվացումը:»:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման եւ զարգացման համար պայմանների ստեղծումը, ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործողների գործունեության խթանումը, բարենպաստ միջավայրի ձեւավորումը.»:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«մշակույթ՝ մարդկանց, սոցիալական խմբերի կամ հասարակական միավորումների կողմից նյութական եւ հոգեւոր ոլորտներում ստեղծված արժեքների, համոզմունքների, սովորույթների, ավանդույթների, զգայությունների, մտածողության եւ հասարակական համակեցության կանոնների, վարքագծի ու գործողությունների ամբողջություն, սոցիալական, տնտեսական եւ ժամանցային համալիր գործունեություն, որն ապահովում է մշակութային արժեքների փոխանցելիությունը, ժառանգականությունը եւ պահպանությունը, ձեւավորում է հասարակության ինքնությունը եւ համախմբում նրանց ընդհանրական արժեքների շուրջ.».

2) յոթերորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ երեք պարբերությունով.

«ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործող՝ մասնագիտական հմտություններ ունեցող, մասնագիտական ծառայություններ առաջարկող եւ ստեղծագործական գործունեությամբ զբաղվող, ստեղծագործական ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող, ինչպես նաեւ մշակույթի եւ արվեստի բնագավառում այդ գործունեության միջոցով եկամուտ ստեղծող անձ.

մշակութային գործունեությամբ զբաղվող անձ՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի գործողության ոլորտներում գործունեություն իրականացնող մշակութային կազմակերպությունում գրանցված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրով ստեղծագործական գործունեություն իրականացնող անձ.

ստեղծարար արդյունաբերություն՝ նոր գաղափարների, ստեղծագործական բովանդակության եւ նորարարությունների արտադրության, մշակութային արժեքների ստեղծման, մշակութային տարբեր արտադրանքների եւ ծառայությունների ձեւավորման, հանրայնացման, փոխանցման, իրացման, վերավաճառքի, բաշխման եւ սպառման համակարգ.».

3) իններորդ եւ տասներորդ պարբերությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգություն՝ անցյալում ստեղծված նյութական եւ ոչ նյութական մշակութային արժեքների ամբողջություն, որը համաշխարհային ժառանգության բաղկացուցիչ մաս է՝ անկախ սեփականության իրավունքից, անհատների ու համայնքների, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների համար ունի մշակութային, հոգեւոր, գեղագիտական, զգայական, գիտական, տնտեսական կարեւոր նշանակություն, հիմնարար գործոն է Հայաստանի Հանրապետության մշակութային բազմազանության խթանման եւ կայուն զարգացման համար.

Հայաստանի Հանրապետության մշակութային հարստություն՝ մշակութային արժեքների ամբողջություն (ներառյալ մշակութային ժառանգության օբյեկտները եւ ոչ նյութական մշակութային ժառանգությունը), որը հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ազգային փոքրամասնությունների եւ այլ էթնոմշակութային խմբերի համար ունի ազգային նշանակություն.»:

Հոդված 5. 4-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 4.
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԻՆՔՆԱԶԲԱՂ ԿԱՄ ԱՆԿԱԽ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»:

Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-1.3-րդ կետերով.

«1.1) խթանում է ստեղծարար արդյունաբերության ոլորտներում ձեռնարկատիրության զարգացումը, օժանդակում ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործող եւ մշակույթի ոլորտում աշխատող, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց, կազմակերպություններին.

1.2) խթանում է ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործողների եւ մշակույթի ոլորտի աշխատողների ցանցային ներգրավվածությունը, գաղափարների գեներացումը, նորարարական եւ ստեղծագործական գաղափարական թիմերի ձեւավորումը, մասնակցայնության ու համագործակցության մոտիվացումը.

1.3) նպաստում է մշակույթի ոլորտում հասարակության եւ տնտեսության զարգացմանն ուղղված համընթաց գործողությունների, ներդրումների, կապիտալի ու ռեսուրսների արդյունավետ օգտագործման մեխանիզմների ներդրմանը, կառավարմանը.»:

Հոդված 7. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.1-ին հոդվածով.

«Հոդված 18.1. Մշակույթի ոլորտի պետական ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատողները

1. Սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված մշակույթի ոլորտի պետական ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատողներն իրականացնում են տվյալ ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերին համապատասխան գործառույթներ՝ համաձայն տվյալ պաշտոնի նկարագրի եւ պայմանագրի:

2. Մշակույթի ոլորտի յուրաքանչյուր պետական կազմակերպության աշխատողի կարգավիճակը, աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց ներկայացվող պահանջները եւ օրինակելի նկարագիրը սահմանում է լիազորված պետական մարմինը:

3. Մշակույթի ոլորտի պետական ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատողների զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու նպատակով լիազորված պետական մարմնի սահմանած կարգով տվյալ կազմակերպությունը իրականացնում է ատեստավորում, եթե տվյալ ոլորտը կարգավորող օրենքով այլ բան սահմանված չէ: Ատեստավորման անցկացման պարբերականությունը, ժամկետները, արդյունքների բողոքարկման կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված յուրաքանչյուր ատեստավորման համար մշակույթի ոլորտի տվյալ կազմակերպությունը ձեւավորում է ատեստավորման հանձնաժողով՝ համաձայն լիազորված պետական մարմնի սահմանած կարգի:

5. Ատեստավորման հանձնաժողովը մշակույթի ոլորտի պետական ոչ առեւտրային կազմակերպության աշխատողի ատեստավորման արդյունքով կայացնում է որոշում՝ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին կամ չի համապատասխանում:

6. Ատեստավորման գործընթացում մշակույթի ոլորտի պետական ոչ առեւտրային կազմակերպության աշխատողի ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է դրույքաչափի փոփոխության եւ հավելավճարի (ելույթավճարի) սահմանման համար: Ատեստավորման արդյունքներով դրույքաչափերի փոփոխության եւ հավելավճարի (ելույթավճարի) սահմանման դեպքերը եւ չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Ատեստավորման հանձնաժողովի՝ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշման դեպքում մշակույթի ոլորտի պետական ոչ առեւտրային կազմակերպության աշխատողի նկատմամբ կիրառելի են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի՝ աշխատողի զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում աշխատանքային պայմանագիրը լուծելու կարգավորումները:»:

Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) ապահովում է պետական մշակութային քաղաքականության իրականացումը եւ հաստատում մշակույթի պահպանման, զարգացման եւ տարածման պետական ռազմավարական ծրագիրը.

2) մշակույթի պահպանման, հանրահռչակման եւ զարգացման նպատակով ստեղծում է մշակույթի զարգացման հիմնադրամ եւ հաստատում դրա կանոնադրությունը.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-11-րդ կետերով.

«6) սահմանում է մշակութային ոչ առեւտրային կազմակերպությունների՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմները.

7) հաստատում է մշակութային ոչ առեւտրային կազմակերպությունների՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների ֆինանսավորման կարգերը.

8) հաստատում է մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին եւ մրցանակաբաշխություններին մասնակցած եւ մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին, այդ թվում՝ ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործողներին դրամական խրախուսում տրամադրելու (վճարելու) կարգը եւ չափերը.

9) հաստատում է պետական մշակութային կազմակերպությունների աշխատողների (այդ թվում՝ ստեղծագործական) վերապատրաստման եւ ատեստավորման, դրա համապատասխան արդյունքի գրանցման դեպքում հավելավճարների (ելույթավճարների) տրամադրման, ինչպես նաեւ սակագնային ընդհանուր քաղաքականության սկզբունքների վերաբերյալ ուղենշային կարգերը.

10) հաստատում է ռազմական դրության ժամանակ եւ արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության առաջնահերթ տարահանման մշակութային արժեքների ցանկը.

11) սահմանում է պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում մշակութային ծրագրերի եւ նախաձեռնությունների համաֆինանսավորման սկզբունքները, կարգը եւ չափորոշիչները:»:

Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) 1-ին կետի «մշակույթի պահպանման, տարածման եւ զարգացման պետական ծրագրերի մշակմանը» բառերը փոխարինել «մշակույթի պահպանման, զարգացման եւ տարածման պետական ռազմավարական ծրագրերի մշակմանը» բառերով.

2) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչում շնորհելու առաջարկություններ.».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին կետով.

«9.1) մշակում է ռազմական դրության ժամանակ եւ արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության առաջնահերթ տարահանման մշակութային արժեքների ցանկը եւ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.».

4) 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում մշակութային ոչ առեւտրային կազմակերպություններին` թատերական, երաժշտական, պարարվեստի, թանգարանային, գրադարանային եւ արխիվային, «Համապետական», «Տարածքային» կամ «Տեղային» կարգավիճակ շնորհելու վերաբերյալ առաջարկություն:»:

Հոդված 10. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Մշակութային ոչ առեւտրային կազմակերպության գործունեությունը».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«Մշակութային ոչ առեւտրային կազմակերպությունը հաստատում է իր կողմից տրամադրվող ծառայությունների սակագները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:»:

Հոդված 12. Օրենքի 26.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 26.1. Մշակութային ոչ առեւտրային կազմակերպության կարգավիճակը

1. Մշակութային առանձին կազմակերպությունների՝ թատերական, երաժշտական, պարարվեստի, կինոարվեստի, թանգարանային, գրադարանային եւ արխիվային, որոնք համապետական եւ համազգային նշանակության բացառիկ գործունեություն են իրականացնում, կարող է շնորհվել «Համապետական» կարգավիճակ:

2. «Տարածքային» նշանակության կարգավիճակ շնորհվում է այն մշակութային կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են մարզի շրջանակում՝ բավարարելով մարզի բնակչության մշակութային պահանջմունքները:

3. «Տեղային» նշանակության կարգավիճակ շնորհվում է այն մշակութային կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են համայնքի շրջանակում՝ բավարարելով համայնքի բնակչության մշակութային պահանջմունքները:

4. Գործող եւ նոր ստեղծվող մշակութային կազմակերպություններին «Համապետական», «Տարածքային» կամ «Տեղային» կարգավիճակ շնորհելու, փոփոխելու եւ դադարեցնելու կարգը, նախապայմանները եւ չափանիշները հաստատում, ինչպես նաեւ համապատասխան կարգավիճակը շնորհում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ լիազորված պետական մարմնի առաջարկությամբ:»:

Հոդված 13. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 26.2-րդ հոդվածով.

«Հոդված 26.2. Մշակույթի զարգացման հիմնադրամի նպատակները եւ գործառույթները

1. Մշակույթի զարգացման հիմնադրամի նպատակներն են՝

1) օժանդակել մշակույթի կառավարման արդյունավետ գործիքակազմի ներդրմանը.

2) աջակցել պետական մշակութային կազմակերպությունների ֆինանսական ինքնավարության խթանմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը.

3) իրականացնել մշակութային եւ ստեղծարար ոլորտների զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրեր.

4) նպաստել հայկական մշակույթի միջազգայնացմանը:

2. Հիմնադրամն իրականացնում է պետական մշակութային ոչ առեւտրային կազմակերպությունների՝

1) մարկետինգային գործառույթները.

2) վարչատնտեսական գործընթացի կառավարումը, այդ թվում՝ հաշվապահական հաշվառումը, գնումների գործընթացը, ընթացիկ տեխնիկական սպասարկումը.

3) մշակույթի տվյալ ոլորտը կարգավորող օրենքներով սահմանված այլ գործառույթներ:

3. Հիմնադրամի գործառույթների իրականացման կարգը (ներառյալ պետական մարմինների հետ փոխգործակցության մեխանիզմները) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 14. Օրենքի 31-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 15. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ինն ամսվա ընթացքում:

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ստեղծված եւ գործող «Ազգային» կարգավիճակ ունեցող կազմակերպությունները պահպանում են իրենց կարգավիճակը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

14.02.2025
Երեւան
ՀՕ-22-Ն