ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-ին գլխով.
«ԳԼՈՒԽ 17.1
ԱՌԱՆՁԻՆ ԽՈՒՄԲ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 288.2. Սույն գլխի գործողության ոլորտը եւ սահմանափակումները
1. Սույն գլխով նախատեսված դրույթները տարածվում են մինչեւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-199-Ն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետությունում գրանցված ոչ առեւտրային կազմակերպության, այդ թվում՝ դրա իրավահաջորդ կազմակերպության հետեւյալ գույքի վրա.
1) հողամասի վրա, որի նկատմամբ իրավունքները «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-199-Ն օրենքի 23-րդ հոդվածի կամ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի ուժով փոխանցվել են այդ կազմակերպությանը.
2) շենքի կամ շինության վրա, այդ թվում` անավարտ, որը կառուցվել է մինչեւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-199-Ն օրենքն ուժի մեջ մտնելը պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա:
2. Առանձին խումբ անշարժ գույքի հետ կատարվող գործարքների նկատմամբ կիրառելի չէ սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ մասը:
3. Սույն գլխի դրույթները տարածվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքի միայն առաջին օտարման վրա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
Հոդված 288.3. Առանձին խումբ անշարժ գույքի օտարման պայմանները եւ կարգը
1. Առանձին խումբ անշարժ գույքի օտարման գործարքը կարող է կնքվել միայն տվյալ ոչ առեւտրային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի անդամների առնվազն 2/3-ի համաձայնությամբ, որը հավաստվում է նրանց` նոտարական կարգով վավերացված ստորագրություններով:
2. Առանձին խումբ անշարժ գույքի օտարման գործարքի կնքումից առնվազն երեք ամիս առաջ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ գործարքին համաձայնություն տալու մասին ակտի նախագիծը դրվում է հանրային քննարկման արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող նախարարության միջոցով:
3. Սույն հոդվածը տարածվում է նաեւ առանձին խումբ անշարժ գույքերի` այլ իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում ներդրման դեպքերի վրա:
Հոդված 288.4. Առանձին խումբ անշարժ գույքի հատուցելի օտարման կարգը
1. Առանձին խումբ անշարժ գույքը հատուցելի եղանակով կարող է օտարվել միայն բաց աճուրդով՝ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գույքն աճուրդի կարող է դրվել սույն օրենսգրքի 288.3-րդ հոդվածով նախատեսված պայմանների առկայության դեպքում:
2. Բաց աճուրդով օտարվելիս առանձին խումբ անշարժ գույքի վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել «Գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրված գնահատման հաշվետվությամբ սահմանված գնից, որը պետք է տրված լինի հրապարակային սակարկությունների մասին հրապարակային ծանուցում կատարելու օրվան նախորդող առավելագույնը մեկ տարի առաջ:
3. Աճուրդների կազմակերպման եւ իրականացման կարգը սահմանվում է սույն օրենսգրքով եւ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հոդված 288.5. Առանձին խումբ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անհատույց փոխանցման առանձնահատկությունները
1. Առանձին խումբ անշարժ գույքը սեփականության իրավունքով անհատույց կարող է փոխանցվել միայն ոչ առեւտրային կազմակերպություններին եւ համայնքներին՝ նվիրաբերության կարգով, իսկ պետությանը՝ նվիրատվության կարգով:
2. Առանձին խումբ անշարժ գույքը նվիրաբերության կարգով ոչ առեւտրային կազմակերպությանը փոխանցվելուց հետո տվյալ գույքի նկատմամբ շարունակվում են կիրառվել սույն գլխի կանոնները:
Հոդված 288.6. Առանձին խումբ անշարժ գույքի նկատմամբ այլ գույքային իրավունքների անհատույց փոխանցման առանձնահատկությունները
1. Առանձին խումբ անշարժ գույքի նկատմամբ այլ գույքային իրավունքներն անհատույց փոխանցելու վերաբերյալ գործարքը կարող է կնքվել միայն տվյալ ոչ առեւտրային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի անդամների առնվազն 2/3-ի համաձայնությամբ, որը հավաստվում է նրանց` նոտարական կարգով վավերացված ստորագրություններով:
2. Առանձին խումբ անշարժ գույքի նկատմամբ այլ գույքային իրավունքներն անհատույց փոխանցելու վերաբերյալ գործարքի կնքումից առնվազն երեք ամիս առաջ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ գործարքին համաձայնություն տալու մասին ակտի նախագիծը դրվում է հանրային քննարկման արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող նախարարության միջոցով:
Հոդված 288.7. Առանձին խումբ անշարժ գույքի գրավադրման առանձնահատկությունները
1. Առանձին խումբ անշարժ գույքի գրավի պայմանագրով գրավառու կարող է հանդես գալ միայն պետությունը, համայնքը կամ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված իրավաբանական անձը:
2. Առանձին խումբ անշարժ գույքի գրավադրման գործարքը կարող է կնքվել միայն տվյալ ոչ առեւտրային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի անդամների առնվազն 2/3-ի համաձայնությամբ, որը հավաստվում է նրանց` նոտարական կարգով վավերացված ստորագրություններով:
Հոդված 288.8. Առանձին խումբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման կանոնները չպահպանելու հետեւանքները
1. Սույն գլխով սահմանված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման կանոնները չպահպանելը հանգեցնում է իրավունքների փոխանցման գործարքի անվավերության: Նման գործարքն առ ոչինչ է:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
26.03.2025
Երեւան
ՀՕ-53-Ն