Armenian      
Սննդամթերքի անվտանգության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.04.2025
Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի   14-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«14) սննդամթերքի հիգիենային, ինչպես նաեւ սննդամթերքի առանձին տեսակների հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջների հաստատումը.»:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.

«8.1. Վտանգի վերլուծության եւ հսկման կրիտիկական կետերի սկզբունքների հիման վրա համակարգի ներդրման ուղեցույցները հաստատվում են սննդամթերքի եւ կերի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի ոլորտներում Կառավարության քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի իրավական ակտով:»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) 15-րդ եւ 16-րդ կետերը  «ամսաթիվը» բառից հետո լրացնել «եւ տեղեկատվություն կենդանու բուծման երկրի մասին» բառերով.

2) 17-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«17)  սպանդից  գոյացած  մթերքի  վերամշակման  դեպքում կիսապատրաստվածքի եւ մսամթերքի մեջ նաեւ մսի տեղական արտադրության կամ կենդանու բուծման երկրի, սպանդանոցային ծագման եւ (կամ) ներմուծված լինելու մասին տեղեկատվությունը՝ բաղադրության մեջ տեղական արտադրության կամ ներմուծված մսի համամասնությամբ:»:

Հոդված  4.   Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) ներդրված ՎՎՀԿԿ համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն եւ հաստատված պլանը՝ սննդամթերքի արտադրություն իրականացնող եւ հանրային սննդի ծառայություն մատուցող սննդի շղթայի օպերատորների դեպքում:»:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երկու ամիս հետո:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ եռամսյա ժամկետում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

13.05.2025
Երեւան
ՀՕ-98-Ն