Armenian      
Դատական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.10.2025

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Դատավորին եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաեւ դատավորի եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե քվեարկության արդյունքով որեւէ որոշման օգտին բավարար քանակի ձայների բացակայության պատճառով Բարձրագույն դատական խորհուրդը որոշում չի ընդունում, ապա համապատասխան միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը համարվում է ընդունված, իսկ որոշումը կազմում եւ ստորագրում են Բարձրագույն դատական խորհրդի այն անդամները, որոնք քվեարկել են միջնորդությունը մերժելու օգտին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

10.11.2025
Երեւան
ՀՕ-335-Ն